Մայիսի 24-27-ը Տեմպուս DESIRE ծրագրի հայաստանյան մասնակիցների համար անցկացվեցին վարպետաց դասեր: ՀԱՊՀ-ից դասընթացներին մասնակցում էին տարբեր ֆակուլտետների դասախոսներ, ասպիրանտներ, բակալավրիատի և մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներ: Դասընթացները գործնական բնույթի էին և ուղղված էին «Ներկառուցած համակարգերի» ծրագրի համար կիրառվող սարքավորումներով հետ աշխատելուն, ինչպես նաև նրանց օգտագործմանը համապատասխան ուսումնական ծրագրերում:
Դասընթացների ծրագիրը բաղկացած էր հետևյալ բաժիններից՝ VHDL ծրագրավորում (դասավանդող՝ Դիրկ Վան Մերոդե, Թոմաս Մոր համալսարան քոլեջ (Բելգիա)), Raspberry Pi (դասավանդող՝ Գալինա Տաբունչիկ, Զապորոժիեի ազգային տեխնիկական համալսարան (Ուկրաինա)), Arduino (Իա Մոսաշվիլի, Վրաստանի տեխնիկական համալսարան (Վրաստան)), դասավանդողի կոմպետենցիաների գնահատման մեթոդները տեխնիկական կրթությունում (Ալենա Հասկովա, Վիերա Տոմկովա Նիտրայի մանկավարժական համալսարան (Սլովակիա)):
Դասընթացի մասնակիցները հնարավորություն ունեցան աշխատել իրական սարքավորումներով, լուծել առաջադրված խնդիրները, ինչը հնարավորություն կտա կիրառել այդ սարքավորումները նոր ուսումնական տարում համապատասխան առարկայական ծրագրերում: DESIRE ծրագրի համակարգող Ա.Մխիթարյանը, պատմելով վարպետության դասերի արդյունավետության մասին, նշեց. «Այս եռօրյա հանդիպումները հնարավորություն տվեցին շփվել ծրագրի մասնակիցների հետ, ամփոփել և գնահատել ծրագրի անցած փուլերը, իսկ ձեռք բերած նոր տեխնիկական գիտելիքների շնորհիվ ավելի արդյունավետ օգտագործել նորաբաց լաբորատորիան»:
Հիշեցնենք, որ 2014 թվականից մեկնարկել է «Ինովացիոն վիրտուալ մոտեցումների իրականացմամբ ներկառուցված համակարգերի ծրագրի զարգացումն Ուկրաինայում, Վրաստանում և Հայաստանում հետազոտության, կրթության և արտադրության ինտեգրման համար» DESIRE Տեմպուս ծրագիրը, որի հիմնական խնդիրներն են՝ մշակել գործնական կողմնորոշում ունեցող ուսումնական ծրագրեր և մոդուլներ ներկառուցված համակարգերի համար, որոնք կօգնեն կիրառել ներկառուցված սարքավորումները լաբորատոր աշխատանքների համար:
Սկզբնաղբյուրն` այստեղ