14 Դեկտեմբերի 2019թ. 15:16

Մեր գի­տու­թյու­նը կո­մա­յի մեջ է.կա՛մ պետք է վե­րա­կեն­դա­նաց­նել, կա՛մ ան­ջա­տել ար­հես­տա­կան շնչա­ռու­թյան սարքը

Ի վերջո, գիտնականնե՞րը պետք է լինեն գիտությունը զարգացնողի դերում, թե՞ պետությունը պետք է նախաձեռնող լինի, մասնավորապես, ունենա հստակ մշակված ռազմավարություն:

Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը «Փաստի» հետ զրույցում նշել է, որ գիտական ծրագրերի հետ կապված և՛ ներկա, և՛ նախորդ կառավարությունները բազմիցս դիմել են գիտնականներին, ասելով՝ ծրագրեր ներկայացրեք, եթե դրանք լավը լինեն, կֆինանսավորենք:

«Գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ գոնե ակադեմիայի ինստիտուտներից ծրագրերը գնացել են կառավարություն և մնացել թղթի վրա:

Այս հարցը երկու կողմ ունի, որովհետև ծրագրերի գնահատումը պետք է երկու բաղադրիչ ունենա՝ գիտական և նպատակահարմարության: Միշտ էլ կարելի է ցանկացած ծրագրի համար ասել, որ նպատակահարմար չէ, դրա համար էլ չենք ֆինանսավորվում: Ինչ վերաբերում է նրան՝ պետությո՞ւնը, թե՞ գիտնականը պետք է զբաղվի գիտության զարգացմամբ, միանշանակ է, որ գիտնականի միակ աշխատանքը գիտությամբ զբաղվելն է:

Գիտնականներից որևէ մեկն իր վրա չպետք է վերցնի գիտությունը կարգավորելու գործառույթ: Գիտնականը պետք է զբաղվի այն թեմաներով, որոնք նրան հետաքրքիր են, որոնք ակտուալ են, որտեղ կան հարցեր, որոնց պատասխանները կարելի է գտնել հետազոտության միջոցով: Իսկ գիտության զարգացման ռազմավարությունը պետք է մշակի և իրականացնի պետությունը: Դրա համար կան համապատասխան մարմիններ. կրթության և գիտության նախարարություն, դրան կից գիտության կոմիտե:

Դրանց գործառույթն է նաև որոշել, թե որ ծրագրերն են այդ պահին անհրաժեշտ պետությանը՝ ելնելով տնտեսական և մնացած բոլոր խնդիրներից: Ենթադրենք, գյուղատնտեսության մեջ պետք է կոնկրետ հարցեր լուծել, ինչը կարող է արվել միայն գիտական հետազոտությունների աջակցության միջոցով», — ասում է պարոն Զաքարյանն՝ ընդգծելով, որ պետությունը պետք է որոշի իր առաջնահերթությունները:

«Ամեն տարի կառավարությունը մի քանի հարյուր միլիոն դրամ նպատակային ծրագրերի ֆինանսավորում է հաստատում: Դրանք հետազոտություններ են: Բայց աբսուրդն այն է, որ այդ նպատակային ծրագրերը որոշում են ոչ թե կառավարությունը, նախարարությունները, այլ դիմում են տարբեր ինստիտուտների, ասում են՝ այս ծրագիրն ենք ներկայացնում, այնտեղ ինչ-որ մի հանձնաժողով ասում է՝ լավ ծրագիր է, եկեք այն նպատակային համարենք: Պետությունը փաստորեն իր վրայից հանել է գործառույթը որոշելու՝ որոնք են այս կամ հաջորդ տարվա կարևոր նպատակները, որոնց լուծման համար պետք է համապատասխան գիտական խմբերին ֆինանսավորել: Այդ գործառույթն էլ է փաստորեն դրել գիտնականի վրա, որը պետք է զբաղվի բացառապես հետազոտություններով», — նշում է Հովակիմ Զաքարյանը:

