18 Դեկտեմբերի 2018թ. 22:50

Գագիկ Մակարյան. Շինարարական աշխատանքները վերսկսվել են

Երիատասարդ մասնագետների համար սոցիալական ծրագրով նախատեսված աշխատանքները` Արմենակյան 125/4 հասցեում երեկ վերսկսվել են: Այս մասին BUH.AM կայքին հայտնեց կառուցապատող ընկերության գործադիր մարմնի կառավարումն իրականացնող կազմակերպության խորհրդի նախագահ, Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը.

Շինարարական աշխատանքները վերսկսվել են: Դատարանի արգելանքը հանված է:

-Երկու տարի շինարարությունը դադարեցված էր, քանի որ շենքի հիմնակմաղքը կառուցած կապալառու կազմակերպության միջնորդությամբ, դատարանը կիրառվել էր հայցի ապահովում, որով արգելվել էր կառուցապատողին իրականացնել որևէ աշխատանք, որը կփոխեր կապալառուի կողմից կատարված աշխատանքների ծավալը և որակը: Խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ կապալառու կազմակերպության տնօրեն Գագիկ Գալստյանը նշանակվել էր ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր: Օգտագործելով իր լծակները, նա իրականացրել և շարունակում է իրականացնել նպատակաուղղված գործողություններ, նպատակ ունենալով կազմալուծել ծրագիրը և տիրանալ երիտասարդների համար կառուցվող շենքին: Մասնավորապես կառուցապատողին մինչ օրս չի տրամադրում կատարողական ակտ, որտեղ տնօրեն-ռեկտոր Գալստյանը ստիպված պիտի լինի հիմնավորել իր կատարած աշխատանքների դիմաց ակնկալվող գինը:

-Հարկ եմ համարում նշել, որ կառուցվող շենքից թվով 13 բնակարան նախատեսված են նույն համալսարանի երիտասարդ աշխատակիցների համար,-ասել է Գագիկ Մակարյանը և հավաստիացրել, որ միշտ կանգնած են լինելու շահառուների կողքին և պաշտպանելու են նրանց իրավունքները: Երկարատև պայքարի արդյունքում, մեզ հաջողվեց առաջ գնալ արհեստականորեն ձգձված այս գործում: Դատարանի որոշմամբ արգելանքը հանված է, փոխվել է կապալառու կազմակերպությունը և շինարարությունը վերսկսվել է: Ասեմ նաև, որ կառուցապատողը այս ծրագրից շահույթ ստանալուց հրաժարվել է և շահառուներին բնակարանները կհանձնի ինքնարժեքով: Ծրագրի ավարտից հետո, կառուցապատող կազմակերպությունը կլուծարվի, քանի որ այլ գործունեություն 4 տարի է այլևս չի իրականացնում և ապագայում նույնպես չի պատրաստվում իրականացնել:

Գագիկ Մակարյանը նշել է նաև, որ այս ծրագրի հետագա ընթացքի և մի շարք այլ հարցերով պատրաստվում է դիմել ճարտարապետության և շինարարության համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամներին: