14 Դեկտեմբերի 2019թ. 14:16

Սերոբ Խաչատրյան. Կրթության ոլորտում թարմության կարիք կա

Տարիներ շարունակ Հայաստանում դժգոհում են դպրոցների առարկայական ծրագրերից և դասագրքերից։ Իհարկե, Հայաստանում առարկայական ծրագրեր ու դասագրքեր գրելը հեշտ գործ չէ, քանի որ խորհրդային տարիներին նման փորձ չկար։

Ծրագրերն ու դասագրքերը, բացառությամբ հայագիտական առարկաների, մշակվում էին Մոսկվայում։ Հայաստանն անկախությունից հետո զրոյից է սկսել այս գործընթացը։ Ընդ որում, առ այսօր չկա որևէ մասնագիտացված կառույց, որն աջակցություն ցույց տա դասագրքերի հեղինակներին։ Ի վերջո, նրանք առանձին առարկաների մասնագետներ են և շատ լավ չեն տիրապետում դասագրքագիտության նրբություններին։

Բացի այդ, խորհրդային տարիներին դասագիրք գրելը հեշտ էր, քանի որ կար հստակ գաղափարախոսություն, որին համապատասխան էլ մշակվում էին դասագրքերը։ Այսօր չկա հստակություն, և յուրաքանչյուր անհատ կամ խումբ գրում է իր պատկերացումների շրջանակներում։

Հայաստանում առարկայական ծրագրերը և դասագրքերը լավը չեն նաև այն պատճառով, որ դրանց հիմքում չկա գիտականորեն հիմնավորված համալիր ուսումնական ծրագիր։ Հետևաբար՝ առարկայական ծրագրեր մշակելիս մենք առաջնորդվում ենք «ակադեմիական էգոիզմով»։ Այսինքն՝ յուրաքանչյուր մասնագիտական խումբ մտածում է այնպես, կարծես աշակերտները դպրոցում միայն այդ առարկան են սովորում, և բոլոր աշակերտները ցանկանում են մասնագիտանալ հենց այդ առարկայի գծով։ Մինչդեռ իրականում աշակերտները մինչև 17 առարկա են սովորում մեկ տարվա ընթացքում։ Պատկերացրեք աշակերտների վիճակը, ովքեր սովորում են մի ուսումնական ծրագիր, որի յուրաքանչյուր առարկան գրված է «ակադեմիական էգոիզմի» սկզբունքով։

Յուրաքանչյուր դասագրքի հեղինակ մտածում է, որ աշակերտը կարող է մեկ դասի ընթացքում սովորել առնվազն 5-6 նոր անուն, հասկացություն, բանաձև։ Բայց մոռանում են, որ աշակերտն օրական 6-7 դաս է սովորում։ Հետևաբար՝ երեխաները մեկ օրում պետք է սովորեն 30-ից ավելի անուն, հասկացություն, բանաձև։

Ապացուցված է, որ մեկ օրում մարդը չի կարող այդ ծավալի նոր բան սովորել։ Բայց քանի որ այս ամենը նախարարության կողմից հաստատված է, ուսուցիչները ստիպված են այդ նյութը հանձնարարել։ Աշակերտներն էլ կամ չեն սովորում, կամ էլ դիմում են տարբեր կեղծիքների (արտագրություն, ուրիշի կատարածը՝ որպես սեփական աշխատանք ներկայացնել)։ Միայն բացառիկ տաղանդավոր երեխաներն են կարողանում այս ծրագրի հետևից հասցնել։

Ի՞նչ է պետք անել։ Հայաստանի ներկայիս ուսումնական ծրագիրը մշակվել է 2004 թվականին, որից հետո 2011 թվականին մասնակիորեն վերանայվել է։ Այս ընթացքում աշխարհի բազմաթիվ երկրներ հասցրել են մի քանի անգամ վերանայել իրենց ուսումնական ծրագրերը։ Մինչդեռ Հայաստանում 2016 թվականին մշակված ծրագիրն այդպես էլ մնաց չընդունված։

Այս փուլում նախարարության առաջնահերթություններից մեկը պիտի լինի դպրոցական ծրագրերի անհապաղ վերանայումը։

Անհապաղ վերանայում չի նշանակում՝ 2-3 ամսում փոխել բոլոր ծրագրերը և հապճեպ հաստատել դրանք։ Անհապաղ նշանակում է՝ շատ արագ ստեղծել մասնագիտական խումբ, որը առաջնահերթ կձևակերպի ուսուցման հիմնարար սկզբունքները։

Ժամանակակից գիտությունը մշակել է սովորելու գիտականորեն հիմնավորված սկզբունքներ, որոնց վրա պետք է հիմնվեն առարկայական ծրագրերն ու դասագրքերը։

Օրինակ՝ ապացուցված է, որ դասը մի քանի անգամ կարդալը սովորելու ամենավատ ձևն է։ Մինչդեռ մեր աշակերտների մեծ մասը հենց այդպես է սովորում։ Դասը մի քանի անգամ կարդալու փոխարեն՝ սովորողը պետք է մեկ անգամ կարդալուց հետո փորձի դուրս բերել նյութի հիմնական գաղափարները, դրանք կապակցի իրար և իր նախկին իմացածին։ Նման սկզբունքներ պետք է ձևակերպել ուսուցման բոլոր բաղկացուցիչների համար. ծրագրեր և դասագրքեր, ուսուցման գործընթաց, գնահատում։

Դրանք մշակելուց հետո նոր պետք է մշակվեն ուսումնական ծրագրերը։ Հայաստանի կրթական համակարգը հիմա հայտնվել է մի իրավիճակում, երբ այլևս չենք կարող հապաղել։ 2011 թվականից հետո Հայաստանի կրթության ոլորտում չի ընդունվել որևէ ռազմավարական փաստաթուղթ։ Անհուսալի վիճակում է նորարարությունը։ Գուցե ուսումնական հաստատություններում կան նորարար ուսուցիչներ, բայց այդ ամենը ո՛չ լուսաբանվում է, ո՛չ տարածվում, ո՛չ էլ քաղաքականություն դառնում։

Էական առաջընթաց չկա նաև ուսուցիչների վերապատրաստման ոլորտում։ 2004-2006 թվականներին Հայաստանում մշակվել են ուսուցիչների վերապատրաստման մի քանի մոդուլներ Համաշխարհային բանկի, ԱՅՐԵՔՍ-ի և այլ կազմակերպությունների աջակցությամբ։ Դրանից հետո այդ ծրագրերն արմատապես չեն փոխվել։ Եվ այսօր էլ ուսուցիչների վերապատրաստման գործընթացում հիմնականում ներկայացվում են նախկին մեթոդներն ու հնարները։

Հայաստանի կրթության ոլորտում թարմության, նորարարության կարիք կա։

Այդպիսի մթնոլորտ Հայաստանում կար 2000-2005 թվականներին, երբ սկսվեցին կրթության բովանդակային փոփոխությունները։ Ցավոք, չհաջողվեց այդ ոգևորությունը մինչև վերջ տանել և վերածել համակարգային զարգացման։ Համակարգը լճացավ։

Այսօր ունենք երկրորդ հնարավորությունը կրթական համակարգում թարմություն և ոգևորություն մտցնելու։ Բայց դա պետք է սկսել հենց հիմա՝ ոլորտում գաղափարական քննարկումներ սկսելու միջոցով։ Եթե դա չանենք, հին համակարգը, հին գործելակերպը նորից տիրապետող են մնալու։

Աղբյուրն՝ այստեղ