1 Հոկտեմբերի 2020թ. 18:44

Մելինե Աբրահամյան. Հոնկոնգի դպրոցական կրթությունը — ՀԱՄԱԿԱՐԳ

Երբ 19-րդ դարի վերջին Մեծ Բրիտանիան փորձեց առևտրային հարաբերությունների մեջ մտնել աշխարհի համար իր դռները փակած Չինաստանի հետ, գտավ այն ապրանքը, որը Չինաստանում մեծ վաճառքներ գրանցելու միտում ուներ։ Այդ ապրանքը ափիոնն էր։ Բռնկվեց Առաջին ափիոնային պատերազմը, որի արդյունքում պարտված Չինաստանը 1842 թվականին մեծածավալ ռազմատուգանքի հետ միասին Մեծ Բրիտանիային հանձնեց նաև Հոնկոնգը։ Մինչև 1997 թվականը՝ ավելի քան մեկ դար, Հոնկոնգը գաղութացվեց Մեծ Բրիտանիայի կողմից, և թեպետ այժմ այս կիսանկախ պետության արտաքին քաղաքականությունը որոշվում է Չինաստանի կողմից, այնուամենայնիվ, երկրի ներսում դեռևս զգալի է բրիտանական մշակութային ազդեցությունը։ Հոնկոնգի կրթական համակարգը չինական ու բրիտանական կրթությունների յուրօրինակ համադրություն է։ Այս մասին գրում է ՀԱՄԱԿԱՐԳԸ:

Ըստ Times Higher Education-ի վարկանշավորման՝ աշխարհի լավագույն 200 համալսարանների ցանկում ընդգրկված են Հոնկոնգի 5 համալսարաններ։ Այդ համալսարանները կարողանում են մագնիսի պես ձգել օտարերկրացի տաղանդներին։ Դրա արդյունքում վերջին քսանամյակի ընթացքում Հոնկոնգում սովորող օտարերկրացի ուսանողների թվաքանակը գերազանցել է աշխարհում սովորող հոնկոնգցի ուսանողների թվաքանակին․

 

Գծ․ 1. Օտարերկրացի ուսանողների ներհոսքը դեպի Հոնկոնգ ու արտահոսքը Հոնկոնգից 2004-2018թթ․՝ ըստ UNESCO-ի վիճակագրական ինստիտուտի (UIS) տվյալների

 Բարձրորակ բուհական համակարգի հիմքում արդյունավետ դպրոցական կրթությունն է։ Դեռևս 2000-ականներից Հոնկոնգը բարձր դիրքեր է զբաղեցնում 15-ամյա պատանիների գիտելիքները ստուգող PISA միջազգային թեստավորման արդյունքներում․

 

Գծ․ 2. Հոնկոնգի 15-ամյա երեխաների հավաքած միավորները ու գրաված տեղերը PISA միջազգային թեստավորման արդյունքներում (2006-2018թթ․)

Նախադպրոցական կրթությունը

 Հոնկոնգի դպրոցական կրթության մասին խոսելիս չենք կարող անտեսել նախադպրոցական կրթությունը, որով սկսվում է ցկյանս ուսումնառությունը։ Հոնկոնգի կրթական քաղաքականությունը մշակող Կրթության բյուրոն ամրագրում է նախադպրոցական կրթության երեք արժեքները, որոնք փոխանցվում են երեխային․ գիտելիք, հմտություն, վերաբերմունք։

Նախադպրոցական կրթությունը կազմակերպվում է մանկապարտեզներում, որոնք նախատեսված են 3-6 տարեկան երեխաների համար։ Բոլոր մանկապարտեզները մասնավոր են, սակայն համակարգվում են Հոնկոնգի կրթական քաղաքականությունը մշակող Կրթության բյուրոյի ու Սոցիալական բարեկեցության վարչության կողմից։ Դրանք անվճար չեն, սակայն Հոնկոնգի կառավարության ենթակայությամբ գործող սովորողների ֆինանսավորմանն աջակցող գործակալությունը ծածկում է այն երեխաների ծախսերը, որոնց ընտանիքները վճարունակ չեն։

