18 Դեկտեմբերի 2018թ. 22:56

Բագրատ Ասատրյան. Հեղափոխության պատճառներից մեկը, կարծում եմ, խայտառակ վատ տնտեսական վիճակն էր

Հայաստանն այսօր գտնվում է արտաքին բացասական տնտեսական ազդեցությունների ներքո։ Մասնավորապես՝ պղնձի միջազգային գների անկման ազդեցության և Ռուսաստանի տնտեսական վիճակի վատթարացման։ Եվ այդ գործոնների ազդեցությունն արդեն զգացվում է։ Այս մասին նոյեմբերի 23-ին «Հայաստանի տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները և ռազմավարական ուղղությունները» թեմայով գիտագործնական խորհրդաժողովին իր ելույթում ասաց Հայաստանի կենտրոնական բանկի նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Այս մասին գրում է hetq.am-ը:

«Իրավիճակը սրվել է վերջին 4-5 ամիսների ընթացքում։ Պղնձի միջազգային գները մեկ տարվա ընթացքում նվազել են 11%-ով։ Հումքային այս կախվածությունից մենք պետք է դուրս գանք։ Հակառակ դեպքում ՝ պրոբլեմները շարունակվելու են։ Մյուսը Ռուսաստանի տնտեսության վիճակն է։ Ռուսական ռուբլին տարեսկզբից 14%-ով նվազել է, ինչը բացասական հետևանքներ է ունենալու Հայաստանի արտադրողների ու արտահանողների համար։ Դա բացասական հետևանք է ունենալու նաև Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների վրա։ Այս տարվա սեպտեմբերին մենք արդեն ունենք տրանսֆերտների հոսքի կրճատում։ Կարող եմ վստահաբար ասել, որ տարին փակելու ենք մինուսով։ Տնտեսական աճի սպասումների մասին՝ 6%-ը երազելի բարձր մակարդակ է լինելու»,- նշեց տնտեսագետը։

Գիտաժողովի կազմակերպիչների` Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և Երևանի պետական համալսարանի տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի նախաձեռնությամբ գիտաժողովին ելույթ ունեցող մասնագետների վերլուծությունները տպագրվել ու ներկաներին է հանձնվել գրքի տեսքով։

Բ. Ասատրյանն ամփոփ գնահատկաններ է տվել վերջին տասը տարիներին Հայաստանի տնտեսական զարգացումների վերաբերյալ։ Ըստ նրա՝ վերջին տասնամյակում հայաստանյան տնտեսության զարգացումների հիմնական բնութագրիչները դարձել են տնտեսական աճի տեմպերի անկումը ետճգնաժամային ամբողջ շրջանում և դրանց մեծ տատանումներ։ Այդ ամենի հետևանքով դոլարային արտահայտությամբ ՀՆԱ-ի ծավալներները 2017 թվականին միայն մոտեցել են 2008 թվականի մակարդակին. «2008 թվականի արդյունքներով Հայաստանի ՀՆԱ-ն կազմեց 11.662 մլրդ ԱՄՆ դոլար, և 2017 թվականին միայն հասավ 11.6 մլրդ: Դրան զուգահեռ երկրում խորանում էր կոռուպցիան, որոշիչ դեր էին ստանում երկրի տնտեսությունում դեռևս նախորդ շրջանում իշխող դիրք ստացած տնտեսվարողները, այլասերվում ազատական տնտեսության հիմնարար տարրերը՝ ազատ մրցակցությունը, ձեռներեցության ազատությունը, սեփականության իրա վունքի պաշտպանվածությունը և այլն»։

Տնտեսագետի դիտարկմամբ՝ Հայաստանում ձևավորված օլիգարխիկ համակարգը ետճգնաժամային հատվածում բերվեց կատարյալ տեսքի՝ տնտեսության մեջ որոշիչ դիրք ունեցողները իշխող դերակատարություն ստացան նաև քաղաքական մարմիններում ու կառավարման համակարգում. «Ուշագրավ է, որ մեր երկրի օլիգարխիայի նշանակալից մասը առանձին տեսակի ապրանքներ ներմուծողներն են կամ դրանց իրացումը կազմակերպողները: Նշվածի ներքո տնտեսությունը վերածվեց փակ համակարգի, որն անգամ չուներ ներդրումների պահանջ, ինչը, իր հերթին, հանգեցրեց օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալի շարունակական նվազմանը: Փաստորեն, հայաստանյան տնտեսական համակարգի առավել եկամտաբեր հատվածը, բացի հումքի արտահանումից, կազմեց ներմուծում-առևտուր շղթան, որի կենսունակությունը ապահովվում էր մասնավոր տրանսֆերտների հոսքը»։

Բ. Ասատրյանն առանձնացնում է ինչպես բացասական, այնպես էլ դրական տեղաշարժեր։ Դրական զարգացումների շարքում նշում է արտահանման առաջանցիկ աճը ներմուծման նկատմամբ. 2008-2018թթ. ընթացքում ներմուծման ծավալների շուրջ 5.5%-ով կրճատվելու պարագայում արտահանման ծավալներն աճել են ավելի քան 2.1 անգամ։ Մյուս դրական օրինակը՝ արտահանման կառուցվածքում հանքաքարի, սև և գունավոր մետաղ ների տեսակարար կշռի նվազումը, ինչպես նաև՝ արդյունաբերության աճի տեմպերի գերազանցումը ՀՆԱ-ի աճի տեմպերի նկատմամբ։ Տնտեսագետը շեշում է նաև բանկային համակարգի արդյունավետ գործունեությունը։

Այս ամենի կողքին, սակայն, ըստ Կենտրոնական բանկի նախկին նախագահի, ակնհայտ է այն նահանջը, որ ապրել է Հայաստանի տնտեսությունը 2008-2017թթ.-ին։ Դրա կարևոր բնութագրերն են՝ սոցիալական չշտկվող իրավիճակ և աղքատության մակարդակի աճ 27.9%-ից մինչ 29.4% 2016 թվականին (վերջին հրապարակված տվյալ), գործազրկության բարձր և աճող մակարդակը, արտաքին պարտքի շուրջ քառապատիկ աճը։ Այս ամենն էլ իր հերթին բերել է երկրի ժողովրդագրական վիճակի բացասական փոփոխությունների։ «Վերջին տասնամյակում Հայաստանից մեկնած և ժամանած ՀՀ քաղաքացիների բացասական տարբերությունը գերազանցում է 430 հազարը»,- նշում է Բ. Ասատրյանը։ Նա առանձնացնում է նաև ծնելիության մակարդակի անկումը, մահացության մակարդակի աճը, ամուսնությունների թվի նվազումը, ամուսնալուծությունների թվի աճը և այլն։

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառներից մեկը, կարծում եմ, խայտառակ վատ տնտեսական վիճակն էր»,- իր ելույթում նշեց Բ. Ասատրյանը։

Ըստ տնտեսագետի՝ այս իրավիճակը պահանջում է երկարատև, միջնաժամկետ և կարճաժամկետ միջոցառումների ամբողջական ծրագրի իրականացում տնտեսական քաղաքականության թերևս բոլոր հատվածներում՝ հարկային ու բյուջետային, դրամավարկային ու համակարգային, կառուցվածքային
բարեփոխումների, պետական գույքի կառավարման ու պետության կողմից տնտեսվարման գործառույթի իրականացման։

Օրինակ, ըստ Բ. Ասատրյանի, երկրի բնականոն զարգացման առումով խիստ արդիական ու հրատապ են դարձել պետական կառավարման համակարգի բարեփոխումները, պետական ապարատի ու նախարարությունների թվի կրճատումը, պետության կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը, պետական ապարատի պահպանման ծախսերի սառեցումը, առևտրի և սպասարկման ոլորտներում նոր խոշոր օբյեկտների հիմնադրման ժամանակավոր սառեցումը, Կենտրոնական բանկի անկախության վերականգնումը և այլն։

Սեդա Հերգնյան

Աղբյուրն՝ այստեղ