Կենսաբանության ինստիտուտի գիտաշխատողը հիշեցնում է, որ պետությունն առաջին հերթին պարտավոր է ստեղծել բարենպաստ պայմաններ գիտնականների համար: «Մեր գիտությունը գտնվում է կիսամահացած վիճակում: Երբ օրգանիզմը սկսում է մահանալ, նրանից պահանջել ֆիզիկական և մտավոր ակտիվություն, աբսուրդ է, որովհետև օրգանիզմը մեռնում է, ինքը կոմայի մեջ է: Այս և ցանկացած այլ կառավարության հիմնական խնդիրը պետք է լինի շատ կարճ ժամանակահատվածում մահացող օրգանիզմը վերակենդանացնելը: Կամ պետք է վերակենդանացնել, կամ էլ ընդհանրապես անջատել արհեստական շնչառության սարքն ու թաղել: Տարիներ շարունակ մեր գիտությունը կոմայի մեջ է: Նրանից պահանջել ակտիվ մասնակցություն տնտեսության մեջ, ներգրավվածություն կրթական պրոցեսների մեջ, ուղղակի խոսքեր են: Կա՛մ դա ասողները չեն հասկանում, թե գիտությունը ինչ վիճակում է, կա՛մ էլ հասկանում են, բայց ասում են գեղեցիկ խոսք ասելու և իրենց վրայից բոլոր այն պարտավորվածությունները հանելու համար, որոնք պետք է անեին, որպեսզի գիտությունն այս վիճակում չհայտնվեր», — շեշտում է գիտնականը:

Վերջինս գիտության վատթար վիճակն ապացուցում է զուտ գիտաշխատողների քանակի մասին թվերով: «Եթե 25-30 տարի առաջ, մինչև Խորհրդային Միության փլուզումը, ունեինք 25 000 գիտաշխատող, ապա հիմա ունենք ամենաշատը չորս հազար, որից կեսը որևէ նորմալ բանով չի զբաղվում, այսինքն՝ ռեալ աշխատող գիտնականների թիվը հազիվ 2000-ը լինի: Պետությունն ունի խնդիր այս 2000 գիտնականի համար նորմալ պայմաններ ստեղծելու: Բացի դա, գիտնականների թիվը գնալով նվազում է: Համակարգը ծեր է, տարիքն առած գիտնականները մահանում են, նորերը չեն գալիս նրանց փոխարինելու:

Երբ պետությունն իր գործառույթը կիրականացնի, կստեղծի այնպիսի պայմաններ, որում այդ ակտիվ աշխատող գիտնականները նորմալ կաշխատեն, դրանից հետո երկրորդ քայլը կլինի՝ մտածել, թե ինչպե՞ս կարելի է նրանց ընդգրկել տարբեր պրոցեսների մեջ»:

Ակնհայտ է թերևս, որ առանց ֆինանսական միջոցների անհնար է լուրջ հաջողություններ գրանցել: Վարչապետն առաջարկում է հրաժարվել փողի մասին խոսակցությունից, որովհետև «հարցն այն չէ՝ փող կա՞, թե՞ չկա, այլ այն, թե ինչ ենք ուզում»:

«Եթե հետազոտություն անելու համար գումար է անհրաժեշտ, և այն չկա, գիտնականը պետք է ասի՝ լավ, եկեք հետազոտություն անենք: Եթե նույնիսկ գիտնականն անվճար աշխատի, հետազոտության համար սարքեր, հավելյալ նյութեր են պետք, որոնց գնման համար գումար է պետք: Եթե այն չկա, գիտնականն ի՞նչ պետք է անի: Այլ հարց է նաև գիտնականների ցածր աշխատավարձը: Գիտության ոլորտում միջին աշխատավարձը գրեթե երկու անգամ ավելի ցածր է, քան պետական ոլորտի միջին աշխատավարձը: Թող նախ այդ խնդիրները լուծեն: Եթե մարդկանց ոչ թե 1-2, այլ 30 տարի դնում եք վատ պայմանների մեջ, և նրանք աշխատում են, վերջիններս կա՛մ հերոսներ են և պետք է խոնարհվել նրանց առաջ, կա՛մ էլ ընդհանրապես այդ համակարգը պետք է փակել, ազնիվ գտնվել ու ասել՝ մեզ գիտություն պետք չի: Գնացեք, ինչ ուզում եք արեք, տաքսի քշեք», — եզրափակում է Հովակիմ Զաքարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Աղբյուրն՝ այստեղ