4 Հոկտեմբերի 2023թ. 21:26

ԱՇՈՏ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ. ՄԱՐԴ ԼԵԳԵՆԴ՝ ՈՒՄ ՄԵՆՔ ԿԱՐՈՏՈՒՄ ԵՆՔ …

…  Աշոտ Քալանթարյանն այսօր կդառնար 95 տարեկան։

Մեր ժողովրդի նվիրյալ զավակի մասին,  ներկայացնում ենք հատվածներ Գոհար Գարունի հուշերից, որը գրվել է ԱՇՈՏ ՔԵՌԻԻ կենդանության օրոք.

Բարի, զուսպ, հանդարտ ու համեստ անձնավորություն է Աշոտ Քալանթարյանը:

Նա իր մասին չի խոսում, չի պատմում պատերազմական քաջագործություններից, ոչ էլ հերոսական անցյալից է դրվագներ ներկայացնում: Այդ մասին սիրով ու ոգևորությամբ հիշում ու պատմում են ականատես զինակից-մարտիկները….

Լոռեցի տասնյոթամյա պատանու համար կռիվն սկսվել էր դեռևս հայրենական մեծ պատերազմից, ապա շարունակվել տասնամյակներ անց` արցախյան ազատագրական պայքարում:

Վաթսունչորս տարեկանում գոյամարտին մասնակցած ազատամարտիկի անունն ու գործը անքակտելիորեն կապվում են Գետաշեն-Մարտունաշեն-Շահումյան բնակավայրերի հետ: Իսկ նրա կատարած հնարամիտ սխրանքների մասին շատերը գիտեն, սխրանքներ, որոնք չեն գնահատվել հավուր պատշաճի, այլապես նրա կուրծքը պիտի զարդարված լիներ կառավարական բարձր պարգևներով:

1988թ., «Հայք 1» արտադրական ընդհատակյա խումբը զբաղվում էր զենքի տարբեր տեսակների պատրաստմամբ` զինամթերքի ծածկոցներ, հանդերձանք, ազդանշանային հրթիռներ արձակող սարքեր, որոնք առաքվում էին պատերազմական գոտի:

13 հոգանոց փորձարկող խմբի կոնստրուկտորն Աշոտ Քալանթարյանն էր:

Նրա հեղինակած ձեռքի բեկորային և հրկիզիչ նռնակները, հակատանկային ականների նմուշները շատ ավելի կատարելագործված էին, քան մինչ այդ եղածները:

1989թ. գլխավոր կոնստրուկտորը Հադրութի շրջանի Սպիտակաշեն գյուղ գործուղվեց հայրենանվեր առաքելությամբ` իր կոնստրուկտորական գիտելիքներն օգտագործելու ռազմական տեխնիկայի բնագավառում:

Արցախում հայ-ադրբեջանական հակասություններն արդեն խիստ լարված էին, ընդհարումներ էին տեղի ունենում: 1990 թվականին Աշոտ քեռին մեկնեց Գետաշենի ենթաշրջան` կազմակերպելու զենք-զինամթերքի առաքումն ու պահեստավորումը: Գուրգեն Առաքելյանի` Մարտունաշենում տեղակայված ջոկատին անդամագրվեց զինագործ-ազատամարտիկը և մասնակցեց տեղի ունեցող բոլոր մարտական գործողություններին:

Աշոտ քեռին ազերիների համար դարձավ հայտնի և փնտրվող (Էրմանի Աշոտ դայի), երբ նրան հաջողվեց հակառակորդի կողմից Մարտունաշենում պայթեցված ջրատարը վերանորոգել` ծանր ու վտանգավոր պայմաններում զոդման աշխատանքներ կատարելով: Այնուհետև նրա ստանձնած կարևորագույն և անհետաձգելի հանձնարարությունը նոյեմբերի 29-ին էր` Գետաշենի պաշտպանության ղեկավար Թաթուլ Կրպեյանի կարգադրությամբ Մարտունաշենում` հարձակման հավանական ուղղության վրա հակատանկային ականներ տեղադրել: Նա այդ հույժ կարևոր հրամանն էլ կատարեց:

Ապրիլի 11-ին ողջ գիշեր գնդակոցություն էր տեղի ունենում: Լուսաբացին կատաղի հրաձգություն սկսվեց Մարտունաշենի ուղղությամբ: Առաջին վիրավորներին Գետաշենի հիվարդանոց տեղափոխողներից մեկը՝ ՔԵՌԻՆ ԷՐ: «Արաբոյի» հրամանատար Մանվել Եղիազարյանը, որը նույնպես վիրավորվել էր, նկատելով Քեռուն, կարգադրեց` շտապ գնալ Մարտունաշեն, թշնամու խփված զրահամեքենան գյուղ իջեցնել, ապա պայթեցնել Կուշչի-Արմավիր և Մարտունաշեն գյուղերի միջտարացքի բարձունքին գտնվող Սպիտակ տունը:

Ժամեր անց, կյանքը վտանգի ենթարկելով, Քեռին կատարեց հրամանատարի կարգադրությունը, որով էլ կանխվեց հակառակորդի նախապատրաստած հարձակումը:

Ապրիլի 30-ին օմոնականները, խորհրդային բանակի զինվորների հետ, զինված ռազմական հզոր տեխնիկայով, շրջափակեցին Գետաշենը: Ուժերն անհավասար էին: Գյուղի հերոս պաշտպաններից շատերն ընկան մարտում: Մյուսներն էլ անկարող էին կռվել և դիմակայել զինտեխնիկայով համալրված բազմաքանակ զորքին:

Աշոտ քեռին` դիմադրություն ցույց տալով հակառակորդին, դեռ շարունակում էր ակտիվ գործողություն ծավալել ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար: ԽՍՀՄ ներքին զորքերի մայոր Կորոբցովը, որը դաժան հրամաններ էր արձակում` հանել ու գնդակահարել մարդկանց, տեսնելով Քեռու համառությունն ու անդրդվելիությունը, ծաղր ու ծանակի ենթարկելով նրան, հոխորտում էր «Չեմ նայի, որ Մեծ հայրենականի մասնակից ես և կառավարական պարգևներ ունես, այդ նշանների ձուլվածքը կոկորդիդ մեջ կլցնեմ…»:

Լուսաբացին օմոնականները, տակն ու վրա անելով գյուղը, փնտրում էին «Աշոտ Դայուն», մինչդեռ Քեռին գյուղը լքող վերջին խմբի` «Գետաշենի» ջոկատի տղաների և կապավոր Լենա մայրիկի հետ գիշերով անտառային լեռնոտ տեղանքը հաղթահարելով` դժվարությամբ հասավ Շահումյան:

Նա Շահումյանի Խրխափոր գյուղի անտառային մի տնակում շարունակեց զինագործի իր աշխատանքը` կազմակերպեց ինքնաշեն ականների արտադրություն, որով ականապատեց թշնամու հնարավոր ներխուժման բոլոր ճանապարհները և հետո միայն մեկնեց Երևան: Անհանգիստ մարդը տեղում նստել չէր կարող:

1991 թ. հունիսին ինժեներ-զինագործը վերստին հայտնվեց սահմանամերձ այն վայրերում, որտեղ պաշտպանական մարտեր էին շարունակվում` Գորիսում, Սիսիանում, Վայքում, Կապանում, Նոյեմբերյանում:

1992 թ. ամռանը տարեց ազատամարտիկը, Գագիկ Վարդանյանի հրամանատարությամբ կազմավորված ջոկատի հետ մեկնեց Արցախ, մասնակցեց ազատագրական բազմաթիվ մարտերի: Զինագործի վարպետությամբ արարեց, ազատամարտիկի առնականությամբ մարտնչեց մինչև պատմական հաւթանակ:

Միշտ չէ, որ ճակատները դափնիներով զարդարվածներն իսկական հերոսներ են:

Շատ հերոսներ են ապրում մեր կողքին` առանց դափնիների և իրենց համեստ, զուսպ կենսակերպով հարստացնում ու իմաստավորում են մեր կյանքը: Նրանցին մեկն էլ, ահավասիկ, ծերունազարդ վետերանն է, բնիկ լոռեցին` իր պարզ ու շիտակ, համեստ ու լուռ կեցվածքով: Հաղթանակի կենդանի պատգամախոսը` կոնստրուկտոր, զինագործ-ազատամարտիկ Աշոտ Քալանթարյանը, հանրաճանաչ Քեռին:

ԳՈՀԱՐ ԳԱՐՈՒՆ

P.s. Փառք բոլոր մեր հերոսներին. BUH.AM