12 Դեկտեմբերի 2018թ. 11:01

ՈՌՈԳՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ ՈՌՈԳՈՒՄ. ԽՆԴԻՐՆԵՐ ԵՎ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

Օրերս ԱՀ գյուղատնտեսության նախարարությունում հյուրընկալել էին ՀՀ ԳԱԱ պատվիրակությանը, որը ղեկավարում էր  Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

Պատվիրակությանն ընդունել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը:  Հանդիպմանը  մասնակցել են Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը,  ԱՀ գյուղատնտեսության փոխնախարար Համլետ Ապրեսյանը, այլ պաշտոնատար անձինք:

Քննարկվել են Արցախում ստորգետնյա ջրային հետազոտությունների կատարմանը, ոռոգման համակարգերի ընդլայնմանը և ոռոգմանն առնչվող մի շարք հարցեր:  Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկարատև համագործակցության, մասնավորապես` ոռոգման նպատակով կառուցվող խորքային հորերի պարտադիր երկրաբանական հետազոտություններ կատարելու վերաբերյալ:

Նշվեց, որ  Գյուղնախարարությունն ունի արտեզյան ջրհորերի խորքային հորերի հորատման ավելի քան 70 հայտ` հիմնականում այգեգործության ոլորտում: Վերջին տարիներին նման ջրհորերի  հորատման որոշակի աշխատանք տարվել է: Ցավոք, արձանագրվել են նաև որոշ  անհաջող դեպքեր, երբ   հորատելուց հետո սպասված կամ   բավարար քանակի ջուր չի հայտնաբերվել:  Որպեսզի նմանատիպ ավելորդ և անարդյունավետ աշխատանք ու ծախսեր չարվեն, ԱՀ գյուղնախարարությունը պայմանավորվածություն է ձեռք բերել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի հետ` աջակցելու հետազոտության գործընթացին:  Առաջարկն ընդունվել է սիրով, որից հետո մասնագիտական խումբը հրավիրվել է Արցախ: Արդյունքում` չորս տարածք է ընտրվել Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջաններում, որտեղ նրանց կողմից նախնական ուսումնասիրություններ են կատարվել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել,  որ այդ տարածքներում,  որտեղ  ինչպես այգիների հիմնման  մեծ հեռանկար,  այնպես էլ   արդեն իսկ հիմնված այգիներ կան, հորատվեն արտեզյան ջրհորերը: Ուսումնասիրություններն արդեն սկսվել են, կան հավաքված փաստեր, արդյունքների վերաբերյալ կկազմվեն հաշվետվություններ, որոնց հիման վրա էլ կմշակվեն հետագա  քայլերը: Դրանք լինելու են երկրաբանական բնույթի տվյալներ գրունտային շերտի կառուցվածքի  և ստորգետնյա ջրային պաշարների վերաբերյալ:

Ոռոգման կաթիլային համակարգի ներդրումը գյուղատնտեսական նոր հայեցակարգի գլխավոր ուղղություններից մեկն է: Փորձ է արվում  ինտենսիվ գյուղատնտեսությունը, որի մասին վերջին շրջանում հաճախ է խոսվում, զարգացնել ոռոգման նոր տեխնոլոգիաների միջոցով:  Հ. Ապրեսյանը նաև նշեց, որ Արցախում ջրախնայողական տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը գործում է 2016 թվականից: Բուսաբուծության ոլորտի համալիր զարգացման ծրագրի մեջ  մանրամասն ներկայացված են դրա  դրույթներն ու հիմնավորումները, նշված են տրամադրման պայմանները: Փոխնախարարն ասաց, որ  նոր հիմնվող և մինչև երկու  տարեկան այգիների համար  տրամադրվում  է  աջակցություն, որի   50 տոկոսը`անհատույց, իսկ  մյուս մասը`  անտոկոս փոխառության տեսքով: Երեք  ու բարձր  տարիքի այգիների համար   այն անտոկոս փոխառության տեսքով է տրամադրվում: Բացի այդ,  կան նաև  համապատասխան հավաստագիր (լիզենզիա) ունեցող  ընկերություններ,  որոնց կողմից իրականացվում են  և՜ նախագծանախահաշվային, և՜ տեղադրման աշխատանքները: Ընդ որում, մեկ տարում այդ ընկերությունները պարտավորվում են մատուցել անվճար խորհրդատվական ծառայություններ և երեք տարի երաշխիքային սպասարկում իրականացնել:  Այդ ընկերություններն  ընտրվում են հայտատուների կողմից` կամավորության սկզբունքով: Այս պահի դրութամբ ոռոգման կաթիլային համակարգից օգտվելու համար հողօգտագործողները շուրջ 1500 հա տարածքի համար  հայտեր են  ներկայացրել, որոնք ընթացքավորման փուլում են:

Ինչպես հայտնի  է, որոշ հողօգտագործողներ, ովքեր ոռոգման կաթիլային համակարգից օգտվելու հայտեր են ներկայացրել,  այգիներ են   հիմնել այն հաշվարկով, որպեսզի նշված տարածքներում   “Հայաստան” համահայկական հիմնադրամի  ծրագրով 37  արտեզյան  խորքային հորեր փորվեն: Ծրագիրը մասամբ է հաջողվել, ինչն առաջացրել է հողօգտագործողների դժգոհությունը: Նաև հաշվի  առնելով  առաջացած այդ  խնդիրը` նախարարությունը հրավիրել է ԳԱԱ մասնագետներին:

Գյուղնախարարի տեղակալի իրազեկմամբ`  այդ հայտերը կբավարարվեն խորքային հորերի հորատումից անմիջապես հետո: Կան նաև արդեն բավարարած հայտեր:  Ոռոգման կաթիլային համակարգի ծրագիրն սկսվել է  2016թվականին: Այս պահի դրությամբ կա բավարարված 67 հայտ` 839 հա-ի համար:   727 հա-ն այգիներ են, 118-ը` ծխախոտի դաշտեր, իսկ, 52-ը`  բանջարաբոստանային մշակաբույսեր:

Կաթիլային համակարգը ներդրվում է հիմնականում այն տարածքներում,  որտեղ կան բավարար  ջրային ռեսուրսներ,  խողովակաշարային ջրանցքներ կամ  արտեզյան հորեր: Այդպիսի տարածքները հիմնականում գտնվում են  Մարտակերտի, Ասկերանի, Մարտունու շրջաններում: Հողային ջրանցքներից ջուր ստանալը դժվարություններ է առաջացնում, ծախսատար է,  քանի որ ջուրը մաքուր չի և ֆիլտրերի հետ կապված  ծախսեր է ենթադրում:

Իսկ որքանո՞վ են  հանրապետության տարածքում կառուցված  հէկերը խանգարում ոռոգման աշխատանքների կազմակերպմանը. այս մասին ասվեց, որ ոռոգման համակարգին որևէ ձևով դրանք չեն խոչընդոտում, և որևէ կապ չունեն դրա հետ, քանի որ նախ Արցախում ռելիեֆն այնպիսին է, որ հիմնական գետերը, ջրային պաշարները գտնվում են լեռնային գոտում, իսկ մենք նման վայրերում չունենք ոչ ջրային համակարգ, ոչ էլ ոռոգվող տարածքներ: Այդ տարածքում միայն Հաթերքի ենթաշրջանում կա 100 հա ոռոգովի տարածք: Աշխատանքներ են տարվում Զագլիկ և Ակնաբերդ համայնքներում մի քանի հարյուր հա հողատարածք ոռոգովի դարձնելու ուղղությամբ:

Սրբուհի Վանյան

Աղյուրն՝ այստեղ