3 Հոկտեմբերի 2023թ. 4:30

ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՌԵԿՏՈՐ է ԸՆՏՐՎԵԼ ՊՐՈՖԵՍՈՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՔՄԱՋՅԱՆԸ

Հուլիսի 29-ին, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ, տեղի է ունեցել Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստ: Խորհրդի նիստին մասնակցել են ԼՂՀ կրթության, գիտության և սպորտի նախարար Սլավա Ասրյանը, ԼՂՀ գյուղատնտեսության նախարար Արամ Մխոյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավոր, ֆիզ-մաթ. գիտ. դոկտոր Գագիկ Բաղունցը, ԼՂՀ վիճակագրական ծառայության ղեկավար Կարեն Ներսիսյանը, փոխնախարարներ Արմեն Սարգսյանը, Գևորգ Վերանյանը, համալսարանի դասախոսներ, ուսանողներ, պաշտոնատար այլ անձինք:

Խորհուրդը քննարկել և որոշումներ է ընդունել շուրջ մեկ տասնյակ հարցերի վերաբերյալ: Հաստատվել է համալսարանի 2016-2021թթ. ռազմավարական ծրագիրը: Ի գիտություն է ընդունվել, որ 2016-2017 ուսումնական տարում համալսարանն արդեն ունի 219 դիմորդ, որոնցից 78-ը հրամանագրվել են բակալավրիատի առկա ուսուցման առաջին կուրսում: 67 դիմորդ ցանկություն են հայտնել ուսանելու համալսարանի քոլեջում, 44-ը` մագիստրատուրայում, իսկ մնացածը` բակալավրիատի հեռակա ուսուցման համակարգում: Վերջին երեք համակարգերում սովորողների ընդունելությունը շարունակվում է:

Փակ գաղտնի քվեարկության արդյունքներով Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր է ընտրվել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը (ռեկտորի կենսագրությունն` այստեղ): Նրան ձայն են տվել նիստին մասնակցող հոգաբարձուների խորհրդի բոլոր 15 անդամները: Շնորհավորելով Հովհաննես Թոքմաջյանին ռեկտոր ընտրվելու կապակցությամբ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանն ասել է, որ Շուշիի տեխնոլոգիական համալսարանն ունի հավակնոտ նպատակներ և հույս է հայտնել, որ այն կարող է դառնալ տարածաշրջանի լավագույն բուհերից մեկը:

Հովհաննես Թոքմաջյանը շնորհակալություն հայտնելով ԼՂՀ վարչապետին և հոգաբարձուների խորհրդի անդամներին բարձր վստահության համար, համոզմունք է հայտնել, որ ամենամոտ ապագայում բուհի ուսանողները հավասար քննություն կարող են բռնել ինչպես Հայաստանի, այնպես էլ եվրոպական բուհերի սովորողների հետ. “Սա մեր առաջին նշաձողն է, և մենք այդ խնդիրը լուծելու ենք շատ կարճ ժամանակահատվածում”,-ասել է ռեկտոր Թոքմաջյանը:

Նիստի ավարտից հետո, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:

Ռոբերտ Հարությունյան

ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի քարտուղար