27 Սեպտեմբերի 2020թ. 12:15

Զարուհի Բոյաջյան. Բնական գիտությունների հեղափոխական գաղափարները հասել են նույնիսկ գիտությունից հեռու կանգնած մարդկանց

Հիշում եմ ուսանողուհիներիցս մեկի ռեպլիկը. «Ավելի լավ է` ատոմային էներգիայի գոյության մասին մարդկությունը երբեք էլ չիմանար»:

Ցավոք, որքան էլ տարօրինակ լինի,  մեր ժամանակներում  հենց ատոմային զենքն է սանձում որոշ գերտերությունների` համաշխարհային տիրապետության ձգտելու փորձերը` դառնալով մարդկության ու միջազգային հարաբերությունների պատմության մի ողջ դարաշրջանի կարգավորող խորհրդանիշ: Չես կարող չհամաձայնել «դինամիտի արքա» Ալֆրեդ Նոբելի հետ. «Ռազմական արդյունաբերության գոյությունն արդարացնող միակ հանգամանքը ժողովրդի անվտանգությունն է»: Մի կողմից լինելով ահաբեկման հզոր միջոց` այն մյուս կողմից աշխարհում խաղաղության ամրապնդման ու տերությունների միջև ռազմական առճակատումը կանխելու արդյունավետ գործիք է: Ատոմային ռումբն առաջին անգամ իբրև զենք կիրառելու (Հիրոսիմա, Նագասակի` 1945թ.) արդյունքում է հենց համաշխարհային հանրությունն ընդհուպ մոտեցել այն գիտակցությանը, որ միջուկային զենքի գործադրումն անխուսափելիորեն կհանգեցնի էկոլոգիական գլոբալ աղետի, իսկ  միջուկային պատերազմը մարդկության հետագա գոյությունը կդարձնի անհնարին:

Կանգ առնենք. շղթան փակվեց: Հասանք այն նույն` «տարիմաստ» մտքին. ինչպե՞ս է լավ. միջուկային զենքո՞վ, թե՞ առանց միջուկային զենքի: Ո՞ր  աշխարհում է խաղաղությունն ավելի ապահովված. միջուկայի՞ն, թե՞ ոչ միջուկային: Չգիտե°մ:

Իմ կողմից հեղինակած «Ատոմային ռումբ» գիրքը բաժանել եմ երկու մասի: Ի նկատի ունենալով, որ ցանկացած իրադարձություն ունի իր նախապատմությունը, «…Ատոմային ռումբի ստեղծման նախաշեմին» աշխատությունը, նվիրել եմ ատոմային ռումբի ստեղծման գիտական նախապատմությանը: Ընդգրկել եմ XIX դարի ավարտ — XX դարի սկիզբ ժամանակահատվածը, երբ դասական ֆիզիկայի բնագավառում հեղափոխող ակնառու բացահայտումների շարքում հանգուցայինը եղել է նյութի կառուցվածքի խնդիրը: Հենց այդ ժամանակահատվածում է, որ ատոմային-մոլեկուլյար տեսությունը գրավել է բավականին, ինչպես ընդունված է ասել, ամուր դիրքեր, և գիտնականներն անդադար խորացել են` թափանցելով միկրոաշխարհի գաղտնիքների առավել խորքերը: Ներկայացված են Ռենտգենի, Բեկերելի ճառագայթների, ռադիոակտիվության երևույթի, ռադիոակտիվ ճառագայթների բարդ բաղադրության, «զանգվածի ու էներգիայի համարժեքություն», «սառեցված  էներգիա», «զանգվածի պակասորդ» գաղափարների, «բանաձևերի թագուհի» հռչակված` E = mc2 հավասարման, ատոմի կառուցվածքի առաջին  մոդելների (Թոմսոնի, Ռեզերֆորդի, Բորի), ատոմի միջուկի, պրոտոն, նեյտրոն մասնիկների, միջուկի նուկլոնային կառուցվածքի, տարրական մասնիկների փոխազդեցության, ուրանի ատոմի տրոհման, ատոմը` որպես էներգիայի անսպառ աղբյուր, շղթայական ռեակցիայի, միջուկի տրոհումից առաջացող պայթյունի և ֆիզիկական նման այլ հանգուցային երևույթների բացահայտման, միջուկային ռեակտորի ստեղծման ընթացքն ու պատմությունը: Աշխատել եմ հնարավորինս ամբողջական ներկայացնել թեմայի հետ կապված ֆիզիկական հիմնական գաղափարների ձևավորման ու հաստատման պատմությունը, մարդկային հարաբերությունները, ֆիզիկական այս կամ այն երևույթի բացահայտման գործում հիմնարար փորձերի, փորձի ու տեսության փոխկապակցվածության դերն ու նշանակությունը: Այս նպատակին եմ ծառայեցրել նաև ֆիզիկայի դասականների կենսագրական տեղեկությունները, գիտական հիմնական նվաճումների թվարկումը, աշխատություններից մեջբերումները…

Այն, ինչի մասին խոսվում է գրքում, կհետաքրքրի ոչ միայն ֆիզիկոսներին կամ գիտության այլ ներկայացուցիչների: Բնական գիտությունների հեղափոխական գաղափարները  հասել են նույնիսկ գիտությունից հեռու կանգնած մարդկանց, ներխուժել յուրաքանչյուրի ներաշխարհը, շոշափելիորեն դիպել յուրաքանչյուրի  շահերին` արմատապես  փոխելով  նաև վերջիններիս սովորական պատկերացումները ժամանակի ու տարածության, նյութի կառուցվածքի ու կյանքի էության մասին: Այս առումով գրքի շարադրանքն ուղղված է ընթերցող լայն շրջանակների:

Գիտակցելով, որ գրքի առանձին բաժիններ կամ հատվածներ կարող են դժվար ընկալելի լինել ոչ մասնագետների համար, աշխատել եմ նյութը մատուցել հնարավորինս մատչելի ձևով:

Գիտության պատմությունը չի կարող սահմանափակվել գիտական վարկածներով, բացահայտումներով, գաղափարների զարգացմամբ, գծագրերով կամ սխեմատիկ պատկերներով: Այն ներառնում է նաև գիտությունը կերտող մարդկանց` նրանց անհատական ճակատագրերով, բնավորություններով, նկարագրերով, սովորույթներով, աշխատանքով, նվիրումով, տաղանդով, սոցիալական պայմաններով, յուրօրինակություններով, սխրագործություններով, ապրած ժամանակաշրջանով… Զուր չէ, որ երբ ասում ենք «Այնշտայն»` աչքերիս առջև առաջինը հառնում է E=mc2 բանաձևը, երբ ասում ենք «Ռեզերֆորդ»` հիշողություններիս մեջ իսկույն վերատպվում է ատոմի կառուցվածքի մոլորակային մոդելը` շրջան, կենտրոնում`  միջուկ,  շուրջբոլորը`  պտտվող  էլեկտրոններ, իսկ, օրինակի համար, Ֆրեդերիկ Ժոլիո-Կյուրիի անվան հետ կապված ակամայից պատկերվում է միջուկային ռեակցիայի շղթան, կամ էլ Ֆերմիի անունն իսկույն լսելի է դարձնում առաջին միջուկային ռեակտորի` «Չիկագոյի գերուհու» վայրկյան առ վայրկյան ուժգնացող  չխկչխկոցները… Ասել է, թե` մեծ բացահայտումները մեկընդմիշտ անքակտելիորեն ձուլվել են իրենց հայտնագործողների մեծ անունների հետ: Ուստի իմանալը, թե ինչ մարդիկ են եղել գիտության խոշորագույն գործիչները, որքան ուժ ու առողջություն, կարողություն են ծախսել, զրկանքներ ու, ինչու չէ, հալածանքներ են կրել «մարդկային իմացության վիթխարի շենքը» կառուցելու ու մեզ թողնելու համար, կօգնեն ավելի լավ հասկանալու նրանց արածի բովանդակությունն ու էությունը, ըմբռնելու այս կամ այն գիտական նորամուծության արժեքը, նշանակությունն ու կարևորությունը:

Զարուհի Բոյաջյան

ֆիզմաթ. գիտությունների թեկնածու