ՀԱՅԿ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ ՇՆՈՐՀՎԵԼ Է ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏԻ ԿՈՉՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի (ԱՌՀԻ) հիմնադիր-պետ Հայկ Քոթանջյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում:

Հայկ Սարգսի Քոթանջյան (ծնվել է 1945թ. Լենինականում (ներկայումս` Գյումրի): Նախնիները XIX դարում եկել են Արևմտյան Հայաստանի լեռնային շրջաններից Կարս և հետո Ալեքսանդրապոլ` Էրզրումից /Հասանղալա, Վերին Բասեն/ և Սասունից /Քաղկիկ-Դավթի բերդ/։

Քաղաքական գիտությունների դոկտոր է (Ռուսաստանի Դաշնության Նախագահին կից Կառավարման ակադեմիա, Մոսկվա, 1992)` “քաղաքագիտություն” մասնագիտության գծով պրոֆեսորի գիտական կոչմամբ (ՀՊՃՀ, 1995 թ.; ՀՀ ԲՈՀ, 2015 թ.), Հակատերորիզմի գծով գիտական փորձագետ (ԱՄՆ Պաշտպանաության ազգային համալսարան, Վաշինգտոն, 2004 թ.), ՀԱՊԿ գիտական-փորձագիտական խորհրդի անդամ։ Հայկ Քոթանջյանն ունի Արտակարգ Դեսպանորդի ու Լիազոր Նախարարի դիվանագիտական կարգ։

Հայկ Քոթանջյանը 1982-1983 թ.թ. մի տարի ու կես տևողությամբ գործուղման ընթացքում, ԽՄԿԿ Գլխավոր քարտուղար Լ. Բրեժնևի մահից հետո, հանդիսանալով ԽՄԿԿ ԿԿ-ի Դեսպանորդ-Խորհրդական, ծառայել է որպես Աֆղանստանում խորհրդային քաղաքականության ռազմավարական վերագնահատմամբ զբաղվող մշտական հանձնաժողովի համադասող (Քաբուլ)։ ԽՄԿԿ ԿԿ դեսպանորդ-խորհրդականների խորհրդի կազմում Քոթանջյանը մասնակցել է նոր քաղաքականության այնպիսի զգայուն բաժինների մշակմանը, ինչպիսին է մոջահեդների կազմակերպություններին համագործակցությանը հակելու մեթոդաբանությունը։ Հենց Հայկ Քոթանջյանին` փիլիսոփայական գիտությունների 37-ամյա թեկնածուին, որը պատերազմի էր գործուղվել Հայաստանի կոմկուսի կենտկոմի գիտության բաժնի վարիչի տեղակալի պաշտոնից, հանձնարարվել էր Աֆղանստանի պատմության մեջ առաջին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագծի մշակման և ստեղծման համադասումը։

Հայկ Քոթանջյանը ՀՀ ՊՆ ԱՌՀԻ-ին կից գործող Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների գծով դոկտորական աստիճաններ շնորհող 056 Մասնագիտական խորհրդի հիմնադիր նախագահն է։
Ջերմորեն շնորհավորում ենք ճանաչված գիտնական և պետական գործիչ Հայկ Քոթանջյանին` գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում ստանալու կապակցությամբ:
buh.am