16 Սեպտեմբերի 2019թ. 12:04

ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է. Ռաֆայել Վահանյան

2019 թ. մայիսի 7-ին նշանակվել է մրցույթ Շենգավիթի շրջանում գտնվող լեգենդար գրոսմայստեր Ռաֆայել Վահանյանի շախմատի դպրոցի տնօրենի պաշտոնի համար, որին մասնակցելու իրավունք չունի ինքը՝ դպրոցի հիմնադիր եւ գործող տնօրեն Ռաֆայել Վահանյանը:

Մարզադպրոցի աշխատակիցները, բազմաթիվ շախմատիստներ, մտավորականներ, բաց նամակով դիմել են քաղաքապետ Հայկ Մարությանին: Նրանք խնդրում են կասեցնել մայիսի մրցույթը եւ օրենսդրական ճանապարհով լուծել խնդիրը:

Ըստ որոշ աղբյուրների, Ռաֆայել Վահանյանը կարող է հրաժարվել պետական պարգևներից, Երեւանի պատվավոր քաղաքացու կոչումից, շախմատի իր դպրոցից ու հեռանալ Հայաստանից:

Այս հարցերի վերաբերյալ աշխարահռչակ գրոսմայստերն ասաց հետևյալը.

Ստեղծված իրավիճակն իհարկե հաճելիներից չէ: Եթե հարցը չվերաբերեր ինձ, կարող էի ավելի կոշտ գնահատական տալ: Սակայն դա երկրորդական է: Իսկ հիմա, պարզապես ուզում եմ ասել. ամեն մեկը կգտնի բավարար հիմնավորումներ իր կատարածն արդարացնելու համար, ճիշտ կամ սխալ, կարևոր չէ, մարդու էությունն է այդպիսին: Սակայն կան սկզբունքներ, որոնցից չեմ ուզում և չեմ կարող հրաժարվել. ամբողջ կյանքում ես եղել ու շարունակում եմ մնալ իմ ժողովրդի հետ: Ես նրա մի մասնիկն եմ, փոքր թե՞ մեծ՝ կգնահատի ժամանակը: Որևէ տեղ մշտական բնակության չեմ մեկնելու, որևէ պարգևից չեմ հրաժարվելու: ՀԱՅՐԵՆԻՔՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՐՁԱԿ ԱՐԺԵՔ Է: ՍԱ Է ԵԼԱԿԵՏԸ…

Նկարում՝ պրոֆեսոր Ալբերտ Սոխիկյանի կերտած Ռաֆայել Վահանյանի պորտրետի շնորհանդեսը, Երևան 2013թ.