ԳԻՆՈՒ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԱՌԱՋԻՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ

Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  Հայաստանի ազգային ագրարային համալսարանում ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ֆակուլտետի  2015-16  ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի միջազգային ծրագրով  շրջանավարտների դիպլոմների հանձնման և Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիայի առաջին ավարտական արարողությանը: Շնորհավորելով բուհի ագրոբիզնես միջազգային կրթական ծրագրի շրջանավարտներին՝  նախարարը շեշտել է, որ պահը հուզիչ է նաև իր համար.  «Հիշում եմ, թե 17 տարի առաջ ինչպես ստեղծեցինք այս կենտրոնը, որն այն ժամանակ Հայաստանում միջազգային կրթական ծրագիր իրականացնելու առաջին ջանքն էր: Միջազգային կրթական ծրագրի  իրագործումը մեր երկրի, ժողովրդի և պետության համար հեռանկարային գյուղատնտեսության ոլորտում խիստ կարևոր  է: XXI դարում մեր պետության առջև կանգնած մարտահրավերներն անընդհատ աճում են և այսօր երկիրը պահողը հողն է և այդ հողի վրա ապրող ու արարող ժողովուրդը: Այս իմաստով գյուղատնտեսության ոլորտի յուրաքանչյուր մասնագիտություն  ամրացնում է երկրի անվտանգությունը,  կապում ժողովրդին  իր հայրենիքի ու հողի հետ»,- ասել է նախարար Մկրտչյան: Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին շնորհավորել են նաև  ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ  Փրայսը, Տեխասի Էյ ընդ Էմ համալսարանի  պրոֆ. Ջոն Նիքըլսը, ագրարային համալսարնի  հոգաբարձուների  խորհրդի նախագահ Սամվել Սարգսյանը, ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Արմեն Հարությունյանը:
Սկզբնաղբյուրն` այստեղ