ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ ՌԵԿՏՈՐ ԳԱԳԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻ ԼՂՈԶՎԱԾ ՊԱՏԱՍԽԱՆԻՆ. ՓԱՍՏԱԹՈՒՂԹ 1

BUH.AM-ը դիմել էր ճարտարապետաշինարարական համալսարանի հետ առնչություն ունեցող անձանց, տեղեկություններ հաղորդել բուհի եվրոպական հավատագրման հետ առնչվող հարցերի վերաբերյալ: Առաջին պատասխանները արդեն ստացվել են և մենք սկսում ենք այն ներկայացնել հանրությանը՝ հասկանալի պատճառներով չնշելով փաստաթուղթը տրամադրողի անունը և առանց մեկնաբանությունների.
Փաստաթուղթ 1
ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՏՆՕՐԵՆ ԱԲԴԵՐԱՀՄԵՆ ՌԻԴԱՅԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԿԱՆ ՆԱՄԱԿԸ ԵՃՇՊՀ-Ի ՌԵԿՏՈՐ ՊԱՐՈՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԻՆ

 

8 ապրիլի 2013թ., Բուխարեստ
N CE/AR/312/2013

Հարգելի պարոն Ռեկտոր

Թույլ տվեք Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության Գլխավոր քարտուղար տիկին Վանդա Դիեբոլի և անձամբ իմ անունից շնորհակալություն հայտնել Ձեզ 2013թ. մարտին Հայաստան կատարած մեր այցելության ժամանակ Ձեր ընդունելության համար:

Երևանում Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ֆրանկոֆոն թվայնացված կենտրոնի պատասխանատու տիկին Ռուզաննա Ղալթաղչյանը (Էլ. հասցե rouzanna.ghalthaghtchian@auf.org) կապ կհաստատի Ձեզ հետ՝ Ձեր համալսարանի գնահատման նախապատրաստական աշխատանքները իրականացնելու նպատակով:

Ապագա համագործակցության ակնկալիքով՝ խնդրում ենք ընդունել, պարոն ռեկտոր, հարգանքներիս հավաստիքը:

Աբդերահմեն Ռիդա
Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության
կենտրոնական և արևելյան Եվրոպայի գրասենյակի 
Տարածաշրջանի տնօրեն

Հիշեցնենք, որ Ճարտարապետաշինարարական համալսարանի նախկին աշխատակից Ամալյա Խալաթյանը մի քանի հարց էր ուղղել նույն նամալսարանի ռեկտոր Գագիկ Գալստյանին այստեղայստեղայստեղ:

Մի քանի ամիս տարբեր պատճառներով խուսափելով արձագանքել, միայն ՀՀ ԿԳ նախարարության միջամտությունից հետո, Գագիկ Գալստյանը բարեհաճել է պատասխանել Ամալյա Խալաթյանի հարցերին: Եվ դա այնպես է արել, որ իր համար ավելի լավ կլիներ, որ չպատասխաներ, քանի որ հիմա ստիպված կլինի մամուլով ստանալ համապատասխան մեկնաբանություններ:

Ամալյա Խալաթյանը Գագիկ Գալստյանին ուղղել է 4 հարց.

  1. Ե՞րբ և ինչպե՞ս է իրականացվել ճարտարապետաշինարարական համալսարանի եվրպական ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացը.
  2. Ովքե՞ր են այն իրականացրել.
  3. Ո՞րն է եղել կոնկրետ Գագիկ Գալստյանի դերակատարումն այդ գործընթացում.
  4.  Ճարտարապետաշինարարական համալսարանի եվրպական ինստիտուցիոնալ հավատարմագրման երախտավորների նկատմամբ, մասնավորապես համալսարանի 95 ամյակին նվիրված միջոցառումներին, ինչպիսի՞ խրախուսման միջոցներ են կիրառվել:

Ռեկտոր Գագիկ Գալստյանը Ամալյա Խալաթյանին պատասխանել է

  1. Ճարտարապետության և շինարարության Հայսատանի ազգային համալսարանի եվրոպական ինսիտուցիոնալ հավատարմագրման գործընթացն իրականացվել է 2013 թվականից, հավատարմագրման վկայականը տրվել է 2015 թվականի սեպտեմբերի 29-ին:
  2. Հավատարմագրման գործընթացն իրականացվել է համալսարանի կոլեկտիվի թիմային, ստեղծագործական և արդյունավետ աշխատանքի շնորհիվ:
  3. Հավատարմագրման գործընթացում դերակատարում են ունեցել համալսարանի վարչական, գիտամանկավարժական և այլ աշխատողները:
  4. Համալսարանի հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ աշխատողները պարգևատրվել են համալսարանի մեդալներով, պատվոգրերով և այլ միջոցներով:

Ճանաչված բուհի ռեկտորի կողմից, այսպիսի լղոզված, ոչինչ չասող արձագանքն  ենթադրում է համարժեք պատասխան:

Սա երկար գործընթաց է, և պահանջում է մանրամասն ուսումնասիրություն, քանի որ ռեկտոր Գագիկ Գալստյանը, ըստ BUH.AM -ի ունեցած նախնական տեղեկությունների, որևէ էական առնչություն չի ունեցել համալսարանի հավատարմագրման գործընթացի հետ և “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” պետական պարգևը ստացել է այլ անձանց կատարած աշխատանքի դիմաց: