12 Դեկտեմբերի 2018թ. 12:01

Աշոտ Մարկոսյան․ Ճարտարապետաշինարարական համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանի պրոֆեսորի գիտական կոչման լեգիտիմությունը կասկածելի է

“Շուրջ 10 օր առաջ դիմել եմ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին, համալսարանի գործունեության վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար, սակայն առ այսօր պատասխան չեմ ստացել”,-  BUH.AM-ին հայտնել է տնտեսագիտության դեկտոր, պրոֆեսոր Աշոտ Մարկոսյանը։

BUH.AM -ի հարցին թե ի՞նչ  քայլեր է այս իրավիճակում նա պատրաստվում անել, Աշոտ Մարկոսյանը պատասխանել է․

“Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների հասարակական կազմակերպությունը, որի նախագահը ես եմ, այժմ նախնական ուսումնասիրություններ է կատարում բուհի գործունեության հանրությանը հայտնի ցուցանիշները վերլուծելու ուղղությամբ։ Rector.am -ում բերված հարցադրումների հավաստիությունը (մանրամասներն՝ այստեղ) մի քանի ուղղություններով,  կարծես թե, հաստատվում է։  Սակայն, առավել ամբողջական պատկեր կունենանք ռեկտորի կողմից ամբողջական տեղեկատվություն ստանալուց հետո։ Գագիկ Գալստյանը չի կարող շրջանցել օրենքը և տեղեկատվություն չտրամադրել։ Դա նրա համար պաշտոնանկության հիմք կարող է հանդիսանալ։ Այնպես, որ,  վաղ թե ուշ, մենք կստանանք բուհի գործունեության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։”,-ասել է Աշոտ Մարկոսյանը։

Աշոտ Մարկոսյանը հայտնել է նաև, որ հիմնավոր կասկածներ ունեն Գագիկ Գալստյանի պրոֆեսորի գիտական կոչման լեգիտիմության վերաբերյալ։ Համաձայն ՀՀ օրենդրության պահանջների, պրոֆեսորի գիտական աստիճան տրվում է  գիտությունների դոկտորի գիտական աստիճան ունեցող անձանց, ովքեր բուհում իրականացրել են մասնագիտությանը համապատասխան գիտամանկավարժական գործունեություն, մինչդեռ որևէ մեկը դեռևս չի կարողացել պատասխանել, թե Գագիկ Գալստյանը ե՞րբ, ո ՞ր ակադեմիական խմբերում և ի՞նչ առարկա է դասավանդել։ “Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների հասարակական կազմակերպությունն այս ուղղությամբ նխապատրաստում է իրականացնել սոցիոլոգիական հարցումներ՝ բուհի ներկա և, որ առավել կարևոր է, նախկին ուսանողների լայն շրջաններում։

Հիշեցնենք, որ Գագիկ Գալստյանը պրոֆեսորի գիտական կոչում ստացել է 2014թ․ օգոստոս ամսին, երբ հանդիսացել է բուհի ռեկտորի պաշտոնակատարը, ինչն էլ հիմք է հանդիսացել մասնակցել բուհի ղեկավարի թափուր պաշտոնի մրցույթին և ընտրվել ռեկտոր՝ 5 տարի ժամկետով։ Հիշեցնենք նաև, որ այդ ժամանակ նա հանդիսացել է նույն բուհի գիտական խորհրդի նախագահը, որը շնորհում է գիտական կոչումներ։

Եթե պարզվի, որ Գագիկ Գալստյանին պրոֆեսորի գիտական կոչում շնորվել է ՀՀ օրենսդրության պահանջի խախտմամբ, ապա նա իրավունքի ուժով, ստիպված պետք է լինի հրաժարական ներկայացնել, քանի որ ճարտարապետաշինարարական համալսարանի կանոնադրությամբ, ռեկտորը պարտադիր կերպով պետք է ունենա պրոֆեսորի գիտական կոչում։

Անընդունելի ու դատապարտելի է նաև, որ Գագիկ Գալստյանին ափալ-թափալ պրոֆեսորի գիտական կոչում շնորհած գիտխորհուրդը հաճախ ժամանակ ու ցանկություն չի ունենում գիտական կոչումներ շնորհել անձանց, ովքեր ունենալով համապատասխան բոլոր իրավունքները, տարիներ շարունակ սպասում են թե ռեկտոր Գալստյանը երբ կբարեհաճի իրենց հարցը ներառել գիտխորհրդի օրակարգում։