16 Սեպտեմբերի 2019թ. 12:40

Վահե Մակարյան. Կառավարությունը գտնում է, որ գործող կադաստրային արժեքները խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից

Կառավարությունը երեկ ընդունեց անշարժ գույքի կադաստրի կոմիտեի մշակած «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով Անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը, որի արդյունքում էականորեն բարձրանալու է գույքահարկը, հատկապես՝ Երեւանի կենտրոնի։ Նախագիծը զեկուցում էր Կադաստրի պետական կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը։ Իսկ երբ Քաղշինկոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանը ձեռք բարձրացրեց, որ դեմ արտահայտվի եւ խնդիրներ մատնանշի, Նիկոլ Փաշինյանն արագ փակեց թեման ու հարցը դրեց քվեարկության՝ թույլ չտալով, որ Վերմիշյանն իր առարկությունները ներկայացնի։

Այս նախագծով կառավարությունը գտնում է, որ գործող կադաստրային արժեքները խիստ տարբերվում են ներկայիս շուկայական արժեքներից, ուստի որոշել է փոխել անշարժ գույքի կադաստրային արժեքների գնահատման կարգը՝ դրանք մոտեցնելով շուկայական արժեքներին։ Նիկոլ Փաշինյանը սա համարում է սոցիալական հավասարությանն ուղղված բաղադրիչ՝ թերեւս նկատի ունենալով նախկին իշխանության օլիգարխների շքեղ առանձնատները, որոնց համար վճարվող գույքահարկը նրանց ցածր է թվում։

Նիստից հետո Սարհատ Պետրոսյանից հետաքրքրվեցինք՝ կադաստրայի՞ն արժեքով է փոփոխություն կատարվելու, թե՞ շուկայական, եւ դրանից գույքահարկն ավելանալո՞ւ է, թե՞ ոչ։ «Տեսեք, անշարժ գույքի գների մասին խոսք չկա։ Այս նիստին խոսքը եղել է մի բանի մասին․ մենք ունենք կադաստրային գներ՝ անշարժ գույքին վերաբերող, որոնք հնացած են՝ 2002 թվականին են կատարվել վերջին շտկումները։ Մենք ուսումնասիրել ենք շուկան, դրա հիման վրա «կադաստրային արժեք» հասկացությունը, որն էականորեն զիջում է շուկայում եղած թվերին, մոտեցրել ենք շուկային։ Դրա կիրառման ձեւերից մեկը անշարժ գույքի հարկումն է, որը դեռեւս չի քննարկվում»,- ասաց նա։

— Իսկ շուկայական արժե՞քն ինչպես եք որոշելու։

— Տեսեք, շուկայական արժեքի համար կան անկախ գնահատողներ, որոնք իրականացնում են գնահատումները։ Իրենք մեզ մոտ որակավորում են անցնում եւ իրականացնում են գնահատումը։ Հիմա մենք ողջ հանրապետության տարածքում իրականացրել ենք բազմաթիվ գնահատումներ, դրա հիման վրա ամբողջ ինֆորմացիան վերլուծվել է տարածության մեջ, այլ տվյալներ են ավելացվել, եւ ստացել ենք նոր գնահատման տրամաբանություն։ 2018 թվականին ՀՀ ամբողջ տարածքում գնահատվել է 51 հազար գույք, դրան ավելացվել են նաեւ Կադաստրի կոմիտեի բազայում եղած գույքերի վաճառքների մասով այն տվյալները, որոնք հավաստի են, եւ էս երկու տվյալների վերլուծության արդյունքում մենք ստացել ենք մեկ այլ պատկեր։ Մենք նաեւ կատարել ենք գոտիավորման փոփոխություն, ամբողջ Հայաստանը բաժանված է 22 գոտու, օրինակ՝ Երեւանի կենտրոնը, որ ավելի մեծ գոտի է, ջլատել ենք, որ ավելի մանր տարածքներ ունենանք։ Եվ հնարավոր է՝ այս նախագծի ընդունումից հետո կենտրոնում անշարժ գույքի կադաստրային արժեքը շոշափելի բարձրանա։ Եվ եթե այդ նախագիծն Ազգային ժողովը հաստատեց, ապա հաջորդ քայլով մենք կառավարության որոշմամբ ֆիքսելու ենք, որ Երեւանի կենտրոնի N հողի մեկ քմ-ի կադաստրային արժեքը, որ մենք ֆիքսել էինք 60 հազար դրամ, այլեւս 330 հազար դրամ է։ Այդ նախագիծը պատրաստ է, մենք շրջանառել ենք։

— Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը քննադատել է ձեր նախագիծը՝ նշելով, որ եթե պետությունը բարձրացնում է գույքահարկը, ուրեմն պիտի պատրաստ լինել նաեւ գնել այդ տունը։

— Պետությունը չունի նման լիազորություն, բայց ինձ թվում է՝ պարոն Բագրատյանի տեքստում մի քանի խնդիր կա։ Առաջինը, որ պետությունը դեռ դրույքաչափ չի սահմանել։ Պետությունը տնտեսագետ Հրանտ Բագրատյանի եւ ցանկացած քաղաքացու տալիս է մի գործիք, որ ինքը հասկանա, թե սրա կադաստրային արժեքն ինչ է, ու ինչքանով ինքը պիտի իրականությանը մոտ լինի։ Ինքն էնտեղ ճիշտ բան է ասում, որ կադաստրային արժեքը պետք է լինի 20-25 տոկոս ցածր, քան թե շուկայական արժեքն է, նույն տրամաբանությունը մեզ մոտ կա։ Այսինքն՝ ի սկզբանե խնդիր է դրվել, որ առավելագույնը 25 տոկոս պետք է շեղում լինի շուկայական արժեքից։ Դա եւս մենք ընդունել ենք։ Էս պահին, նորից եմ ասում, միակ քննադատվող բանը, որ կարող է լինի, որ «ձեր բանաձեւում չեք հաշվել չգիտեմ ինչը, օրինակ՝ շենքի վրա խաչ կա՞ քանդակած, թե չէ»։ Դա միակ բանն է, որ էս պահին կա։ Հաջորդ քննադատությունը, որ կարող է լինել, այն է՝ մեր տարածագնահատման գոտիները ճի՞շտ են, թե՞ սխալ են։ Մենք պատրաստ ենք դրանք քննարկել։

— Ի վերջո, եթե Ձեր առաջարկած նախագծերի փաթեթն ընդունվի, գույքահարկը վերջնարդյունքում ինչքա՞ն կբարձրանա։

— Գույքահարկը պիտի բարձրանա, ինչքան՝ ես չեմ կարող ասել։  Ինձ թվում է՝ բոլորինը պիտի բարձրանա, բայց էն շեմը, որից ներքեւ չէինք հարկում, այդ շեմը մեր հաջորդ գործիքն է։

— Նիկոլ Փաշինյանն ասաց, որ սրանով սոցիալական հավասարության եւս մեկ բաղադրիչ է ավելանալու, այսինքն՝ հարուստները կսկսեն բա՞րձր գույքահարկ վճարել իրենց բնակարանների համար։

— Միանշանակ, ե՛ւ իրական, ե՛ւ բարձր գույքահարկ կվճարեն։ Այսինքն, եթե, օրինակ, Մոնումենտում հայտնի գույքը շուկայում շրջանառվում է 2 մլն դոլարով, բայց ինքը տալիս է տարեկան 4000 դոլար, դա նորմալ չէ, աշխարհում ոչ մի տեղ նման բան չկա։ Հիմնական դասագրքային տարբերակն այն է, որ պետք է շուկայական արժեքի 1 տոկոսը վճարվի, բայց շատ քիչ երկրներ կան, որ մեկ տոկոս ունեն։ Իսկ մեզ մոտ այս պահին 0.1 տոկոս է ամենաբարձրը, մենք 0.003 տոկոս էլ ունենք։