ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈՒՆԴ

Շուշիի «Տանկ» հուշարձանի մոտ տեղի է ունեցել Քունկ ֆուի Եվրոպայի առաջնության արցախցի մասնակիցների դիմավորման արարողությունը:Նրանց  դիմավորելու էին եկել  մարզիկների ընկերներն ու երկրպագուները։ Դիմավորման հանդիսավոր արարողությանը ներկա էին ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ով ողջ հայության անունից շնորհավորել է չեմպիոներին` ասելով. «Դուք դժվարին պայքարում կարողացել եք արժանանալ մեդալների: Դուք այնտեղ հավասար պայմաններում չեք մրցակցել: Մեր հարևան պետության ներկայացուցիչների համար դուք ոչ թե մրցակից եք եղել, այլ թշնամի: Դա շատ ցավալի փաստ է, որովհետև սպորտի բնագավառում պետք է ազնիվ մրցակցություն լինի: Այդ մրցապայքարում ձեր ձեռք բերածը շատ ավելին է, քան զուտ սպորտային հաղթանակը. դուք բարձր պահեցիք արցախցու պատիվը` այնտեղ ծածանելով մեր եռագույնը: Դուք ձեր հաղթանակով այնքան նման էիք մեր հայրենիքի սահմանը պատվով պաշտպանող զինվորներին»:
Արցախից մասնակցում էր 5 մարզիկ. նրանք Արցախ են բերել 4 ոսկե և մեկ արծաթե մեդալ: Եթե մարզիկներից մեկը չվնասվեր, կունենայինք 5 ոսկի: Այս հաղթանակը մեզ համար նաև բարոյական արժեք ունի: Ադրբեջանը պղծել է այս սպորտի փիլիսոփայական էությունը և մրցումներում որակազրկվել: Այն, ինչ կատարվել է այնտեղ, մի անգամ ևս ցույց է տվել ադրբեջանցիների իսկական դեմքը: Ներկաները և սոցցանցերին հետևողները ևս համոզվել են, որ հայերս քաղաքակիրթ ազգի ներկայացուցիչներ ենք, իսկ ադրբեջանցիները՝ վայրագ,-ասել է ԼՂՀ ուշուի ֆեդերացիայի հիմնադիր, Մերձավոր արևելքում ԼՂՀ ներկայացուցիչ, հայ Սև գոտիների միության, արևելյան մարտարվեստների վարպետ Կ. Քեբաբջյանը:
Նշենք նաև, որ արցախցի մարզիկ Դավիթ Պետրոսյանը ապրիլյան պատերազմի ժամանակ հակառակորդի նախահարձակ գործողությունների ընթացքում ադրբեջանական 5 տանկ և 11 հետևակի մարտական մեքենա (ՀՄՄ) խոցած ժամկետային զինծառայող Մարատ Պետրոսյանի ավագ եղբայրն է:
Շնորհավորում ենք ու հպարտանում, որ այսպիսի սերունդ ունենք` ՀԱՂԹՈՂ ՍԵՐՈՒՆԴ:
buh.am-ի համակարգող խորհրդի նախագահ,
միջազգային գրոսմայստեր Ռաֆայել Վահանյան

Սկզբնաղբյուրն` այստեղ