11 Դեկտեմբերի 2019թ. 21:08

ՎԵՑ ՏԱՐԻ ԱՌԱՋ, ԳԱՐՆԱՆԸ …

2013 թվականի գարունն էր:

Պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանն աշխատում էր միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի պորտրետի վրա: Այդ օրերին ես հաճախ  էի լինում նրա արվեստանոցում:

Շատ էինք զրուցում հոգևոր արժեքների մասին: Կտավների մեջ միշտ ուզում էր հնարավորինս շատ տեղեկատվություն տեղադրել Հայաստանի մասին: Վահանյանի պորտրետը մշակելիս, ետնապատկերի համար մի քանի տարբերակներ ուներ: Չէր կարողանում կողմնորոշվել, թե դրանցից որն ընտրի: Նրան առաջարկեցի իմ տարբերակը, ասացի՝

-Գուցե՞ Շուշիի բերդը դրվի…

Մտածեց մի պահ, ու միանգամից պայծառացավ դեմքը, ասաց՝

-Գիտե՞ս, փայլուն միտք է. Շուշիի ազատագրումը շրջադարձային է մեր ժողովրդի պատմության մեջ: Մի սպիտակ նժույգ կդնեմ նաև: Խորհրդանշական կլինի երկու առումով էլ, Վահանյանի սիրած ֆիգուրն է…

Ի՞նչ իմանայի այն ժամանակ, որ ամենամոտ ապագայում ինձ վիճակված է լինելու աշխատանքի անցնել հենց Շուշիում:

Ճարտարապետաշինարարական համալսարանի ավագ դպրոցի աշակերտներն, իմանալով Վահանյանի պորտրետի ստեղծման մասին, մեծ խանդավառությամբ որոշեցին բեմադրել աշխարհահռչակ գրոսմայստերին նվիրված “Միայնակ թագավորի մասին” հեքիաթը:

Պիտի ասեմ, որ նրանք դա արեցին վարպետությամբ:

Այստեղ մեծ էր նաև տաղանդաշատ ուսուցչուհի Նանա Թաիրյանի դերը, ում կողմից իրականացվեց բեմադրության ռեժիսուրան: Ցավոք, նա այլևս մեր դպրոցում չի աշխատում: Բայց դա բոլորովին այլ խոսակցության նյութ է:

2013 թվականի եռատոնին ամեն ինչ պատրաստ էր:

Երեխաները մեծ ուրախություն պարգևեցին մեզ բոլորիս, և առաջին հերթին մեր ժողովրդի երկու տաղանդավոր զավակներին՝ Ռաֆայել Վահանյանին և Ալբերտ Սոխիկյանին:

Վեց տարի է անցել: Ալբերտ Սոխիկյանի կորուստը ճարտարապետաշինարարականի համար ծանր հարված էր: Այդ դասագրքերում են գրում, որ անփոխարինելի մարդիկ չկան:

Իրականում այդպես չէ: Իմ խորին համոզմամբ, անհատներն են կերտում ապագան: Եվ ճարտարապետաշինարարական համալսարնի ապագան կերտողներից մեկը՝ Ալբերտ Սոխիկյանն էր:

Քանի որ անփոխարինելի մարդիկ չկան, Սոխիկյանին փոխարինեցին ուրիշներով: Սակայն ապագայում համալսարանն արդեն  կունենա բոլորովին այլ պատմություն՝ ԱՌԱՆՑ ՍՈԽԻԿՅԱՆԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ …

Հովհաննես Թոքմաջյան

2006-2014 թթ. Երևանի ճարտարապետաշինարարական

համալսարանի ռեկտոր, տ.գ.դ., պրոֆեսոր