Հոնկոնգի մանկապարտեզներում ուսուցիչների նկատմամբ շատ խիստ պահանջներ կան․ նրանք պետք է կատարելապես տիրապետեն անգլերենին ու չինարենին, ունենանան «Մանկապարտեզի որակավորված ուսուցչի» և մի քանի այլ հավաստագրեր։ Յուրաքանչյուր ուսուցիչ աշխատում է 15 երեխայի հետ։

Հոնկոնգում կան և՛ լավ, և՛ վատ մանկապարտեզներ։ Ծնողները վստահ են, որ ամեն ինչ սկսվում է մանկությունից, քանի որ հետագայում լավ դպրոց ընդունվելն ու հաջողակ լինելը կախված է այն բանից, թե ինչպիսի մանկապարտեզ է հաճախել երեխան։ Սակայն լավ մանկապարտեզ ընդունվելն էլ հեշտ բան չէ։ Ընդունելությունը կազմակերպվում է հարցազրույցով, իսկ մրցակցությունը թեժ է։ Իհարկե եռամյա երեխաները դեռևս պատկերացում չունեն մրցակցության մասին, այդ բեռը իրենց վրա են վերցնում ծնողները ու հաճախ ընկնում դեպրեսիայի մեջ։ Ծնողների մի մասը իրենց երեխային հատուկ կուրսերի է ուղարկում ընդունելության հարցազրույցին նախապատրաստվելու համար։

Հոնկոնգի կրթական քաղաքականությունը հոգ է տանում նաև երեխաների ծնողների կրթության մասին։ Մանկապարտեզի տարիքի երեխաների ծնողներին սովորեցնում են, թե ծնողի ինչպիսի կեցվածքն է նպաստավոր երեխայի կրթության ու հետագա հաջողության համար։ Հոնկոնգում լավ գիտեն, որ ուսումնական հաստատության պատերի ներսում տրվող արժեքավոր կրթությունը կարող է անարդյունավետ լինել, եթե երեխային տանը դիմավորի ծնողը, ով մտածում է կարծրատիպերով, հնացած կամ ուղղակի երբեք էլ չաշխատած մեթոդներով։ Կրթության բյուրոյի տրամադրած ուսումնական նյութերն ու տեսահոլովակները ծնողին սովորեցնում են, թե ինչը կարելի է համարել երեխայի հաջողությունը, և ինչը՝ ոչ, որն է ձախողումը, արդյոք փոքրիկ թերացումը ձախողում է, կամ փոքրիկ առաջընթացը՝ հաջողություն։ Ծնողների ուսումնառության կարևոր ուղղություններից է նաև երեխայի անհատականությունը հարգելը, ինչը նշանակում է խրախուսել երեխայի տարբեր լինելը և երբեք չհամեմատել այլ երեխաների հետ։

Վերջին տարիներին Հոնկոնգում մշակվել է մանկապարտեզների ինքնագնահատման համակարգ, որը հնարավորություն է տալիս ազատականացնել մանկապարտեզներն ու դրանց զարգացումը դնել սեփական ռելսերի վրա՝ թեթևացնելով նաև Կրթության բյուրոյի վերահսկողական բեռը։ Այդ նպատակով 2018 թվականից իրականացվում է Որակի ապահովման ծրագիրը, որի ներքո մշակվել են Կատարողականի ցուցանիշներ։ Ցուցանիշների վերաբերյալ տվյալները հիմք են հանդիսանում հաջորդ տարվա ցուցանիշները պլանավորելու համար, քանի որ «պլանավորում-իրականացում-գնահատում» շրջափուլը կայուն զարգացման բանալին է․

 

Գծ․ 3․ «Պլանավորում-իրականացում-գնահատում» շրջափուլը Հոնկոնգի մանկապարտեզների ինքնագնահատման համակարգում

Կատարողականի մշակված 21 ցուցանիշները խմբավորվել են չորս տիրույթների մեջ։ Սակայն դրանց կազմն ու ընդգրկումը դեռևս վերջնական չէ, քանի որ ամեն տարի որոշակի էմպիրիկ հետազոտությունների հիման վրա դրանք շարունակաբար կատարելագործվում ու զարգացվում են։ Ցուցանիշների առաջին 3 տիրույթները (գործընթացային ցուցանիշներ) արտահայտում են ուսումնական ծրագրի կատարումը, իսկ 4-րդ տիրույթի ցուցանիշները (արդյունքային ցուցանիշներ) ցույց են տալիս, թե որքանով է դրա կատարումը նպաստել երեխաների զարգացմանը, այսինքն՝ 4-րդ տիրույթի ցուցանիշները առաջանում, դրսևորվում են գործընթացային ցուցանիշների իրականացման արդյունքում․

 

Գծ․ 4․ Հոնկոնգի մանկապարտեզների ինքնագնահատման համակարգի գործընթացային և արդյունքային ցուցանիշները

 

Գծ․ 5․ Հոնկոնգի մանկապարտեզների ինքնագնահատման համակարգի Կատարողականի ցուցանիշների չորս տիրույթները

Գործընթացային ցուցանիշները գնահատելիս մանկապարտեզներն օգտվում են Կրթության բյուրոյի մշակած ուղղորդող հարցերից, որոնք ունեն հնարավոր չորս պատասխանների նկարագրությունները։ Այդ չորս պատասխանները ներկայացնում են գնահատման սանդղակը՝ «գերազանց», «լավ», «ընդունելի» և «անբավարար»։ Դրանք հաշվառվում են ու տրամադրվում Կրթության բյուրոյին։ Իսկ արդյունքային ցուցանիշները գնահատվում են փոքր-ինչ հայեցողական, ճկուն ու որակական մեթոդներով․ համեմատվում են նախորդ տարվա արդյունքների, պլանավորված ձեռքբերումների ու մշակված տեսլականի հետ։ Դրանց հիման վրա պլանավորվում են հաջորդ տարվա ցուցանիշները։ Արդյունքային ցուցանիշների ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս պատկերացնել, թե ինչպիսի շեշտադրումներ կան Հոնկոնգի նախադպրոցական կրթության մեջ․

 

Գծ․ 6․ Հոնկոնգի մանկապարտեզների ինքնագնահատման համակարգի «Երեխայի զարգացման» տիրույթի Կատարողականի ցուցանիշները

Ներկայացված չորս ոլորտներում երեխայի զարգացումն ապահովելու համար մանկապարտեզում ուսումնասիրում են հետևյալ հիմնական առարկաները՝ «ֆիզիկական պատրաստվածություն և առողջություն», «լեզու», «վաղ մաթեմատիկա», «գիտություն և տեխնոլոգիա», «սեփական անձ և հասարակություն», «արվեստ»։ Մանկապարտեզների համար հաստատվող ուսումնական պլանը հենվում է երեխայամետ կողմնորոշման վրա, ինչը նշանակում է, որ հաշվի են առնվում երեխայի հետաքրքրություններն ու կարողությունները, ուստի բացի հիմնական առարկաներից  կան նաև տարբեր հետաքրքրությունների անկյուններ, օրինակ՝ ընթերցանության, բնության, արվեստի և արհեստների, երաժշտության, տնային և այլն:

Դպրոցներ

Հոնկոնգում կան հանրային, մասնավոր, միջազգային և այլ դպրոցներ։ Հանրային դպրոցների մեջ կան պետական դպրոցներ, որոնք ֆինանսավորվում ու ղեկավարվում են կառավարության կողմից, և կան, այսպես կոչված, աջակցվող դպրոցներ, որոնք ղեկավարվում են որևէ այլ կամավոր կազմակերպության կողմից, բայց ունեն ամբողջական պետական ֆինանսավորում։ Ե՛վ պետական, և՛ աջակցվող դպրոցները պարտավոր են հետևել պետական ուսումնական ծրագրին։ Իսկ մասնավոր դպրոցները գրեթե չունեն պետական ֆինանսավորում և դրանով պայմանավորված, ի տարբերություն հանրային դպրոցների, անվճար չեն։

