1 Հոկտեմբերի 2020թ. 20:37

ՃԱՐՏԱՐԱՊԵՏՆԵՐԻ ԵՎ ՃԱՐՏԱՐԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐՎԵՑ

Սեպտեմբերի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում, նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանի մասնակցությամբ, տեղի ունեցավ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության 3-րդ հանդիպումը, որը վարում էր ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը: Հեռակապի միջոցով հանդիպմանը մասնակցում էին ընկերակցության Եգիպտոսի, Քաթարի, Թուրքիայի մասնաճյուղերի պատասխանատուները:

Հանդիպման օրակարգում էր Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև համագործակցության հուշագրի ստորագրումը, հանդիպմանը մասնակից մասնաճյուղերի համակարգողների տեղեկատվությունը՝ իրականացված աշխատանքների մասին, ՃՃՀ ընկերակցության նոր լոգոտիպի ներկայացումը և ընթացիկ այլ հարցեր:

Նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ շնորհավորեց ՀՀ անկախության 25-ամյակի առթիվ և ներկայացրեց 25 տարիների կարևոր ձեռքբերումները: Նա նաև գոհունակություն հայտնեց Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության գործունեության վերաբերյալ, որը 12 երկրներում ունի իր մասնաճյուղերը և ընդգրկուն աշխատանք է տանում սփյուռքահայ ճարտարապետների ներուժը ի նպաստ Հայրենիքի զարգացմանն օգտագործելուն: Հրանուշ Հակոբյանը ջերմորեն ողջունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտորի տեղակալ-Երևանի ներկայացչության ղեկավար, անվանի շախմատիստ Ռաֆայել Վահանյանին, որի ղեկավարած ուսումնական հաստատության հետ ընկերակցությունն իրականացնելու է համատեղ աշխատանքներ:

Շնորհակալություն հայտնելով Հրանուշ Հակոբյանին հյուրընկալության և իրենց աշխատանքներին աջակցելու համար՝ Գոհար Թութունջյանը  ներկայացրեց  Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի միջև ստորագրվող համաձայնության հուշագիրը, որի նպատակն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում մասնագիտական ներուժի համախմբումը և դրա արդյունավետ օգտագործումը, մասնագիտական կադրերի պատրաստումը, փորձի, տեղեկատվության փոխանակումը, համատեղ հետազոտական, քարոզչական և այլ կարևոր աշխատանքների իրականացումը:

Հուշագրի ստորագրումից հետո իրենց կատարած աշխատանքները ներկայացրեց ՃՃՀԱ գործադիր տնօրեն Արփինե Դանիելյանը՝ տեղեկացնելով, որ արդեն իսկ ստեղծվել է բավականին հարուստ տեղեկատվական բազա, որը աստիճանաբար ընդլայնվում է մասնաճյուղերի կողմից: Նա նաև տեղեկացրեց, որ առաջիկայում համագործակցության ծրագրեր կիրականցվեն Երևանի ֆրանս-հայկական ինժեներական ինստիտուտի հետ:

Այնուհետև, հեռակապի միջոցով իրենց կատարած աշխատանքների մասին պատմեցին Եգիպտոսի մասնաճյուղի համակարգող Նաիրի Համբիկյանը,  Թուրքիայի մասնաճյուղի համակարգող Ժան Գավրիլոֆը, ՃՃՀԱ համանախագահ Վահե Թութունջյանը (Քաթար), ովքեր չափազանց արժեքավոր աշխատանքներ են կատարում իրենց ապրած երկրներում հայկական ճարտարապետական կոթողների և մշակութային ժառանգության այլ  նմուշների հավաքագրման և ցուցակագրման հարցում:

Հանդիպման ավարտին ներկայացվեց գեղանկարիչ Գաբրիել Մանուկյանի (Գաբո) էսքիզով պատրաստված Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը խորհրդանշող լոգոտիպը, որի մեծածավալ օրինակները նվիրվեցին ՀՀ սփյուռքի նախարարությանը և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին:

Աղբյուրը` այստեղ