ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՈՒՍՈՒՄՆԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԶԱՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

“Մեզ անհրաժեշտ են ուսումնական այնպիսի բազաներ ստեղծել, որտեղ կմատուցվեն և աշխատանքային ծառայություններ, և միաժամանակ ուսանողը հնարավորություն կունենա կրթություն ստանալ և մասնագետ դառնալ”,- Երևանի բժշկական համալսարանի “Մուրացան” հիվանդանոցային համալիր այցելության ժամանակ ասել է ՀՀ կորության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Նախարարն ընդգծել է, որ նախարարությունը կարևորում է ուսումնական բազաների ստեղծումը` բոլոր մասնագիտությունների գծով: Փորձ է արվում խնդրին ցուցաբերել համալիր մոտեցում` սկսած բուհերին կից ավագ դպրոցների ստեղծումից, մինչը բուհական լաբորատորիաներ և արտադրական արտադրամասեր ստեղծելը: (Սկզբնաղբյուրը` այստեղ):

buh.am -ը լիովին կիսում է նախարար Մկրտչյանի տեսակետը և առաջարկում համալսարաններին աջակցել ուսումնագիտական կենտրոնների կազմավորման և շահագործման գործում: Հանրապետությունում այստեղ անառարկելի առաջատարը Երևանի պետական բժշկական համալսարանն է, որի փորձը օգտակար կարող է լինել այլ բուհերի համար: Այս հիմնահարցի լուծման ուղիները գտնելու համար, որպես առաջին քայլ, անհրաժեշտ է մոնիթորինգ իրականացնել արդեն ստեղծված ուսումնագիտական կենտրոնների և համալսարաններին կից գործող ավագ դպրոցների գործունեության նկատմամբ, քանի որ դրանցից մի մասը դուրս է մնում բուհի ղեկավարության ուշադրությունից, որոշ դեպքերում էլ` “հետաքրքրությունների” շրջանակից` այդպիսով կորցնելով դրանց ստեղծման իմաստը:

Մասնավորապես համալսարանին կից գործող ավագ դպրոցները պետք է դառնան տվյալ ուսումնական կազմակերպության համար ուսանողներ “մատակարարելու” դարբնոց` հաշվի առնելով բուհի մասնագիտական ուղղվածությունները և ձերբազատվելով ավագ դպրոցների կայացմանը խոչընդոտող գործոններից: Համալսարանին կից գործող ավագ դպրոցի տնօրենը, մեր կարծիքով, պետք է լինի տվյալ բուհի ուղղվածությունը ներկայացնող մասնագետ, իսկ ուսումնական պլաններն ու առարկայական ծրագրերը, ըստ հոսքերի ուղղվածության, պետք է կազմվեն և հաստատվեն տվյալ կազմակերպության կողմից` հաշվի առնելով նախարարության կողմից առաջարկվող պարտադիր առարկաները, որոնց քանակն ու ծավալները չպետք է լինեն գերակայող: Այս դեպքում, գուցե հնարավոր լինի վերաիմաստավորել ավագ դպրոցների նշանակությունը` դրանք դարձնելով շարունակական կրթության ապահովման անհրաժեշտ օղակ:

Գագիկ Սարգսյան