Աշակերտների քանակը մի դասարանում տատանվում է 35-45 աշակերտի միջակայքում, ինչպես շատ այլ արևելյան երկրներում: Սակայն կրթական բարեփոխումները խոստանում են կրճատել այդ թիվը։ Հոնկոնգի դպրոցների մեծ մասում դասերը սկսվում են առավոտյան 8։30-9։00-ին, ավարտվում 15։30-ին, ի տարբերություն Չինաստանի, որտեղ դպրոցական օրը մի քանի ժամով ավելի երկար է։ Այս առումով հոնկոնգյան դպրոցը ավելի շատ նման է բրիտանական դպրոցին, որտեղ նույնպես դասերը 65-7 ժամ են, իսկ ուսումնական տարին, ինչպես Հոնկոնգում, ունի 190 օր։ Դասաժամերը 55 րոպե են, կա կարճ ընդմիջում՝ 20 րոպե, և երկար ընդմիջում՝ 50 րոպե։

Հոնկոնգում տնային աշխատանքները այնքան շատ չեն, որքան Չինաստանում։ Իհարկե այստեղ էլ երբեմն-երբեմն լինում են դպրոցականների ինքնասպանություններ, սակայն պատճառը ոչ թե ծանրաբեռնվածությունն է, այլ ուսուցիչների, ընտանիքի և սեփական ակնկալիքները ու դրանցով պայմանավորված պատասխանատվության բեռը։

Դասերի ավարտից հետո կան նաև արտադասարանական հավելյալ ժամեր, որոնք կարող են տևել մինչև 17։00-ն։ Աշակերտն ինքն է ընտրում, թե ինչ խմբակ է այցելելու՝ մաթեմատիկայի, երաժշտության, թե, օրինակ, արհեստի։

Հոնկոնգում տարրական դպրոցը 6-ամյա է։ Կան երեք տիպի տարրական դպրոցներ՝ առավոտյան, երեկոյան և լրիվօրյա։ Նախատեսվում է աստիճանաբար բոլոր դպրոցները դարձնել լրիվօրյա, դրա անհրաժեշտության մասին Կրթության բյուրոյում քննարկել են դեռևս 20-րդ դարի վերջին։ Ակնհայտ է, որ լրիվօրյա ռեժիմը կարող է տալ մի քանի հնարավորություններ․ ավելի լավ ուսումնական միջավայր և ուսումնական ծրագրի դիվերսիֆիկացման հնարավորություն, ավելի թեթև ու ճկուն ուսումնական ծրագիր, ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների ավելի խորը, ամուր ու մտերմիկ մակարդակ։ Լրիվօրյա ռեժիմին անցնելու, ուսումնական ողջ գործընթացը տեղեկատվական տեխնոլոգիաներով ու սարքավորումներով հագեցնելու և այլ մոտակա բարեփոխումների համար նախատեսվում է մեծացնել կրթության ոլորտին հատկացվող պետական ծախսերը, որոնք այժմ կազմում են պետական բյուջեի մոտ 20.4%-ը և ՀՆԱ-ի մոտ 3.5%-ը:

Տարրական դպրոցում առաջնահերթ ուսումնասիրում են չինարենը, դասավանդում են նաև հասարակագիտությունգիտությունընդհանուր ուսումնասիրություններ (general studies) (որոշ դպրոցներում այն զուգակցված է գիտության հետ), տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներ (ՏՀՏ)անգլերենմաթեմատիկաերաժշտությունկերպարվեստ և ֆիզկուլտուրա։ Կրոնական դպրոցներում ուսումնասիրում են նաև կրոն։ Միջին դպրոցում տարրական դպրոցի առարկաներին ավելանում են ազատական ուսումնասիրությունները (liberal studies)աշխարհագրությունըհամաշխարհային պատմությունըչինական պատմությունը և գրականությունըդիզայնը և տեխնոլոգիանտնտեսագիտությունը և այլն։

