Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի պրոֆեսոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Պետրոս Համբարձումյանը բաց նամակով դիմել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին ու խորհրդի անդամներին: Այս մասին հայտնում է rector.am-ը:
Հոգաբարձուների խորհրդի հարգելի նախագահ, պարոն Վլադ Ասատրյան
Հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում վերջին 5 տարիներին տեղի են ունենում գործընթացներ, որոնք հարիր չեն մեր բուհի ավանդույթներին ու չեն համապատասխանում այն տեսլականին, ինչին ձգտել ենք տասնամյակներ շարունակ: Համալսարանի ռեկտոր Գագիկ Գալտյանը և իր վարչակազմը շարունակաբար կատարում են գործողություններ, որոնց օրինականությունը կասկածների տեղիք է տալիս:
Շուրջ 45 տարի լինելով համալսարանում, ուսանողի կարգավիճակից հասնելով մինչև պրոֆեսոր, ես չեմ ուզում և չեմ կարող աչք փակել այն երևույթների դեմ, որնք տեղի են ունենում համալսարանում՝ ռեկտոր Գագիկ Գալստյանի անմիջական ղեկավարությամբ:
Իմ մտահոգությունները բազմիցս հայտնել եմ նաև լրատվության զանգվածային միջոցներով: Պաշտոնապես դիմել եմ նաև բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին ու խորհրդի անդամներին: Ի պատասխան, ստացել եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանի ու ռեկտոր Գագիկ Գալստյանի 01.07.2019թ. թիվ 01-05-01/01-04 գրությունը, որով մերժվել է ինձ տեղեկատվություն տրամադրել, քանի որ այդ հարցերին առնչվող դատարանում քաղաքացիական գործեր են քննվում:
Հայտարարում եմ, որ քննվող գործերը միայն մասամբ են առնչվում իմ հարցադրումներին: Բացի այդ, որևէ իրավական սահմանափակում չկա և չի կարող լինել համալսարանին գործունեությանն առնչվող տեղեկատվություն ստանալու համար, քանի որ թափանցիկությունն ու հրապարակայինությունը համալսարանների գործունեության հիմնական սկզբունքներից է: Այնպես, որ Վլադ Ասատրյանի ու Գագիկ Գալստյանի պատասխանը տրամաբանությունից դուրս է ու հիմնազուրկ: Բացի այդ հոգաբարձուների խորհրդի նախագահը չի կարող դուրս գալ օրենքով իրեն վերապահված լիազորություններից ու պաշտոնական կարծիք հայտնել այլ կերպ, քան հոգաբարձուների խորհրդի որոշմամբ ձևավորված կարծիքն է:
Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով, որ ՀՀ հիմնադրամների մասին օրենքի 25 հոդվածի առաջին մասի 10-րդ կետի և համալսարանի կանոնադրության 29 կետի 5 ենթակետի պահանջներով, հոգաբարձուների խորհրդին է վերապահված հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
Խնդրում եմ հոգաբարձուների խորհրդի նախագահ Վլադ Ասատրյանին, հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու նպատակով, համալսարանի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման շրջանակներում ստեղծել ժամանակավոր հանձնախումբ՝ ուսումնասիրելու համար հետևյալ հարցերը.
