Կան շախմատիստներ, ում խաղը թողնում է կախարդանքի տպավորություն:Այդպիսի շախմատիստները ձգտում են ոչ միայն հաղթել,այլև նպատակին հասնել գեղեցիկ խաղով: Հենց այդ խաղացողների շնորհիվ է շախմատը համարվում արվեստ: Նրանցից մեկն է նաեւ Ռաֆայել Վահանյանը: Մեծանուն գրոսմայստերի պարտիաներում հաճախ են հանդիպել գեղեցիկ եւ սուր կոմբինացիաներ , նուրբ ու խորը հաշվարկված մտահաղացումներ:
Ահա, թե ինչ է ասել Վահանյանի մասին աշխարհի 13րդ չեմպիոնը.
«Այսպիսի շախմատիստներ ծնվում են 100 տարին մեկ: Նա փայլուն տրամաբանություն ունի, նրա ցանկացած քայլ պարունակում է խորը մտահաղացում: Խաղալով Վահանյանի հետ՝ կարելի է ոգևորվել նրանով»։
Սա էլ խորհրդային անվանի գրոսմայստեր եւ շախմատային վերլուծաբան Ալեքսեյ Սուետինի գնահատականը.
«Նա ունի շախմատային ճակատամարտը վարելու հոյակապ զգացողություն եւ կարողանում է ճիշտ պահին ուժեղացնել խաղը, թեև ոչ միշտ է հաշվարկում տարբերակները՝ հույսը դնելով իր բնատուր շախմատային հոտառության վրա»:
Ըստ Սուետինի՝ շախմատային տախտակի առջև Վահանյանը վախի կամ անվստահության զգացողություն չունի: Նա միշտ լավատես է, պատվախնդիր է եւ բռնկուն բնավորություն ունի:
Ռաֆայել Վահանյանը ծնվել է 1951 թ. Երեւանում: Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում եւ նրա առաջին մրցակիցը իր հայրն էր:
16 տարեկանում Ռաֆայելը դարձավ ԽՍՀՄ դպրոցականների չեմպիոն, իսկ 18֊ում՝ Նիդերլանդների Գրոնինգեն քաղաքում կայացած միջազգային պատանեկան մրցաշարի հաղթողներից մեկը:
1971 թ. նա ստացավ գրոսմայստերի կոչում: Դա տեղի ունեցավ 1971 թվականին Վռնյաչկա Բանյայում կայացած մրցաշարում, որտեղ նա 15 հնարավորից վաստակեց 11 միավոր՝ առաջ անցնելով անվանի շախմատիստներ Լյուբոմիր Լյուբոևիչից, Լեոնիդ Շտեյնից, Բորիսլավ Իվկովից: ՖԻԴԵի կոնգրեսը Վահանյանին գրոսմայստերի կոչում շնորհեց բացառության կարգով, քանի նա դեռևս չէր կրում միջազգային վարպետի կոչում:
Նա դարձավ գրոսմայստերի կոչմանն արժանացած հայաստանցի առաջին շախմատիստը։ Առաջին հաջողություններից հետո սկսվեց նրա հաղթարշավը միջազգային լուրջ մրցաշարերում, որը տևեց մինչեւ 90ականները: Այդ ընթացքում Վահանյանը հաղթել է 20ից ավելի մրցաշարերում եւ 1989 թ. դարձել ԽՍՀՄ չեմպիոն: Հաջողակ է եղել նաեւ թիմային մրցաշարերի ժամանակ.ԽՍՀՄ հավաքականի կազմում դարձել է շախմատային օլիմպիադաների (1984 եւ 1986), աշխարհի թիմային երկու առաջնությունների (1985՝ նաեւ անհատական ոսկե մեդալ 3րդ խաղատախտակի վրա, եւ 1989) եւ Եվրոպայի թիմային երեք առաջնությունների (1980, 1983, 1989) հաղթող:
Մեր ազգը միշտ հպարտացել է իր տաղանդավոր զավակներով եւ Ռաֆայել Վահանյանը հենց այդ մարդկանցից է, քանզի նա իր խաղով եւ արդյունքներով միշտ բարձր է պահել հայ ժողովրդի պատիվը՝ շարունակելով Տիգրան Պետրոսյանի գործը:
Աղբյուրն այստեղ