18 Դեկտեմբերի 2018թ. 22:49

Կրթության հին մոտեցումներին արդյունաբերական հասարակությանը բնորոշ որոշում է․ Սերոբ Խաչատրյան

Ուսումնական տարին ավարտական դասարանների դպրոցականների համար սկսվել է անորոշություններով․ ուսումնական տարվա ավարտին հիմնական և ավագ դպրոցի շրջանավարտները դպրոցական քննությունները կհանձնեն կենտրոնացված սկզբունքով՝ ոչ իրենց դպրոցում և ոչ իրենց ուսուցիչների վերահսկողությամբ։ Թե որ առարկաներից կենտրոնացված քննություն կկազմակերպվի` դեռևս հայտնի չէ։ ԿԳ նախարարը հայտարարել է, որ առաջիկա տարվա ընթացքում 1-2 առարկաների քննությունն այդ սկզբունքով պետք է կազմակերպվի։

Նախարարի հայտարարությունը խուճապային տրամադրություններ է ստեղծել դեռ ուսումնական տարվա մեկնարկից առաջ։ Ավագ դպրոցների ներկայացուցիչների հետ զրույցները վկայում են, որ շատ աշակերտներ նախընտրել են քոլեջ գնալ, երբ տեղեկացել են կենտրոնացված քննությունների հեռանկարի մասին։ Պատճառաբանությունը մեկն է՝ քոլեջի ավարտական քննությունների ժամանակ տհաճ անակնկալներ չեն ունենա։

ԿԳ նախարարը, արձագանքելով դպրոցներից հնչած դժգոհությանը, հայտարարել է․ «Ինձ համար շատ զարմանալի էր, որ հատկապես բուռն արձագանքեցին որոշ այսպես կոչված «պրեստիժնի» դպրոցները և «պրեստիժնի» ուսուցիչները, որովհետև սրա արդյունքում իրենց կարգավիճակի հետ կապված որոշ միֆեր կարող են քանդվել: Իսկ ի՞նչ ենք ասել մենք՝ ավարտական քննությունները միասնական ձևով անցկացնելու հետ կապված: Ասել ենք՝ սիրելի՛ աշակերտ, դու այլևս քո քննությունը հանձնելու ես ոչ թե քո դպրոցի սենյակում, այլ այսպիսի մի դահլիճում, որտեղ քեզ չեն օգնելու քո դպրոցի ուսուցիչները: Մենք ուրիշ որևէ բան չենք փոխել, որևէ բարդ բան նրան չենք առաջադրել»:

ԶԼՄ-ների հետ զրույցում նախարարը նաև նշել է, որ տեղյակ է՝ կենտրոնացված քննությունների դեպքում շրջանավարտների առնվազն 50 տոկոսը կարող է ստանալ անբավարար գնահատական: «Բայց մենք այլընտրանք չունենք, ուշ թե շուտ այս համակարգին պետք է անցնենք»,- ասել է ԿԳ նախարարը:

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կենտրոնացված քննությունների սկզբունքին անցնելը կրթության հին մոտեցումներին, արդյունաբերական հասարակությանը բնորոշ որոշում է համարում։ Նրա խոսքով՝ ներկայում ողջ աշխարհում փոխվում է քննությունների հանդեպ վերաբերմունքը, շատ հաստատություններ հրաժարվում են քննություններից, թեստերով հիշողությունը ստուգելուց։

Խաչատրյանի կարծիքով՝ եթե կենտրոնացված քննությունների համակարգին ենք անցնում, ապա նախքան այդ անհրաժեշտ է փոփոխել կրթական ծրագրերը, դասագրքերը, չափորոշիչները, քննական առաջադրանքները։ «Քննական ներկայիս առաջադրանքների որակը շատ ցածր է։ Նույնիսկ չարժի դրանց վրա ժամանակ ու գումար ծախսել՝ դրանցով կրթության որակ չափելու համար»,- ասում է Խաչատրյանը։

«Եթե ոչ մի բան չես փոխում, բայց ինչոր արդյունք ես ուզում չափել, որն ինքնին այնքան էլ օգտակար արդյունք չէ, կարծում եմ՝ այդ պարագայում ընդամենն անիմաստ վերահսկողություն ենք հաստատում մի պրոցեսի վրա, որը մեզ ոչինչ չի տա»,- ասում է կրթության փորձագետը և հավելում, որ առանց կենտրոնացված քննությունների էլ իրական պատկերը գիտենք: ԳԹԿ հետազոտությունների համաձայն՝ ուսուցիչների նշանակած թվանշանի և աշակերտի իրական գիտելիքների միջև 2-3 միավորի տարբերություն կա։

Հարցին, թե այդ պարագայում որն է նման որոշման իմաստը, կրթության փորձագետը նշում է․ «Տրամաբանությունն այն է, որ կանենք, արդյունքները կստանանք և այն տնօրենները և ուսուցիչները, որոնք վատ արդյունք կտան, պատասխանատվության կենթարկվեն»։

