buh.am` Հասարակական վերահսկողության լծակ

Կրթության, գիտության և սպորտի ոլորտները կարևորվում են որպես մարդկային կապիտալի վերարտադրության ու զարգացման, երկրի կայուն առաջընթացի ապահովման գործոններ: Գիտակրթական ոլորտի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ կրթության և գիտական հետազոտությունների որակի բարձրա­ցման ապահովումը: Միևնույն ժամանակ, կրթությունը և սպորտը մատչելի պետք է լինեն բնակչության բոլոր խավերի համար: Այդ բնագավառներում իրականացվող ծավալուն բարեփոխումներն իրենց հետ բերում են հասարակության լայն շերտերի ընդգրկվածության աճի:  Արդյունքում, օրեցօր ավելի մեծ թվով քաղաքացիներ են առնչվում այդ ոլորտներին կապված խնդիրներին:

Ներկայումս, կրթության, գիտության և սպորտի բնագավառներում թափանցիկության և հրապարակայնության ապահովումը կարևոր նախապայման է դառնում առաջադրված մարտահրավերներին դիմակայելու համար: Հասարակական վերահսկողության անհրաժեշտությունն այստեղ ամրագրված է նաև Բոլոնյան գործընթացի սկզբունքներով: Մասնավորապես, հավատարմագրման գործընթացն ամբողջ աշխարհում իրականացվում է հաշվի առնել կրթության զարգացման հարցում բոլոր շահագրգիռ կողմերի հետաքրքրությունները՝  համադրելով վերահսկողության հասարակական և պետական ձևերը:

buh.am կայքը նպատակ ունի մասամբ լուծելու այս կարևորագույն խնդիրը:

Կրթությունը, գիտությունն ու սպորտը հումանիտար արժեքներ են և քաղաքական գործընթացների հարթության վրա չեն գտնվում: Մենք ձեռնպահ կմնանք այսօր լայն տարածում գտած` “պատվիրված” հոդվածների հրապարակումների արատավոր գործելաոճից: Մենք միշտ կհիմնավորենք մեր տեսակետը, և հնարավորություն կընձեռենք յուրաքանչյուրին պատասխանելու իրենց վերաբերող հրապարակումներին: Մենք կարձագանքեք “թեժ գծում” առաջադրված բոլոր տրամաբանական հարցերին: Մենք ուրախ կլինենք համագործակցելու Հայաստանի և Արցախի բոլոր բուհերի, գիտական կենտրոնների, հասարակական կազմակերպությունների, պարզապես շարքային քաղաքացիների` դասախոսների, գիտաշխատողների, սպորտսմենների հետ: Մեր քաղաքացիների խնդիրները` մեր խնդիրներն են… և բոլորս պետք է հիշենք, որ Աստծո ներկայությունը երկրի վրա` ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆՆ Է…

 

Ռաֆայել Վահանյան

buh.am կայքի համակարգող խորհրդի նախագահ,

միջազգային գրոսմայստեր