- 2014-2019թթ. ի՞նչ հաստոցներ ու մամլիչներ են դուրս գրվել համալսարանի հաշվեկշռից: Ի՞նչ հիմքերով է իրականացվել դուրսգրման գործընթացը: Որ ամբիոններից կամ ստարաբաժանումներից է այն իրականացվել (կոնկրետ համարներով և մակնիշներով): Որտե՞ղ և ի՞նչ վիճակում են հիմա դրանք:
- 2014-2019թթ. ի՞նչ հաստոցներ ու մամլիչներ են տարվել համալսարանից, որոնք նվիրաբերված են եղել համալսարանին, սակայն նրա հաշվեկշռում գրանցված չեն եղել (կոնկրետ համարներով և մակնիշներով): Որտե՞ղ և ի՞նչ վիճակում են հիմա դրանք:
- Ե՞րբ են համալսարանից տարվել 1-ին և 2-րդ կետերով նշված այն հաստոցները և մամլիչները, որոնք հանձնվել են որպես մետաղի ջարդոն: Մանրակրկիտ ուսումնասիրել հաստոցները և մամլիչները, որպես մետաղի ջարդոն հանձնելու կասկածելի գործընթացը:
- Ի՞նչ արժեքի և ինչպիսի՞ անվանումների նվիրատվություն է ստացել համալսարանը Ճարտարապետական ու շինարարական կրթության աջակցման հիմնադրամից 2015-2017թթ.-ին, ուումնասիրել նվիրաբերված գույքի փաստաթղթերի հիմքերը: Ինչո՞ւ մինչ այժմ շահագործման չի հանձնվում համալսարանի ճաշարանը:
- Թերբեռնված խմբերում նվազեցված ժամաքանակներով պարապմունքների հետևանքով ինչքա՞ն է կազմել պետությանը և վճարովի համակարգի ուսանողներին պատճառված վնասը` համալսարանի կողմից ստանձնած պարտավորությունները թերի կատարելու հետևանքով:
- Քանի իրավախորհրդատու, իրավաբան կամ փաստաբան է աշխատում համալսարանում, ի՞նչ հաստիքներով, և որքա՞ն միջոցներ են ծախսվում համալսարանի բյուջեից, նրանց տարեկան ծախսերը հոգալու համար:
- Որքա՞ն է կազմել ռեկտոր Գագիկ Գալստյանի և պրոռեկտոր Մարինե Ղազարյանի գոծուղումների ծախսերը 2014-2019թթ.՝ ըստ տարիների և ֆինանսավորման աղբյուրների: Փաստացի ի՞նչ ժամկետներով են այդ երկու անձնավորությունները բացակայել Հայաստանի Հանրապետությունից, համընկնում են արդյո՞ք այդ ժամկետները նրանց գործուղման և արձակուրդում լինելու ժամկետների հետ:
- Քանի ստորաբաժանում է եղել համալսարանում մինչև հիմնադրամ դառնալը և որքա՞ն է այն ներկայումս: Քանի լսարան է փակվել, չինովնիկների համար կաբինետներ սարքելու նպատակով:
- Ովքե՞ր և ի՞նչ չափի պարգևատրումներ են ստացել համալսարանից 2014-2019թթ.:
- Ինչո՞ւ համալսարանի պաշտոնական կայքում չի տեղադրված համալսարանի 2014-2019թթ. գործունեության մասին ամբողջ տեղեկատվությունը (առկա է միայն 2018թ. հաշվետվությունը):
Առաջադրելով այս հարցերը, կարծում եմ, որ Վլադ Ասատրյանը հստակ գիտակցում է այն պատասխանատվությունը, որը ստանձնել է համալսարանի հագաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնում ընտրվելիս: Ուստի լիահույս եմ, որ նա պիտի գործի պահպանելով օրենքի տառը, վեր կանգնելով ռեկտոր Գագիկ Գալտյանի նկատմամբ պրոտեկցիոնիզմի ցուցաբերման դրսևորումներից: Այդպիսով հնարավոր կլինի ապահովել բարձրացված հարցերի անկողմնակալ, թափանցիկ ուսումնասիրությունների իրականացումը և դրա արդյունքների հիման վրա շահագրգիռ, լայն քննարկման կազմակերպումը:
Պարոն Ասատրյան, հոգաբարձուների խորհրդի հարգելի անդամներ, մեր հայրերի, եղբայրների և քույրերի կողմից տասնյակ տարիների ընթացքում ստեղծված համալսարանի պահպանումը և զարգացման ապահովումը կաևորագույն գործառույթ է: Այն այսօր վտանգված է: Համոզված եմ, որ Դուք լիարժեք կկատարեք օրենքով և համալսարանի կանոնադրությամբ Ձեզ վերապահված լիազորությունները:
Հարգանքով՝
Պետրոս Համբարձումյան
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
08.07.2019թ.
P.S. Եթե այս անգամ էլ, հոգաբարձուների խորհրդի անդամները չարձագանքեցին պրոֆեսոր Համբարձումյանի հարցադրումներին, անհրաժեշտություն կառաջանա դիմել համալսարանի հիմնադիրին, դրանց ուսումնասիրությունը կազմակերպելու համար: