22 Սեպտեմբերի 2023թ. 6:40

Լավագույնները հեռանում են. Հենրիխ Գարոյանը գնաց հավերժի ճանապարհով

Մահացել է Հենրիխ Բաբկենի Գարոյանը՝ միասնական պոլիտեխնիկի գլխավոր խորհրդանիշներից մեկը…

1070-ականների կեսերից սկսած, մինչև Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի տրոհումը՝ 1989 թվականը, Հենրիխ Գարոյանը հանդիսացել է այդ լեգենդար ինստիտուտի կարևորագույն դերակատարներից մեկը։

Լինելով ինստիտուտի կուսկոմիտեի քարտուղարը, նա ոչ միայն խուսափեց լինել ռեկտորի «շարունակությունը», այլև շատ հարցերում ընդդիմանում էր կուսակցության վերնախավի պահանջներին, և, մեծ հաշվով դարձավ այլընտրանք բազմաթիվ պոլիտեխնիկցիների համար։

Նաև Հենրիխ Գարոյանի անմիջական ջանքերի շորհիվ, այդ տարիներին ինստիտուտում իրականացվեցին հսկայածավալ բարեփոխումներ և Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը դարձավ Խորհրդային Միության առաջատար ինժեներական բուհերից մեկը։ Այդ տարիների ինստիտուտի շրջանավարտները մեծ պահանջարկ ունեին նաև արտերկրում։ Մասնավորապես, երբ 2013 թվականին ես «CIGB» միջազգային կոնգրեսի շրջանակներում, եղա Սիետլի Բոինգի գործարանում, պարզվեց, որ այնտեղ աշխատում է պոլիտեխնիկի այդ տարիների շուրջ չորս տասնյակ շրջանավարտ:

Հենրիխ Գարոյանը վեհ անձնավորություն էր։ Նա կարողանում էր գնահատել մարդկանց, առանց մտնելու անձնական հարաբերությունների սուբյեկտիվ դաշտ, հեշտությամբ ու անմնացորդ ներել մարդկանց, այդ թվում՝ իր նկատմամբ կատարած սխալները, գնահատել դիմացինի անկեղծությունը, կարծիքը, պրոֆեսիոնալիզմը։

Հենրիխ Գարոյանն ապրեց ազնիվ ու պարկեշտ կյանքով, նա արժանի էր շատ ավելի մեծ ուշադրության, սակայն հասարակությունն իներտ է այսպիսի ազնվաբարո անձանց նկատմամբ … Նա նաև հրաշալի ու նրբազգաց ընկեր էր… Հիշում եմ, երբ 1981 թ., 54 տարեկան հասակում մահացավ մայրս, նա այդ օրը 4 անգամ այցելեց մեր տուն. նախ վաղ առավոտյան եկավ մենակ, հետո՝ կուսկոմիտեի քարտուղարների՝ Սուրեն Գևորգյանի ու Զավեն Նունուշյանի հետ, այնուհետ՝ ռեկտորի ու պրոռեկտորների, երեկոյան էլ՝ կնոջ հետ… ու երկա՜ր-երկա՜ր, մինչև կեսգիշեր նստեց ընկերոջ՝ Վաչե Թոքմաջյանի կողքին…

Հենրիխ Գարոյանը մեծ ներդրում ունեցել նաև իմ, որպես անհատի ձևավորման գործում։ Այսօր ես կարոտում եմ այդ տարիների պոլիտեխնիկը։ Եվ իմ կարծիքով հենց այսպիսի մարդկանց հետքերով է ձևավորվում երկրի պատմությունը…

Լույսի բաժին դառնաք, Հենրիխ Բաբկենի…

Հովհաննես Թոքմաջյան

տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր