18 Դեկտեմբերի 2018թ. 23:16

ՊԵՏՐՈՍ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻՆ 5 ՏԱՐԻ ՈՒՇԱՑՈՒՄՈՎ ՇՆՈՐՀՎԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ ԿԱՄ ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Սերնդափոխության անհրաժեշտության մասին այսօր շատ է խոսվում՝ պետական ատյաններում, մեծ ու փոքր հավաքներում, մասնավոր զրույցներում:

Կառավարման ոլորտում այս առումով լուրջ տեղաշարժ կա: Սակայն երբ գործը հասնում է ուսումնական հաստատություններին՝  իրավիճակը փոխվում է:

Պահանջարկից զգալիորեն քիչ են այն երիտասարդներն, ովքեր կառավարման կամ բիզնեսի ոլորտներում ունակություններ ունենալուց բացի, նաև համալիր կրթություն են ստացել:

Բայց արի ու տես, որ համալսարանների ռեկտորները ոչ միշտ են գիտակցում իրենց տեղն ու նշանակությունը բուհի կառավարման գործում: Այս առումով առաջատարը ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանն է:

Հիմնադրամների մասին օրենքով սահմանվում է, որ հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը ու տնօրենը (ռեկտորը): Հավանաբար կարդալով սա, ճարտարապետության և շինարարության համալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին թվում է, որ համալսարանը` դա ԻՆՔՆ Է:

Ռեկտոր Գալստյանի հերթական ոչ ադեկվատ քայլը տեղի է ունեցել այս ուսումնական տարվա նախօրեին, երբ նա հանձնարարել է տեխնիկական գիտությունների թեկնածու Վարդգես Համբարձումյանին 2018-2019 ուումնական տարում դասախոսական բեռնվածություն չտալ: Հարկ է նշել, որ երիտասարդ մասնագետի՝ Վարդգես Համբարձումյանի համար դասաժամեր ի սկզբանե նախատեսված են եղել:

— Շնորհալի, տաղանդաշատ երիտասարդ է: Այն տարիներին, երբ ես ղեկավարում էի գեոդեզիայի և քարտեզագրության կենտրոնը, Վարդգեսին նշանակել էի «Տիեզերական պատկերների ընդունման և մշակման» բաժնի պետ,- Վարդգես Համբարձումյանի մասին գովեստով է խոսում տեխնիկական գիտությունների դոկտոր Հովսեփ Պետրոսյանն ու հավելում,-նա նաև դաստիարակված է ու սկզբունքային:

Թե ո՞րն է ռեկտոր Գագիկ Գալստյանի ոչ ադեկվատ այս քայլի պատճառը կարևոր չէ: Պարզ է գլխավորը՝ Գալստյանն ազատվել ու շարունակելու է ազատվել սկզբունքներ ունեցող այն աշխատակիցներից, ում չի կարողանում դարձնել իր կամակատարը:

Վարդգես Համբարձումյանի հայրը՝ Պետրոս Համբարձումյանը՝ ով 5 տարուց ավելի ունի տեխնիկական գիտությունների դոկտորի աստիճան,  երկար տարիներ ղեկավարել է համալսարանի արդյունաբերական և քաղաքացիական շինարարության ֆակուլտետը, պրոֆեսորի գիտական աստիճան ստացավ մի քանի օր առաջ միայն: Կիրառելով ռեկտորական լծակը՝ Գագիկ Գալստյանը, ում դոկտորական ատենախոսությունը լեփ-լեցուն է գրագողության դրվագներով (տես rector.am -ի հրապարակումները), ով պրոֆեսորի գիտական կոչման լեգիտիմության խնդիր ունի (մանարամասներն՝ այստեղ) տարիներ շարունակ չի ցանկացել համալսարանում տեսնել պրոֆեսոր Համբարձումյանին: Նույն պատճառներով Գագիկ Գալստյանը համալսարանում չէր ուզում տեսնել նաև նրա գիտությունների թեկնածու որդուն՝ Վարդգես Համբարձումյանին: Սակայն վերջին պահին, Վարդգես Համբարձումյանին դասաժամեր չտալու որոշում ընդունելիս, ինչ որ մեկը համոզել է ռեկտոր Գալստյանին վերանայել իր հանձնարարականը, հետագա հնարավոր բարդություններից խուսափելու համար:

Ի՞նչն է այստեղ կարևորը. ոչ միայն այն, որ Համբարձումյան ընտանիքի անդամների նկատմամբ ոտնձգություններ կատարելը Գագիկ Գալստյանի «խելքի» բանը չի, կարևորն այն է, որ կրավորական կեցվածք ընդունած ճարտարապետաշինարարական համալսարանի պրոֆեսուրայի ու ուսխորհրդի լուռ համաձայնությամբ, ռեկտոր Գալստյանը բուհում կարող է այդպես վարվել յուրաքանչյուրի հետ: Կոտրել մարդկանց, հատկապես՝ երիտասարդների կամքն ու ծառայեցնել իրեն կամ ազատվել նրանցից:

Ծանոթ ու փորձված ձեռագիր է:

Ո՞վ է հաջորդը:

Գագիկ Ներսիսյան