12 Դեկտեմբերի 2018թ. 12:00

Ստեփանակերտում մեկնարկել է միջազգային երիտասարդական գիտաժողովը

Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորման (ԱԵԳՄՄ) նախաձեռնությամբ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության, Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ), Ստեփանակերտի «Մեսրոպ Մաշտոց» համալսարանի, «Վալլեքս գարդեն հոթել» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունների աջակցությամբ «Վալլեքս գարդեն հոթել»-ի նիստերի դահլիճում այսօր մեկնարկել է «Հայոց պետականության անցյալը, ներկան ու ապագան» խորագրով միջազգային երիտասարդական 3-րդ գիտաժողովը:

Գիտաժողովին  բացման  խոսքով  հանդես   է   եկել    «Արցախի երիտասարդ գիտնականների և մասնագետների միավորում» ՀԿ հիմնադիր, գիտաժողովի  կազմկոմիտեի   նախագահ   Ավետիք  Հարությունյանը:
Նա   ասել է, որ 2018  թվականը   Արցախի  և  Մայր  Հայաստանի  համար հոբելյանական  է.  նշվում  է     Հայաստանի    Առաջին  Հանրապետության   100, Արցախյան  շարժման  30 և «էրեբունի-Երևան»-ի   հիմնադրման  2800-ամյակը: Հատկանշական  է նաև, որ  օգոստոսի   11-ին  լրացել  է  Հայոց  ձոր   գավառում   բռնակալ  Բելի  նկատմամբ  Հայկ   Նահապետի  տարած    հաղթանակի   4510-ամյակը:
«Ստեփանակերտում  արդեն     միջագային  երիտասարդական  3-րդ  գիտաժողովի   կազմակերպմամբ՝  նպատակ  ունենք  գիտականորեն    վերլուծել  և  ներկայացնել    հայոց  պետականության,  հատկապես  վերջին  հարյուրամյակի  ընթացքում  արձանագրված  հիմնախնդիրները, ունեցած   ձեռքբերումները  և  այն  անելիքների   շրջանակը, որոնք  կնպաստեն   հայոց  պետականության  պահպանմանը,  զարգացմանն  ու   հզորացմանը:   Գիտաժողովը  նպատակ  ունի    նաև  բացահայտելու  երիտասարդների  գիտական  ներուժը: Գիտաժողովին  մասնակցելու  հայտ  են  ներկայացրել    աշխարհի   7   երկրներից  105  գիտնականներ   ու  տարբեր  ոլորտի   մասնագետներ, այդ   թվում՝  պրոֆեսորներ Գերմանիայից, Լեհաստանից, Ռուսաստանի  Դաշնությունից, Հայաստանից  և  Արցախից, ինչպես  նաև   մասնակիցներ    ԱՄՆ-ից  և   Բելառուսից: Լիահույս  եմ, որ   աստիճանաբար      Արցախը  կդառնա  արդիական  գիտական  հիմնախնդիրների  քննարկման  տարածաշրջանային  և  միջազգային  կենտրոն»,-ավելացրել  է  Ա.  Հարությունյանը  և   հավելել, որ գիտաժողովի    աշխատանքները   տպագրվելու  են     իրենց   հիմնադրած   «Գիտական  Արցախ»  տարեգրքում:
Ըստ    գիտաժողովի  կազմկոմիտեի  նախագահի՝  տարիների  ընթացքում   շուրջ  250   մասնակիցների   միջև   կապի  հաստատումը, նրանց  գիտական  ներուժի օգտագործումը  դարձել  է  Արցախի   երիտասարդ  գիտնականների  և  մասնագետների միավորման  հաջողությունների  գրավական: ԱՀ  կրթության,  գիտության  և    սպրտի  նախարար  Նարինե  Աղաբալյանն  ԱՀ  իշխանությունների  անունից  ողջունել  է  գիտաժողովի  մասնակիցներին: Ըստ    նախարարի՝   գիտաժողովն  առիթ  է, որպեսզի    աշխարհի  տարբեր  երկրներից  հավաքված գիտնականները     կարողանան  մտքեր  փոխանակեն,   կառուցողական  քննարկումներ   ծավալեն   ոչ   միայն    ներհայկական   այլև  աշխարհաքաղաքական  խնդիրների  շուրջ:
«Իր   հազարամյա  պատմության  ընթացքում ազգային-ազատագրական   պայքարը   միշտ  ուղեկցել  է  հայ  ժողովրդին:  Այս  գիտաժողովը    լավ  առիթ  է   այդ  պատմական անցյալի   իրադարձությունները  գիտականորեն   գնահատելու:  Արցախյան   շարժումը, որ   մեր  ազգային-ազատագրական     կարևոր  փուլն  է, ոչ   միայն  կանխորոշել  է  արցախահայության     ճակատագիրը,    այլև  ազդարարել է  խորհրդային   ռեժիմի    փլուզման  սկիզբը  և  աշխարհակարգի  փոփոխությունը: Հայ  ժողովրդի՝    մեկ   դար  առաջ    սկիզբ  առած   պայքարի  նպատակը    եղել   է  Հայոց  պետականության     վերստեղծումը. այն       պսակվել   է  հաղթանակով  և    հայկական   2  պետությունների  հռչակմամաբ: Այսօրվա  կարևոր   մարտահրավերներից  է   պետականության   պահպանումը, որը   վստահեցված  է    երիտասարդությանը»,-մասնավորապես   ասել է  Ն.  Աղաբալյանը:
 ՀՀ  սպորտի  և  երիտասարդության    հարցերի  նախարար Լևոն   Վահրադյանի   և   Երևանի  պետական   համալսարանի  ռեկտոր  Արամ  Սիմոնյանի  շնորհավորական  ուղերձները    գիտաժողովին  ներկայացրել  են   համապատասխան  կառույցների   պատասխանատուները:
Լիագումար նիստից հետո գիտաժողովի աշխատանքները   շարունակվում   են  իրավագիտության, քաղաքագիտության, պատմության, տնտեսագիտության, լրագրության, գրականագիտության, մանկավարժության  և   հոգեբանության  բաժանմունքներում:
Գիտաժողովի  բացմանը  ներկա  էին   ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը,  ԱՀ  Ազգային  ժողովի  փոխնախագահ    Վահրամ  Բալայանը  և   այլք:
Աղբյուրը` artsakhpress