ՀԱՅՐ ԵՎ ԴՈՒՍՏՐ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՐԻՉՆԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆՈՒՄ

Հայաստանի նկարիչների  միությունում բացվել է հայր և դուստր Վարդանյանների` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Էդուարդ Վարդանյանի և ՝ Ամալյա Վարդանյանի աշխատանքների ցուցահանդեսը:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, պետական և հասարակական գործիչներ, արվեստագետներ: Բացման խոսքով հանդես է եկել Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը. «Էդուարդ Վարդանյանի ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց ինքնատիպությամբ և ուրույն ձեռագրով: Երկար տարիներ Վարդանյանը նվիրել է գեղարվեստի ակադեմիային՝ կրթելով բազմաթիվ սերունդներ: Նրա աշխատանքները յուրահատուկ են և կրկնելն անհնար: Շնորհավորում եմ այս գեղեցիկ ցուցահանդեսի առթիվ՝ ցանկանալով Էդուարդ Վարդանյանին մեծ եռանդ և աշխատանքային բեղուն գործունեություն»: Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը. «Սիրելի° բարեկամներ, գեղարվեստի ակադեմիան իսկապես հարուստ է Վարդանյանով: Մեր սիրելի Էդուարդը տարիներ շարունակ սերունդներ է կրթել՝ իր արվեստն ու գիտելիքները փոխանցելով երիտասարդ նկարիչներին: Վարդանյանի արվեստում գրավում են կերպարները՝  մարդը և կենդանին՝ որպես բնության հրաշքներ: Մարդկանց և կենդանիների պատկերները նրա աշխատանքներում արված են լակոնիկ, վրձնի ճշգրիտ և սահուն շարժումներով: Հետաքրքրական է, որ Վարդանյան ընտանիքում  հայրը վերարտադրում է  ավանդական հայկական, պատմական անցյալը, իսկ դուստրը մեզ է ներկայացնում եվրոպական քաղաքակրթությունը»: Էդուարդ Վարդանյանի արվեստի մասին հանդես է եկել նաև Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր  Արամ Իսաբեկյանը:

Սփյուռքում հայկական արվեստը տարածելու և ճանաչելի դարձնելու, ինչպես նաև իր ստեղծագործական գործունեությամբ Հայաստան-Սփյուռք համագործակցության զարգացման գործում ներդրում ունենալու համար նախարար Հրանուշ Հակոբյանը նկարիչ էդուարդ Վարդանյանին պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության «Արշիլ Գորկի» մեդալով:

Սկզբնաղբյուրը` այստեղ