18 Դեկտեմբերի 2018թ. 23:15

Գագիկ Մակարյան․ Ոչ ոք չի տարանջատում փոքր և միջին բիզնեսի խնդիրները

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նվազագույն կենսաթոշակը 16 000–ից 25 000 դարձնելը ոչ թե նվազագույն բազային շեմը բարձրացնելուն է վերաբերում, այլ բոլոր նրանց, ովքեր նշված գումարից քիչ կենսաթոշակ են ստանում: Այսինքն, նրանք, ովքեր մինչ այս ստանում էին, օրինակ, 24 000 դրամ, նրանց կենսաթոշակը կբարձրանա 1000 դրամով, իսկ 16 000 ստացողինը՝ մոտ 9000 դրամով: Ըստ էության աշխատանքային ստաժ ունեցողների և չունեցողների միջև, կարելի է ասել, հավասարության նշան է դրվում: Ավելին, աշխատանքային ստաժ չունեցողները, փաստորեն, ավելի շահեկան վիճակում են հայտնվում, քանի որ ժամանակին հարկեր չեն վճարել պետությանը, բայց իրավունք են ստանում նույնքան գումար ստանալ պետությունից:

Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանի կարծիքով, նվազագույն կենսաթոշակի չափը բարձրացնելը հստակ նպատակ է հետապնդում: Այն ուղղված է 30 % աղքատության նվազմանը, ինչը տարիներ շարունակ չի փոխվել:

«Եթե նվազագույն կենսաթոշակի չափը համեմատում ենք պարենային զամբյուղի հետ, ապա տեսնում ենք, որ դրանք իրարից բավականին հեռու թվեր են: Եվ եթե այսօր նվազագույն պարենային զամբյուղը հաշվարկվում է 32 հազար դրամ, ապա ստացվում է, որ կենսաթոշակը դրա 50 %–ն է կազմում: Նվազագույն կենսաթոշակը 25 000 դրամ սահմանելով՝ որոշակի չափով կրճատվում է այդ տարբերությունը: Եվ չի բացառվում, որ այս պահին իշխանությունները աղքատության նվազմանն ուղղված քայլն են հիմք ընդունում»,– ասաց Գ. Մակարյանը:

Ընդհանուր աղքատների թիվը 270 հազար է, որից 20 հազարն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ասում է Մակարյանը: Եվ չի բացառվում, որ պետական տեսանկյունից փորձ է արվում ամենախոցելի համարվող խնդիրը լուծել, քանի որ տարիներ շարունակ հարցը լուծելու համար տարբեր ծրագրեր իրականացնելու համար հսկայական գումարներ են վատնվել, սակայն իրավիճակն ամենևին էլ չի փոխվել: Հետևաբար ներկայիս իշխանությունները որպես առաջնային քայլ փորձում են ծայրահեղ աղքատության մեջ գտնվողների խնդիրները մեղմել: Գ. Մակարյանը չբացառեց նաև, որ հաջորդ քայլով արդեն գուցե վերանայվեն ստաժի հաշվարկման մեխանիզմները, որպեսզի աշխատածների և չաշխատածների իրավունքների խախտում չլինի:

«Ես մշտապես ասել եմ, որ տնտեսական ու սոցիալական խնդիրները պետք է համատեղ լուծվեն: Սակայն որոշ դեպքերում դժվար է լինում, քանի որ մենք այսօրվա դրությամբ ծանր բեռ ունենք մեր պոչից կախված: Դա գործազրկությունն ու աղքատությունն է: Իմ կարծիքով, որոշ ժամանակ հետո կառավարությունը ստաժի հարցին էլ կանդրադառնա: Եվ չնայած սպառողական զամբյուղը գնաճի պայմաններում որոշակի փոփոխության է ենթարկվել, սակայն որքան էլ այն լինի, որոշակի ցուցանիշ է, որը զգոնության մեջ է պահում բոլորին, ինչպես նաև օգտագործվում է համեմատական վերլուծություններ իրականացնելիս»,– ասաց Գ. Մակարյանը:

Ինչ վերաբերում է նվազագույն սպառողական զամբյուղի հաշվարկմանը, ապա, ըստ նրա, այստեղ կարևոր է հաշվի առնել նաև զամբյուղի բովանդակությունը: Հիմնականում այն հաշվարկվում է որպես մարդու կենսապահովման համար անհրաժեշտ նվազագույն պահանջի բավարարման հնարավորություն, որ, ըստ Մակարյանի, ներկայում գրեթե 90 % –ով մոտ է իրականությանը: Ու եթե այն կազմում է մոտ 32 000 դրամ, ապա հարց է ծագում, թե արդյո՞ք դա չի նշանակում, որ կենսաթոշակի նվազագույն շեմը 25 000 դրամ դարձնելու պարագայում կրկին չենք կարողանում լուծել աղքատության կրճատման հարցը: Մակարյանը, համաձայնելով դիտարկմանը, հույս հայտնեց, որ, ամենայն հավանականությամբ, նոր կառավարությունը դեռ չի հասցրել բոլոր հարցերը համակողմանի վերլուծել, ինչը նույնպես խնդիր է:

«Պետական մարմինները, որոնք պատասխանատու են այդ ծրագրերի մշակման և իրականացման համար, արդեն հինգերորդ տարին է՝ չեն կարողանում աղքատության նվազեցման հարցը լուծել, որովհետև իրար հետ չեն համագործակցում: Ավելին՝ մեկը մյուսի վրա է հարցը գցում: Եթե խոսում են մակրոտնտեսական քաղաքականության զբաղվածության տեսանկյունից, ապա հիմնականում բեռը մնում է մի նախարարության վրա, մինչդեռ առնվազն 5–6 նախարարություն պետք է իրար հետ ներդաշնակ աշխատի, որպեսզի հնարավոր լինի այս և նման այլ գլոբալ խնդիրները լուծել: Հարկավոր է հարթակներ ստեղծել, համապատասխան նախարարություններից հանձնաժողովներ ձևավորել և հարցերը համակողմանի ուսումնասիրել: Խելամիտ քայլեր իրականացնելու համար հարկավոր  է ճիշտ, գրագետ և համակողմանի վերլուծություններ իրականացնել, աշխատանքային պլաններ կազմել և դրանով առաջ շարժվել: Ոչ ոք չի տարանջատում նաև փոքր և միջին բիզնեսի ու մյուսների խնդիրները, նրանց դերը գլոբալ ծրագրերի իրականացման մեջ և այդ համատեքստում ինչպիսին պետք է լինի ընդհանրապես գլոբալ քաղաքականությունը, դա էլ պարզ չէ: Սրանք հարցեր են, որոնց լուծումից երկրում շատ բան կփոխվի և չի կարելի անվերջ ականջի հետև գցել ու չտեսնելու տալ: Հակառակ դեպքում բարեփոխումները որևէ տեսանելի արդյունքի չեն հանգեցնի»,– ասաց Գ. Մակարյանը:

Աղբյուրը՝ 4B4.am