Հայտնի է, սակայն, որ աշակերտի գնահատականի միակ պատասխանատուն ուսուցիչն ու տնօրենը չեն։ Ուսումնական գործընթացի վրա բազմաթիվ գործոններ են ազդում։ Ուստի, Խաչատրյանի կարծիքով, տեղի ունեցողը մասնագիտական լեզվով կոչվում է ռեդուկցիոնիզմ, երբ բազմագործոն երևույթի պարագայում բոլոր գործոնների դերը զրոյացվում է և պատասխանատվության բեռը դրվում է միայն մեկի վրա։

«Այսինքն՝ մի կողմ ենք դնում երեխայի բնատուր ընդունակությունը, առողջական վիճակը, ընտանեկան վիճակը, դպրոցի վիճակը, կրթության կառավարման մակարդակը Հայաստանում, դասագրքերը, ուսումնական պլանը և մի շարք այլ գործոններ։ Մի 15-20 գործոններից բոլորը մի կողմ ենք դնում և ասում՝ տնօրեն և ուսուցիչ, պատասխան տվեք»,- ասում է Խաչատրյանը՝ այդ մոտեցումը մերժելի համարելով։ Նա հիշեցնում է, որ կրթությունն այնքան էլ պարզ բան չէ, և սովորեցնելուն անմիջապես սովորելը չի հաջորդում, բազմաթիվ գործոններ կարող են խանգարել երեխայի սովորելուն։

Խաչատրյանի ասածը փաստում են նաև մանկավարժները։ Նրանք կարևորում են հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների կրթության խնդիրը՝ նշելով, որ առանց պետության պատշաճ աջակցության, միայն ուսուցչի ջանքերով խնդիրը չի լուծվի։ Նման ընտանիքների երեխաները հաճախ չեն կարողանում կանոնավոր դասի հաճախել, քանի որ ստիպված են օգնել ծնողներին ապրուստ վաստակելու հարցում կամ խնամել հիվանդ կամ հաշմանդամ ծնողին, իսկ դպրոց հաճախելիս էլ արդեն այնքան հոգնած են լինում, որ ուշադրությունը դասերի վրա կենտրոնացնել չեն կարողանում։

Անդրադառնալով ներկա իրավիճակում կենտրոնացված քննությունների անցնելու հնարավոր հետևանքներին՝ Խաչատրյանն ասում է, որ այդպիսով պարզապես կզարգանա կրկնուսույցների բիզնեսը։ Անգամ ֆինանսական սուղ հնարավորություններ ունեցող ընտանիքներն իրենց երեխաներին կուղարկեն քննական առարկաները կրկնուսույցի մոտ պարապելու, որ բարձր արդյունք ցուցաբերեն։

«Այն առարկաները, որոնցից կլինեն կենտրոնացված քննություններ, կստանան գերիշխանություն մյուս առարկաների հանդեպ։ Այսինքն՝ մնացած առարկաները դպրոցն ու երեխան կանտեսեն։ Դա հիմա էլ կա, բայց առարկաների միջև խտրականությունն ավելի կսրվի»,- ասում է նա։

Խաչատրյանի կարծիքով՝ կենտրոնացված քննությունների պարագայում ինչ-որ փուլում էլի ստիպված ծածկադմփոց է արվելու։ «Ենթադրենք՝ քննությունն անցկացրեցին և 30 տոկոսը ստացավ անբավարար։ Ուրեմն 1-2 ամսից պետք է վերաքննություն արվի։ Ի՞նչ եք կարծում, եթե երեխայի արդյունքը 20 —բալանոց համակարգով 2-3 միավոր է, կարո՞ղ է իր արդյունքը երկու ամսում հասցնել 8 միավորի, որ դրական լինի գնահատականը։ Չի կարող։ Հետևաբար երկրորդ փուլում կսկսենք աչք փակել։ Հազար ու մի խնդիր կա։ Օրինակ՝ տղաներին պետք է թվանշան նշանակել, որ կարողանան ավարտել ու բանակ գնալ։ Իսկ փորձենք մինչև վերջ գնալ ու երեխային թողնենք նույն դասարանում, այդ դեպքում բյուջեից լրացուցիչ փող պետք է հատկացվի այդ երեխայի կրթության համար։ Այսինքն՝ երկտարեցիների թիվը կավելանա, կրթության ծախսերն էլ՝ հետը։ Չեմ կարծում, որ երկտարեցիությունը ընդհանուր առմամբ օգտակար է»,- ասում է Խաչատրյանը։

Իսկ ահա կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը «Անկախի» հետ զրույցում հրաժարվեց մեկնաբանել նախարարի հայտարարությունը։ Նրա խոսքով՝ դեռևս անհասկանալի կետեր կան, որոնք նախարարը պետք է հստակեցնի։ Դրանից հետո միայն կկարողանա մեկնաբանել կենտրոնացված քննություններին անցնելը։ Նշենք, որ ավելի վաղ Բախշյանը ողջունել էր նախաձեռնությունը։

Հայկուհի Բարսեղյան

Աղբյուրը` ankakh.com