Ավագ դպրոցում խորությամբ ուսումնասիրում են այն առարկաները, որոնք պարտադիր են «Հոնկոնգի միջնակարգ կրթության դիպլոմի քննության» («ՀՄԿԴՔ») համար, որը հանձնում են համալսարան ընդունվելիս։ Պարտադիր առարկաները չորսն են՝ չինարեն, անգլերեն, մաթեմատիկա և ազատական ուսումնասիրություններ (liberal studies)։ Բացի պարտադիրներից, յուրաքաչյուր աշակերտ պետք է հանձնի 2-4 առարկա ընտրովի 20 առարկաների ցանկից, որոնցում ներառված են ֆիզիկան, քիմիան, կենսաբանությունը, տնտեսագիտությունը, աշխարհագրությունը, չինական պատմությունը, չինական գրականությունը, համաշխարհային պատմությունը, անգլիական գրականությունը, կերպարվեստը, երաժշտությունը, ՏՀՏ-ն, բիզնես, հաշվապահություն ու ֆինանսները և այլն։ Ավագ դպրոցում բացի առարկաների պարտադիր հատվածից կան նաև ընտրովի ու ընդլայնված մոդուլներ, որոնք կամավոր են։ Ընտրովի հատվածը հանդիսանում է ընդհանուր ուսումնական ծրագրի մի մասը (սովորաբար 25%-ը), իսկ ընդլայնված մոդուլները ուսումնական ծրագրի բաղադրիչ չեն։ Օրինակ՝ մաթեմատիկան բացի պարտադիր հատվածից ներառում է M1 և M2 ընդլայնված մոդուլները, որոնք ուսումնասիրում են ըստ ցանկության ու հետաքրքրությունների և որպես քննություն հանձնում են միայն կոնկրետ համալսարանի պահանջով։

Ավագ դպրոցի աշակերտների 60%-ից ավելին դասերից հետո հաճախում է կրկնուսույցի գործառույթ իրականացնող հատուկ դպրոցներ։ Այդ դպրոցները երեխաներին նախապատրաստում են ընդունելության քննությանը։ Այսինքն, ի տարբերություն ֆիննական մոդելի, հոնկոնգյան դպրոցը աշակերտներին չի ապահովում բուհ ընդունվելու համար անհրաժեշտ գիտելիքներով ու հմտություններով։ Կարելի է այդ դասերին մասնակցել և՛ անհատական, և՛ խմբերով, որոնցում ընդգրկվում է մինչև 150 աշակերտ։ Կրկնուսուցման հատուկ դպրոցներում կան ուսուցիչներ, որոնց մոտ «պարապելը» գրավիչ է շատերի համար, այդպիսի կրկնուսույցներին անվանում են «Կրկնուսույցների արքա»։ «Կրկնուսույցների արքաներն ու թագուհիները» Հոնկոնգում նաև շատ լուրջ մարքեթինգային ու PR արշավներ են իրականացնում այդ տիտղոսին արժանանալու համար․ սա Հոնկոնգում շահութաբեր բիզնես է։ Շատերը նաև այցելում են ուսուցչի տուն, ով դասավանդում է առանց համապատասխան լիցենզիայի ու ավելի մատչելի գնով, քան «ուսումնական դպրոցների» վճարն է։

Այստեղ կարևոր է անդրադառնալ քննական հիմնական առարկաների մեջ ներառված ազատական ուսումնասիրություններ (liberal studies) առարկային: Այն միջառարկայական ոլորտ է հումանիտար, բնական, սոցիալական գիտությունների ու արվեստի միջև։ Այս առարկայի հետագա ուսումնասիրությունը համալսարաններում կոչված է պատրաստելու միմյանցից խիստ տարբերվող մասնագետներ՝ ապահովագրության գործակալից մինչև ուսուցիչ։ Ուսումնական ծրագիրը ներառում է վեց մոդուլ` «անհատական զարգացում և միջանձնային հարաբերություններ», «Հոնկոնգն այսօր», «ժամանակակից Չինաստան», «գլոբալիզացիա», «հանրային առողջություն», «էներգետիկ տեխնոլոգիա և շրջակա միջավայր»։ Ազատական ուսումնասիրությունների դասավանդումը ենթադրում է նաև շատ կարևոր հմտությունների զարգացում, ինչպիսիք են խնդիրների լուծումը և քննադատական մտածողությունը։ Այն ամրապնդում է արժեքային կրթության՝ մանկապարտեզում դրված հիմքերը և ապահովում հոնկոնգյան կրթության յոթ առանցքային արժեքների փոխանցումը․ «հաստատակամություն», «հարգանք այլոց նկատմամբ», «պատասխանատվություն», «ազգային ինքնություն», «պարտավորություն», «ամբողջականություն» և «հոգածություն ուրիշների նկատմամբ»։

Աղբյուրն՝ այստեղ