12 Դեկտեմբերի 2018թ. 11:59

ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԸ ՄԱՄՈՒԼԻ ԷՋԵՐԻՑ ԿՍՏԱՆԱ ԻՐ ԼՂՈԶՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ ԱՐԺԱՆԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին աշխատակից Ամալյա Խալաթյանը մի քանի հարց էր ուղղել նույն նամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին:

Մի քանի ամիս տարբեր պատճառներով խուսափելով արձագանքել, միայն ՀՀ ԿԳ նախարարության միջամտությունից հետո, Գագիկ Գալստյանը բարեհաճել է պատասխանել Ամալյա Խալաթյանի հարցերին:

Եվ դա այնպես է արել, որ իր համար ավելի լավ կլիներ, որ չպատասխաներ, քանի որ հիմա ստիպված կլինի մամուլով ստանալ համապատասխան մեկնաբանություններ:

Ամալյա Խալաթյանը Գագիկ Գալստյանին ուղղել է 4 հարց.

  1. Ե՞րբ և ինչպե՞ս է իրականացվել ճարտարապետաշինարարական համալսարանի եվրպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը.
  2. Ովքե՞ր են այն իրականացրել.
  3. Ո՞րն է եղել կոնկրետ Գագիկ Գալստյանի դերակատարումն այդ գործընթացում.
  4.  Ճարտարապետաշինարարական համալսարանի եվրպական ինստիտուցիոնալ հավատարմագրման երախտավորների նկատմամբ, մասնավորապես համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպիսի՞ խրախուսման միջոցներ են կիրառվել:

Ռեկտոր Գագիկ Գալստյանը Ամալյա Խալաթյանին պատասխանել է

  1. Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի եվրոպական ինսիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվել է 2013 թվականից, հավատարմագրման վկայականը տրվել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին:
  2. Հավատարմագրման գործընթացն իրականացվել է համալսարանի կոլեկտիվի թիմային, ստեղծագործական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
  3. Հավատարմագրման գործընթացում դերակատարում են ունեցել համալսարանի վարչական, գիտամանկավարժական և այլ աշխատողները:
  4. Համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ աշխատողները պարգևատրվել են համալսարանի մեդալներով, պատվոգրերով և այլ միջոցներով:

Ճանաչված բուհի ռեկտորի կողմից, այսպիսի լղոզված, ոչինչ չասող արձագանքն  ենթադրում է համարժեք պատասխան:

BUH.AM-ը դիմում է ճարտարապետաշինարարական համալսարանի հետ առնչություն ունեցող բոլոր անձանց, ովքեր տեղեկություններ կարող են հաղորդել վերը նշված հարցերի վերաբերյալ: Դրանք կայքում կտեղադրվեն անմիջապես:

Սա երկար գործընթաց է, և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ BUH.AM -ի ունեցած նախնական տեղեկությունների, որևէ էական առնչություն չի ունեցել համալսարանի հավատարմագրման գործընթացի հետ և “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” պետական պարգևը ստացել է այլ անձանց կատարած աշխատանքի դիմաց: 

Կարող եք չկասկածել, որ բոլոր փաստերը մանրամասն կուսումնասիրվեն և ճշմարտությունը վեր կհանվի:

Իսկ մինչ այդ, BUH.AM-ը, որպես հիմք ընդունելով նույն համալսարանի կայքում բերված նյութերը, կներկայացնի այն անձանց ցուցակը, ովքեր պարգևատրվել են բուհի 95-ամյակի առթիվ: Ընթերցողը թող ինքը որոշի, թե նրանցից ովքեր են իրականացրել եվրոպական հավատագրման գործընթացը:

Օրական կներկայացնենք  մեկ պարգևատրվածի լուսանկար:

Դատեք ինքներդ:

Օր առաջին՝ Աիդա Խաչատուրյան: