12 Դեկտեմբերի 2018թ. 12:16

Այսօր գյուղատնտեսության աշխատողի օրն է…

Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանի շնորհավորական ուղերձը գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ. Սիրելի գործընկերներ, հարգելի հայրենակիցներՀերթական անգամ մենք նշում ենք մեր մասնագիտական տոնը՝ գյուղատնտեսության աշխատողի օրը: Այն լավագույն առիթն է՝ հարգանքի տուրք մատուցելու մեր ոլորտում ներգրավված այն երախտավորներին, ում շնորհիվ Արցախի տնտեսության մեջ տարեցտարի ավելի մեծ կշիռ և նշանակություն է ստանում գյուղատնտեսության ոլորտը: Եվ դրանում, անշուշտ, անգնահատելի է գյուղատնտեսության աշխատողի դերը:

Սիրելի գործընկերներ: Բոլոր ժամանակներում էլ մեր ժողովուրդն առանձնահատուկ հարգանք է տածել հողի մշակի, գյուղատնտեսությամբ զբաղվողի նկատմամբ: Դուք անչափելի ներդրում եք ունեցել և ունեք՝ մեր երկրի պարենային անվտանգության ապահովման կարևորագույն գործում:
Մեր երկրի ղեկավարությունը շատ բարձր է գնահատում ձեր աշխատանքը: Գյուղատնտեսության բնագավառի զարգացման համար ոչինչ չի խնայվում, ինչի վառ ապացույցը ժամանակին համահունչ նորագույն տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ հետևողական աշխատանքն է, որի շնորհիվ Արցախի իշխանությունները հետամուտ են ավելի արդյունավետ դարձնել ձեր շնորհակալ աշխատանքը: Մենք արդեն ուղղորդվում ենք գյուղատնտեսության զարգացման նոր հայեցակարգով, որը նույնպես միտված է նպաստելու գյուղոլորտի զարգացմանը:
Այս ամենի և ձեր անմնացորդ նվիրման շնորհիվ, մենք, վստահ եմ, կարձանագրենք ավելի բարձր ցուցանիշներ, ինչով և մեր ներդրումը կունենանք մեր ընդհանուր գործին՝ Արցախի Հանրապետության համակողմանի զարգացմանն ու հզորացմանը, ինչին են միտված նաև մանկավարժի, շինարարի ու հայրենիքի սահմանները պաշտպանող զինվորի գործը:
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ գյուղատնտեսության աշխատողի օրվա կապակցությամբ: Մաղթում եմ ամենայն բարիք, խաղաղ երկինք, ընտանեկան անդորր և բավականություն աշխատանքից՝ ի փառաս Արցախ աշխարհի:

Աղբյուրը` ԱՀ գյուղատնտեսության նախարարություն