16 Սեպտեմբերի 2019թ. 12:28

մարինաների ժամանակը ճարտարապետության և շինարարության համալսարանում

Այսօր հայտնի դարձավ, որ օրերս Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, կիսագաղտնի պայմաններում, տեղի է ունեցել պրոռեկտոր Մարինա Ղազարյանի թեկնածուական ատենախոսության նախնական քննարկումը, ինչը լուրջ դժգոհություն է առաջացրել բուհի դասախոսների ու ուսանողների մոտ: Այս թեմային է անդրադարձել rector.am-ը ( այստեղ):

Համալսարանի աշխատակիցներից շատերը համոզված են, որ Մարիա Ղազարյանի համար թեկնածուական ատենախոսությունը պատրաստվում է, որպես յուրօրինակ ընծա, բուհի վարչախմբի հանձնարարությամբ, որի պարագլուխը` Գագիկ Շաղաբեգի Գալստյանն ինքն էլ հիմնավոր կերպով խրված է իր դոկտորական ատենախոսության խնդիրների մեջ:  Նրան մեղադրում են ատենախոսությունում գրագողության տասնյակ դեպքերի առկայության համար: Եվ հիմա նա, ով որևէ կերպ չի կարողանում բացատրություն տալ իրեն վերագրվող արտագրությունների մասով, փորձում է իր տեղակալ Մարինա Ղազարյանին, ձեռքի հետ, թեկնածու սարքել: Աղվեսի ու ցախավելի պատմությունն իսկը սրա համար է:

Սա կամ արհամարհանք է բուհի նկատմամբ, կամ էլ` ռեկտորի համար իրողությունից անհուսալի կտրված իրավիճակ է ստեղծվել:  Բոլորը հասկանում են, որ Մարինա Ղազարյանին թեկնածու դարձնելու որևէ հեռանկար գոյություն ունենալ չի կարող: Եվ բոլոր այն պաշտոնատար անձինք, ովքեր կփորձեն խաղալու այս ֆարսը, պատասխան պիտի տան հասարակության առաջ:

Ցանկացած ամբիոնի առջև, ցանկացած երկխոսություն` շինարարությանն առնչվող ցանկացած ուղղությամբ, մի քանի րոպեում կբացահայտի Մարինա Ղազարյանի սնանկությունն այս գործում: Իսկ այն, որ հանրապետությունում կգտնվեն բավարար թվով անձինք, ովքեր պատրաստ կլինեն Մարինա Ղազարյանին հրավիրելու մասնագիտական բանավեճի, ոչ ոք թող կասկած չունենա:

Մնում է ևս մեկ հարց. համալսարնի գիտքարտուղար Լևոն Լևոնյանը (նկարում` աջից) պետք է ասի , թե երբ ու ինչ մասնագիտությամբ է հաստատվել պրոռեկտոր Մարինա Ղազարյանի ատենախոսության թեման, որ ամբիոնի ներկայացմամբ է այն մտել գիտխորհուրդ և ինչպես է դրա վերնագիրը: Այս հարցերի պատասխանը պետք է տրվի անմիջապես, որից հետո պետք է ստեղծվի մասնագիտական խումբ այս բոլորի հիմքերն ուսումնասիրելու համար:

Հիշեցնենք, որ Մարինա Ղազարյանը, բուհի պրոռեկտոր է նշանակվել ռեկտոր Գագիկ Գալստյանի վոլյունտարիստական որոշման հիման վրա: Առնչություն չունենալով ոչ շինարարության և ոչ էլ` Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի հետ, Մարիա Ղազարյանին ռեկտորի կողմից տրվել են անսահմանափակ իրավունքներ, ընդհուպ մինչև բուհը արտերկրում ներկայացնելը:

Հենց Մարինա Ղազարյանի ներկայացման հիման վրա է աշխատանքից ազատվել համալսարնի գլխավոր հաշվապահ Նունե Հունանյանը, ով մեծ հեղինակություն էր վայելում բուհում:  Բայց սա առանձին խոսակցության թեմա է և մենք շուտով դրան կանդրադառնանք:

Ասում են նաև, որ Մարինա Ղազարյանը անընդհատ գործուղումների մեջ է, և հիմնականում նրա վրա է ծախսվում համալսարանի գործուղումների հսկայական ֆոնդը:

Ահա այսպիսին է իրավիճակն այսօր ճարտարապետության և շինարարության համալսարանում, այսօր բուհում մարինաների ժամանակն է…

Ու դա կշարունակվի ուղիղ այնքան, քանի դեռ չի կանգնեցված ռեկտոր Գագիկ Գալստյանի պաշտոնավարման ժամացույցը: