3 Հոկտեմբերի 2023թ. 4:35

ԱՀԱԶԱՆԳ. ԿՐԹԱԿԱՆ ՕՋԱԽՆ ԱՅՍՊԻՍԻ ՎԻՃԱԿՈՒՄ ՇԱՀԱԳՈՐԾՎԵԼ ՉԻ ԿԱՐՈՂ

Շիրակի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցը նախատեսված է 120 աշակերտի համար: Ներկայում դպրոց է հաճախում 80 աշակերտ: Աշակերտների ամենամեծ թիվը գրանցվել է 2007-ին` այդ ուսումնական տարում Գետափի միջնակարգ դպրոց է հաճախել 200 աշակերտ: Թվի նվազումը կապվում է արտագաղթի եւ գյուղում ծնելիության պակասի հետ: Այս տարի շրջանավարտներն ընդամենը 7-ն են: Դպրոցը 60 տարվա կառույց է: Խորհրդային տարիներին շենքը կառուցվել է պարզապես հողի վրա՝ առանց բավարար հիմքի եւ ջրհորդանների: 1998-ին Սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցներով եւ համայնքի ներդրումով կառուցվել է երրորդ մասնաշենքը, սակայն այնքան անհրաժեշտ ջրահեռացման խողովակներն այս անգամ էլ չեն տեղադրվել՝ նախագծում չներառելու պատճառով: 2011թ. արտերկրում ապրող գետափցի բարերարի օժանդակությամբ դպրոցում կոսմետիկ վերանորոգում է կատարվել, նաեւ՝ ջրհորդանների հարցն են լուծել, 3 տարի առաջ էլ մարզպետարանի հրատապ ծրագրով հատկացված մոտ 8 մլն դրամով լոկալ ջեռուցում են ապահովել, սակայն խոնավությունը շարունակում է իր ավերիչ գործը:

Փայտե հատակին տարածված ձվածեղատիպ սունկը դարձել է  միջնակարգ դպրոցի մղձավանջը: Ոչ այնքան հաճելի այս երեւույթը գետափցիներին սկսել է անհանգստացնել մոտ 5 տարի առաջ: Սկզբում մեծ ուշադրություն չեն դարձրել՝ մտածելով, թե ջրհորդաններ տեղադրելով եւ լոկալ ջեռուցում ապահովելով` կկարողանան խնդիրը կարգավորել: «Սկսեցին սնկեր աճել էդ խոնավությունից,- ասում է դպրոցի տնօրեն Ռուզաննա Արաջյանը,- պատերն ու հատակը խոնավությունից քանդվում են: Մենք էդ սնկերը մաքրում թափում ենք, սալյարկա ենք լցնում վրան, հականեխում ենք, բայց մեկ է՝ չենք կարողանում լիովին ազատվել: Էլեկտրաէներգիայի բոլոր լարերը վառվել են, պատերի ծեփոնները թափվում են, գրեթե բոլոր դասասենյակներում փայտե հատակը մասնակի նորոգում է անցել, բայց օգուտ չկա»:Սնկային ագրեսիայի դեմ պայքարի բոլոր միջոցները սպառած գետափցիները դիմել են մարզային իշխանություններին:

Միջանցքում տարածված դիզվառելիքի հոտը զգացվում է նաեւ դասասենյակներում: Տնօրենը ձեռքերն է տարածում. «Գիտենք, որ չի կարելի, բայց սնկի դեմ միայն այդ կերպ ենք կարողանում պայքարել: Սունկը միայն հատակով չի տարածված՝ պատերն էլ են վարակված: Խոսակցություններ կան, որ ուզում են մարզպետարանից գումար հատկացնեն դպրոցի հատակը փոխենք, բայց դա հարցի ժամանակավոր լուծում է. խոնավությունը տակից է: Էս երեք տարին, որ լոկալ ջեռուցում ունենք, մի փոքր պակասել է խոնավությունը, բայց ջեռուցման սեզոնն անցել է, հիմա էլ գարնանային ինտենսիվ անձրեւներն են սկսվել, միակ փրկությունը  օդափոխությունն է: Գալիս ենք առավոտից պատուհանները բացում ենք, բայց  խոնավությունն էլ չի քաշվում: Ենթադրենք՝ գումար տրամադրեն փտած հատակը փոխենք, մի որոշ ժամանակ անց էլի նույն վիճակն է լինելու, բա պատերի հարցն ի՞նչ անենք»:

buh.am-ը դիմում է մասնագետներին Շիրակի մարզի Գետափ գյուղի միջնակարգ դպրոցի խոնավության հարցին լուծում տալու առաջարկով: Սա նույնպես “առաջագիծ” է, և մեր երեխաներն այսպիսի պայմաններում չպետք է սովորեն:

Սկզբնաղբյուրն` այստեղ