12 Դեկտեմբերի 2018թ. 11:00

«Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես կկործանվեր». Դավիթ Բաբայանը՝ Սասուն Միքայելյանի հայտարարության մասին

«Իմ քայլը» դաշինքի թեկնածու Սասուն Միքայելյանը Թալինում նախընտրական քարոզարշավի ժամանակ՝ դիմելով հավաքվածներին, այսօր հայտարարել է, որ հանրապետությունում ժողովրդի տարած հաղթանակն ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը։

Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սասուն Միքայելյանի հայտարարությանը, նկատեց, որ յուրաքանչյուր մարդ իրավունք ունի արտահայտելու իր կարծիքը, և որևէ մեկը հակառակը չի կարող պահանջել։

«Միայն մեկ բան կասեմ, որ Արցախյան պատերազմը մեր ժողովրդի ամենամեծ հաղթանակներից մեկն է։ Այդ հաղթանակը թերագնահատել և համեմատել որևէ այլ խնդրի հետ՝ ճիշտ չէ։ Ամեն հաղթանակ իր տեղն ունի, այս հաղթանակի համար հազարավոր հայորդիներ, մեր ազգի սերուցքը, լավագույն տղերքն են արյուն թափել։ Եթե չլիներ այդ հաղթանակը, ապա հայոց պետականությունը պարզապես  կկործանվեր։ Սա ոչ թե սովորական հաղթանակ էր, այլ դրանով հայ ժողովրդի ճակատագիրն էր որոշվում, սա պարզապես պատերազմ չէր, այն մարտահրավեր էր հայոց պետականությանը։ Սա եղել է նոր Ցեղասպանության իրականացման փորձ, որը լիակատար ձախողվեց»,- նշեց Դավիթ Բաբայանը։

Նրա խոսքով՝ ապրիլին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հայ ժողովրդի կյանքում գուցե մեծ իրադարձություն էր, սակայն ամեն ինչ ժամանակը ցույց կտա, ուստի հեղափոխության հաղթանակը համեմատել Արցախյան հաղթանակի հետ՝ ճիշտ չէ։

«Սրանք տարբեր բաներ են, այս պահի դրությամբ կարևորը միայն հեղափոխությունը չէ՝ որպես այդպիսին, կարևորն այն է, որ հեղափոխության այն իդեալները, նպատակները, որոնք դրել է իր առջև, լիակատար ձևով իրականացնի։ Եթե այդ ամենը չիրականանա, ապա հարվածը և հետևանքները լինելու է շատ ավելի վատ։ Սա բոլորի համար պարզ է, բայց դրա համար պետք է աշխատել։ Իսկ եթե համեմատություններ են անում՝ համեմատելով այդ հաղթանակը և հեղափոխությունը, ապա ես չեմ կարող հասկանալ, թե մեկը մյուսի հետ ինչ կապ ունի։ Ի՞նչ կարիք կա այդ երկուսն առհասարակ համեմատել, սրանք բոլորը հարցեր են։ Կարծում եմ՝ այդ համեմատությունը դյուրին և տեղին չէ, քանի որ ամեն մի իրադարձություն իր տեղն ունի»,- ընդգծեց Դ. Բաբայանը։

Նա նաև հավելեց, որ Արցախյան պատերազմը հայ ժողովրդին փրկեց կործանումից, և այդ հաղթանակի համար հազարավոր մարդիկ են պայքարել ու հաղթանակել։

Զվարթ Խաչատրյան

Աղբյուրը՝ 168.am