ԱՅՍՕՐ ՎԱԶԳԵՆ ԱՌԱՋԻՆ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է…

Սեպտեմբերի 20-ը Վազգեն Առաջին կաթողիկոսի ծննդյան օրն է… Ծնվել է Բուխարեստում` 1908թ.:

Վազգեն Առաջինը եղել և մնում է համայն հայության սիրելին:

Նախնական կրթությունն ստացել է հայկական նախակրթարանում։ Սովորել է Բուխարեստի Միսաքյան-Քեսիմյան ազգային, 1924–26 թթ-ին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թ-ին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թ-ին՝ գործնական մանկավարժության բաժինը։

1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թ.Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թ-ի հունիսից 1938 թ-ի մայիս)։ 1929–43 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942–44 թթ.) կազմում։ 1943 թ-ի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ. Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–55 թթ.)։ 1948 թ-ի մայիսի 23-ին օծվել է ծայրագույն վարդապետ, 1951 թ-ի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թ-ի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թ-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962-ին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

Մահացել է 1994թ. օգոստոսի 18-ին:

Աղբյուրը` այստեղ