12 Դեկտեմբերի 2018թ. 12:31

ՏՏ ոլորտը՝ նորարարության կղզի կոռումպացված Հայաստանում. Eurasianet

Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտը երկար ժամանակ եղել է նորարարության կղզի լճացած եւ կոռումպացված տնտեսության մեջ. ոլորտի աշխատողները նաեւ մեծ դեր են խաղացել բողոքի ցույցերում, որոնք այս գարնանը տապալեցին Սերժ Սարգսյանին եւ նրան փոխարինեցին երիտասարդ նորարար Նիկոլ Փաշինյանով: Այս մասին ասվում է Eurasianet կայքի լրագրող Բրեդլի Ժարդինի հոդվածում:

Այժմ, երբ նոր կառավարությունն ավելի բաց է տեխնոլոգիաների հանդեպ, Հայաստանի ՏՏ ոլորտը մեծ ակնկալիքներ ունի: Փաշինյանն իր հերթին ՏՏ ոլորտը դիտարկում է որպես կարեւորագույն գործոն Հայաստանի քաղաքականությունը վերաձեւավորելու հարցում: Նա հուլիսին ամերիկյան Synopsys ընկերության հայաստանյան գրասենյակի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ նույնիսկ կատակել է, որ Հայաստանում սոցիալական վիճակը բարելավելու երկու ճանապարհ կա՝ կոռուպցիա եւ բարձր տեխնոլոգիաներ, ուստի իր գործունեությունը կապված է հենց դրանց հետ:

Հոդվածում նշվում է, որ 2008 թվականի 96 միլիոն դոլարի համեմատ՝ 2017 թվականին ՏՏ ոլորտն ապահովել է 765 միլիոն դոլարի շրջանառություն՝ կազմելով Հայաստանի ՀՆԱ-ի 6.5%-ը եւ դառնալով երկրի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղը՝ համաձայն Երեւանում գործող «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի տվյալների: Նախորդ տարի ՏՏ ոլորտը կազմել է Հայաստանի ընդհանուր արտահանման 15%-ը:

Ոլորտի առաջատարներն ամերիկյան հսկաներ Սինոփսիս, «Նեյշնլ Ինսթրումենթս», «Mentor Graphics» եւ «VMware» կազմակերպություններն են, չնայած տեղի տաղանդները նույնպես մեծ արժեք ունեն. «PicsArt» ընկերությունն այժմ Հայաստանում 350 աշխատող ունի եւ ամսական ավելի քան 90 մլն ակտիվ օգտատեր: 2015 թվականին Forbes-ը «PicsArt»-ը գրանցել է 50 ամենաթեժ սթարթափերի ցուցակում:

Հեղինակը գրում է, որ Հայաստանի համար ոլորտը նորություն չէ: Մինչեւ 1990 թվականը Հայաստանում արտադրվում էր Սովետական բանակի օգտագործած համակարգիչների շուրջ 40%-ը: Սակայն ԽՍՀՄ փլուզման հետ նաեւ ՏՏ ոլորտը քանդվեց` ստիպելով բարձր որակավորված մասնագետներին արտագաղթել: Սակայն 2008 թվականից ոլորտը վերածնվեց. առաջինը Հայաստանում ներդրում արեց Microsoft ընկերությունը՝ 2001 թվականին՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության եւ Հայաստանի «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի հետ մեկտեղ բացելով Microsoft ինովացիոն կենտրոնը:

Այժմ Երեւանում կան նմանատիպ 9 կենտրոններ, որոնք զբաղվում են ուսանողների ու ՏՏ մասնագետների վերապատրաստմամբ: Նաեւ նմանատիպ նախագծեր կան Գյումրիում եւ Վանաձորում:

Ոլորտի վերածննդի գործում մեծ դեր է ունեցել նաեւ հայկական սփյուռքը. այնտեղի հայերը ներդրումներ են կատարել տեխնոլոգիաների ոլորտում: Արդյունքում Երեւանում ՏՏ մասնագետը կարող է վաստակել ամսական միջինը 1.500 դոլար, ինչը 5 անգամ ավելի է միջին աշխատավարձից: Սա, իհարկե, շահավետ է ԱՄՆ-ի համար, որտեղ սկսնակ ծրագրավորողը միջինում վաստակում է 4.300 դոլար:

Հեղինակը նշում է, որ սրա հետ մեկտեղ՝ ոլորտում մասնագետների պակաս կա: Տարեկան 1.700 նոր աշխատատեղերի դիմաց համալսարանները պատրաստում են 2.000 կադրեր, որոնց միայն կեսը կարող է աշխատաշուկայում մրցունակ լինել առանց վերապատրաստման:

Նշվում է, որ նոր կառավարության հիմնական ռազմավարությունը ներառում է հակակոռուպցիոն քարոզարշավ, որն արտաքին ներդրողներին ցույց կտա, որ Հայաստանն այժմ ապահով է իրենց ներդրումների համար:

Աղբյուրը՝ NEWS.am