ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԷՐ ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ ՆՐԱ ՄԱՍԸ

ԽՍՀՄ-ից հանրապետությունների դուրս գալու իրավունքն ամրագրված է եղել 1977 թվականի ԽՍՀՄ Սահմանադրության 72-րդ հոդվածով։Այդ իրավունքի իրականացման կարգը սահմանվել էր 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված «ԽՍՀՄ-ից դաշնակից պետության դուրս գալու հետ կապված հարցերի կարգը» օրենքով։ Այդ օրենքի 3-րդ կետով ինքնավար կազմավորումներին, խիտ բնակեցված ազգային փոքրամասնություններին իրավունք էր տրվում դուրս գալ հանրապետության կազմից և ինքնուրույն որոշել ճակատագիրն այն դեպքում, երբ  դաշնակից հանրապետությունը որոշում կայացներ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու մասին։ Այդ դեպքում հանրապետությունը պարտավոր էր անկախության հանրաքվե անցկացնել նաև ինքնավար միավորման ու ազգային փոքրամասնությունների խիտ բնակեցման տարածքներում՝ առանձին հաշվելով ձայները։

1991 թվականի օգոստոսի 30-ին, ԽՍՀՄ-ում օգոստոսի 19-21-ին ձեռնարկված հեղաշրջման տապալումից հետո, Ադրբեջանի բարձրագույն խորհուրդն անկախության մասին հռչակագիր ընդունեց՝ «Ադրբեջանի Հանրապետության անկախության վերականգնման մասին»։

Ադրբեջանի հայտարարությունը՝ Խորհրդային միության կազմից դուրս գալու վերաբերյալ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզին ու Շահումյանի շրջանին իրավունք տվեց ինքնուրույն որոշելու իր հետագա ճակատագիրը՝ համապատասխան 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված օրենքի։

Ի պատասխան այդ որոշման՝ Լեռնային Ղարաբաղի մարզային խորհուրդն ու Շահումյանի շրջանի շրջանային խորհուրդը, հիմնվելով 1990 թվականի ապրիլի 3-ին ընդունված օրենքի դրույթների վրա, 1991 թվականի սեպտեմբերի 2-ին կայացած համատեղ նիստում որոշում կայացրին Ադրբեջանի ԽՍՀ-ի կազմում գտնվող ԼՂԻՄ-ի ու Շահումյանի շրջանի սահմանները որպես ԽՍՀՄ կազմում գտնվող դաշնային սուբյեկտ ճանաչելու մասին, որի տարածքում շարունակում էր գործել ԽՍՀՄ-ի օրենսդրությունն ու սահմանադրությունը, ինչպես նաև այլ օրենքներ, որոնք չէին հակասում հանրապետության անկախության ու առանձնահատկության սկզբունքներին։

1991 թվականի օգոստոսի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը, առանց հանրաքվե անցկացնելու և ԼՂԻՄ-ի, Շահումյանի և ազգային փոքրամասնություններով խիտ բնակեցված այլ շրջանների կարծիքները հաշվի առնելու, 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի պահանջը խախտելով՝ Անկախության մասին սահմանադրական ակտ ընդունեց, որում հայտարարվել էր Ադրբեջանի ոչ իրավաչափ որոշումը՝ խորհրդային պետական-իրավական համակարգից դուրս գալու մասին։

1991 թվականի նոյեմբերի 26-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում է կայացրել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի վերացման մասին, որը ԽՍՀՄ սահմանադրական վերահսկողության հանձնաժողովի կողմից հակասահմանադրական է ճանաչվել՝ ԽՍՀՄ Սահմանադրության հոդվածներին հակասելու պատճառով։

Ի պատասխան Ադրբեջանի կողմից Ղարաբաղի մասին այդ օրենքի ընդունման, 1991 թվականի դեկտեմբերի 10-ին, միջազգային իրավունքի պահանջներին ու ԽՍՀՄ-ի օրենսդրությանը համապատասխան, միջազգային դիտորդների ներկայությամբ անցկացվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության հանրաքվեն։ Հատկապես կարևոր է ընդգծել ադրբեջանական փոքրամասնության՝ հանրաքվեին մասնակցելու համար բոլոր պայմանների ստեղծման փաստը։

1991 թվականի դեկտեմբերի 21-ին խորհրդային 11 հանրապետությունների ղեկավարները  Ալմաթիի փաստաթղթով հայտարարեցին Խորհրդային միության լուծարումը, ինչին հաջորդեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդի կողմից այդ քաղաքական փաստի օրենսդրական ամրագրումը, ինչի հետևանքով վերացավ հանրաքվեի արդյունքները ԽՍՀՄ կենտրոնական մարմինների հետ համաձայնեցնելու հնարավորությունն ու անհրաժեշտությունը։

Հարկ է նաև նշել, որ իրավաչափ չէր Կավբյուրոյի՝ Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի Կովկասյան բյուրոյի որոշումն ինչպես 1921 թվականի հունիսի 4-ին Լեռնային Ղարաբաղը Խորհրդային Հայաստանի կազմում, այնպես էլ 1921 թվականի հուլիսի 5-ին՝ Ադրբեջանի ՍՍՀ կազմում ներառելու մասին, քանի որ Կավբյուրոն կուսակցական մարմին էր և լիազորված չէր որոշելու պետությունների սահմանները։ Այդկերպ, Լեռնային Ղարաբաղի ներառումն Ադրբեջանի կազմում հակաօրինական ակտ էր։

Այդկերպ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ինքնորոշման իր իրավունքն իրականացրել է անթերի՝ համապատասխան այդ ժամանակ գործող ԽՍՀՄ Սահմանադրության, օրենքների, միջազգային իրավունքի նորմերի ու ժողովրդավարության սկզբունքների։

Միջազգային հանրությունն Ադրբեջանի անկախությունը ճանաչել է սահմաններով, որոնք որոշվել են ԽՍՀՄ ներքին օրենսդրությամբ։ Համաձայն այդ օրենսդրության՝ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի անկախության ճանաչման ժամանակ չէր հանդիսանում Ադրբեջանի մասը, և, հետևաբար, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ որևէ կապ չունի:

Հայկ Քոթանջյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սկզբնաղբյուրն` այստեղ