Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հոգևոր մշակույթի կարևոր օջախներից մեկում՝ Գանձասարում, հայ ազգը կերտեց մի նոր Մատենադարան՝ ի լուր աշխարհի հայտնելով, որ ստեղծվել է համամարդկային հիշողության ևս մի շտեմարան: «Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան — Գանձասար» գիտամշակութային կենտրոնի բացման արարողությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի բարձր հովանու ներքո, ինչպես նաև պետական բարձրաստիճան պաշտոնյաների, հոգևոր դասի և գիտական հանրության ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Գանձասար» գիտամշակութային կենտրոնն ունի գիտական ուսումնասիրությունների բաժին և թանգարանային համալիր, ուր ցուցադրված են պատմական Հայաստանի Արցախ և Սյունիք նահանգներում գրչագրված 100-ից ավելի ձեռագիր մատյաններ, Արցախի պատմությանն առնչվող հազվագյուտ վավերագրերի բնագրեր ու ընդօրինակություններ, հնատիպ գրքեր: Պատմության մեջ առաջին անգամ աշխարհասփյուռ արցախյան ձեռագրերը մեկտեղվել են նույն հարկի տակ, որով գիտական տարբեր ուսումնասիրություններ կատարելու մեծ հնարավորություն է ստեղծվել:
Արցախում Գանձասարի վանքին հարակից շինությունը կառուցվել է 2004 թվականին, որը ծառայում էր որպես հոգևոր դպրատուն, իսկ 2014 թվականին վերանորոգվել է «Փյունիկ» մարդկային ռեսուրսների զարգացման համահայկական հիմնադրամի կողմից:
-Սկսած Վաչագան Բարեպաշտ արքայի ընդունած սահմանադրության օրերից մինչև նոր ժամանակներ, մինչեւ 19-րդ դարի սկիզբ, Արցախ աշխարհը եղել է Հայոց պետականության պահպանման բնօրրան: Զարգացման բնականոն ընթացք ունեցող կրթական ու հոգևոր ոլորտները նպաստել և խթանել են վանական համալիրներում մատենադարաններ ստեղծելու գործին, ուր հավաքվել են հարյուրավոր մատյաններ, ծիսական ժողովածուներից բացի ընդօրինակվել են հայ ինքնուրույն և թարգմանական մատենագրության տարբեր ժանրերի երկեր, ձևավորվել է մանրանկարչական ուրույն դպրոց, որը կապ է պահել Հայաստանի, այլ նահանգների նմանատիպ կենտրոնների ու դպրոցների հետ։ Այս ընթացքում ստեղծվել են հայ գրքարվեստի և մանրանկարչության գոհարներ։ Արցախ աշխարհի պատմամշակութային առաքելություններից մեկն էլ, այն է եղել, որ դարեր շարունակ այստեղ են պահվել հայ մշակույթի եւ գրքարվեստի բազմաթիվ գանձեր, որ հայ զինուժի եւ իշխանավորների կողմից փրկագնվել են օտարերկրյա ավարառուներից: Ձեռագրական այդ գանձերը նախօրինակներ են հանդիսացել տեղական վարպետների եւ մանրանկարիչների համար: Այս պատմամշակութային զարգացման ուրույն ընթացքն ենք փորձել ներկայացնել Արցախի գրքարվեստին եւ մանրանկարչությանը, միջնադարյան բացառիկ վավերագրերին ու հնատիպ գրքերին նվիրված մեր ցուցադրություններում եւ ուսումնասիրություններում, ընթացք, որ նորովի լուսաբանման եւ ուսումնասիրման հարուստ նյութ է տրամադրում, վկայելով պատմաքաղաքական անընդմեջ ընթացքի, բուռն զարգացումների եւ մշակութային վերելքի մասին,- նշեց ՝ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը:
Այսպիսով` հայոց գողտրիկ անկյուններից մեկում՝ Գանձասարում, Մատենադարանի բացումը, Մատենադարանում ձեռագիր մատյանների ու պատմական վավերագրերի ցուցադրությունը ևս մի անժխտելի ապացույց են, որ Արցախը հայկական է, ապացույց, թե ինչպես են մեր նախնիները սուրը մի ձեռքին պայքարելով հայրենիքի համար, մյուս ձեռքով թողել հայոց պատմության փառավոր էջերը նկարագրող մատյաններ:
Մարիաննա Պետրոսյան
buh.am կայքի գործունեությունը համակարգող խորհրդի անդամ