18 Հոկտեմբերի 2019թ. 9:54

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՐԹԱԿԱՆ ԿԱՄԱԿԱՐԳՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հանդիպումներ է ունեցել Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանի հետ և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության ռեկտոր  Ժան Պոլ դը Գոդմարի հետ: Հանդիպման ընթացքում նախարար Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Ֆրանկոֆոնիայի դերակատարությունը՝ ի նպաստ խաղաղության, ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության: «Կազմակերպության ներգրավվածությունը համամարդկային արժեքների տարածման և հակամարտությունների կանխարգելման ու կարգավորման գործում նշանակալի է և առնչվում է հանրային կյանքի տարբեր ոլորտներին»,-նշել է նախարարը:
Կարևորվել է ֆրանսիական ներկայությունը Հայաստանի կրթական համակարգում, միաժամանակ ցանկություն հայտնվել ֆրանկոֆոն մասնակցությունն ակտիվացնել կրթական համակարգի բոլոր օղակներում:
Նախարար Լևոն Մկրտչյանը մտահոգություն է հայտնել վերջին շրջանում Հայաստանի կրթական բոլոր մակարդակներում ֆրանսերեն լեզվի տարածման խնդրի առնչությամբ և ընդգծել համապատասխան հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը: Իր հերթին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի կառավարիչ Ադամա Ուանը, ողջունելով  Հայաստանի կրթության և գիտության նախարարին, բարձր է գնահատել կրթության ոլորտում հայ-ֆրանսիական հարաբերությունները, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել աջակցել Հայաստանում  ֆրանսերեն լեզվի տարածման, ֆրանսերեն լեզվով վերապատրաստման դասընթացների կազմակերպման   ուղղությամբ գործնական քայլեր կատարելու առնչությամբ:
Հիշեցնենք, որ  նախարար Լևոն Մկրտչյանի Փարիզ կատարած այցի արդյունքում  ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին:
Սկզբնաղբյուրն` այստեղ