19 Սեպտեմբերի 2021թ. 11:54

ՆՈՐԱՅՐ ՄԵՍՐՈՊՅԱՆԸ 70 ՏԱՐԵԿԱՆ Է

Նորայր Մեսրոպյանը 70 տարեկան է: Նա 1973թ. դարձել է Խորհրդային Միության չեմպիոն և գավաթակիր, 1971 և 1976 թթ.` ԽՍՀՄ փոխչեմպիոն,  2 անգամ ընդգրկվել է ԽՍՀՄ 33 լավագույն ֆուտբոլիստների թվում (1971 և 1973): Բարձրագույն լիգայում մասնակցել է 337 հանդիպումների: Նա երբեք դաշտից չի հեռացվել, և ստացել է ընդամենը 1 դեղին քարտ, ինչը արտասովոր ցուցանիշ է պաշտպանի համար:

Մեսրոպյանը Հովհաննես Զանազանյանի զինակիցն ու ընկերն է.  1962 թվականից ճանաչում էինք իրար, ավելին էինք, քան ընկերներ: Հովանը, շատ էր սիրում մեր բոլոր տղաների երեխաներին ու հատկապես թոռնիկներին: Շատ դժվար է լինելու առանց Հովանի, առանց նրա հնարավոր չէ պատկերացնել «Արարատ 73»-ը: Մեր անփոխարինելի ավագն էր, դաշտում նա էր մարզիչը՝ հուշում էր ինչպես խաղանք, որն է ճիշտ փոխանցումը, ու գիտեք, բոլորս ընդունում էինք նրա ասածները,- Զանազանյանի մասին խոսելիս, ասում է Մեսրոպյանը: Իսկ Հովհաննես Թոքմաջյանը մի այսպիսի դեպք է հիշում. մի օր Զանազանյանն ու Մեսրոպյանը եկան ճարտարապետաշինարարական համալսարան, որի ռեկտորն էի այդ ժամանակ և ասացին, որ կարող եմ արդյո՞ք օգնել, որպեսզի Մեսրոպյանի դուստրը, ով աշխատում էր բժշկական համալսարանում, կարողանա մի ստորաբաժանումից` մյուսը տեղափոխվել: Անմիջապես կապվեցի բժշկականի ռեկտոր, իմ հին բարեկամ Դերենիկ Դումանյանի հետ. “Դերո ջան, հիշում ես,-ասացի ես,-երբ փոքր տղաներ էինք, “Արարատի” մարզումների ժամանակ գնում էինք, մարզադաշտ, որ Նորիկ Մեսրոպյանին մոտիկից տեսնենք… հիմա, ինքը այսպիսի մի հարց ունի (հակիրճ ներկայացրեցի խնդիրը)… ու հիմա կարող ենք նրան ոչ միայն մոտիկից տեսնել, այլև ձեռքը սեղմել”… Դերենիկը անմիջապես արձագանքեց ու հումորով ասաց. “…դե դրանից հետո ինձ ու քեզ տնեցիները մի քիչ ավելի շատ կհարգեն”:

Արարատի “ոսկե հաղթանակից” 43 տարի է անցել… ու մինչ օրս Նորայր Մեսրոպյանը չի մոռացել Կիևի Դինամոյի խաղը, երբ նրա “օգնությամբ” մեր դարպասին 11 մետրանոց նշանակվեց… դա չեն մոռացել երկրպագուները… դա չեն մոռացել նույնիսկ ընկերները… և մինչ օրս` Նորիկի հոգին “կուչ է գալիս”, երբ հիշում է այս դրվագը… Սակայն նրանք բոլորը չգիտեն կարևորը, այն որ նախախնամությունը չէր կարող թողնել, որ հարյուրավոր անգամներ թիմը գոլից փրկած Նորայր Մեսրոպյանը պատճառ դառնար պարտության այդ կարևորագույն խաղում… և Իշտոյանի երկու գնդակները պատահական չէին… դրանք Նորիկի համար էին խփված… Նորիկի ու նաև ՄԵՐ ՄԵԾ ԺՈՂՈՎՐԴԻ, որի մի մասնիկն էլ ինքն է… իր ՀԱՅՐԵՆԻՔԻՆ նվիրված, միշտ համեստ, միշտ էլեգանտ… մեր սիրելի Նորայր Մեսրոպյանը… Ուրեմն թող շնորհավոր լինի Աստվածահաճ ծնունդդ ՄԵԾՆ ՆՈՐԱՅՐ ՄԵՍՐՈՊՅԱՆ…

buh.am