3 Հոկտեմբերի 2023թ. 5:07

ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԳՍՏՅԱՆ ՕՐԵՐԻ ՀԱՄԱՐ. ՏՈՒԼՈՆ

           1793 թվականի սեպտեմբերի 26-ին, կապիտանի ուսադիրներով երիտասարդ մի սպա` բազմած սպիտակ նժույգի հնամաշ թամբին, դանդաղ բարձրանում էր ծովամերձ լեռների նեղ արահետով: Նա գնում էր Ավինյոն` վառոդի ետևից: Երկար, սև մազերը, նիհարությունից դուրս ցցված այտոսկրները, եվրոպացիներին ոչ հատուկ խոշոր քիթը ուրվագծում էին նրա խոժոռ, սակայն դեռևս մանկական դեմքը: Արևը վաղուց արդեն թեքվել էր դեպի մայրամուտ, իսկ ինքը դեռևս ոչինչ չէր կերել: Եթե ճիշտն ասենք, նրա ուսապակում չորացած սև հացի մի կտոր կար միայն: Սակայն երիտասարդ կապիտանը մանկության տարիներից սովոր էր ժուժկալ կյանքին, և ամենևին էլ ամեն օր չէր, որ կուշտ փորով էր պառկում քնելու…

Սկսեց մթնել, և ծովեզրի երկարությամբ ծուլորեն առկայծեցին Տուլոնը պաշարած Ֆրանսիայի հանրապետական բանակի ջահերը…

Կապիտանը հակված էր շարունակելու ճանապարհը, սակայն ծարավը, քաղցը, խրոնիկ դարձած քորը և հոգնածությունը հարկադրեցին նրան կանգ առնել: Կես ժամ հետո նա արդեն հանրապետականների ճամբարում էր: Երիտասարդ սպան դեռ չէր հասցրել ոտքը գետին դնել, երբ մի քսան քայլ հեռավորության վրա նկատեց իր կորսիկացի հայրենակցին` Կոնվենտի պատգամավոր Սալիչետտիին, որը Հասարակության փրկության երրորդ կոմիտեի կողմից նշանակվել էր Տուլոնի պաշարման զորամիավորմների կոմիսար:

-Նապոլեոն, բարեկամս, դո՞ւ ես,- երիտասարդ կապիտանին տեսնելով այնպիսի անկեղծ պոռթկումով նրա հետ ողջագուրվեց կոմիսարը, որ նրան ուղեկցող անձինք, տարակուսած իրար նայեցին:

Մի քանի նախադասություն փոխանակելով մայրենի լեզվով, Սալիչետտին Նապոլեոնին հրավիրեց իր վրանը, որտեղ նրանք ընթրեցին: Թեև Քրիստափոր Սալիչետտիին Նապոլեոնից մեծ էր 12 տարով, սակայն նրանց կապում էր Կորսիկայի նկատմամբ ունեցած անսահման սերը: Կղզու Բարձրագույն Խորհրդին կից գործող երբեմնի փաստաբանը գաղտնի նամակագրական կապ էր պահում Կորսիկայի անկախության պայքարի առաջնորդ Պաոլիի հետ և այդ գործում նրան աջակցում էր Բոնապարտիեների ընտանիքը: 1789 թվականին Սալիչետտին երրորդ գումարման Ֆրանսիական գլխավոր նահանգների կազմում պայքարում էր Կորսիկան Ֆրանսիայի հետ միավորելու համար: Հետագայում Սալիչետտին ընտրվում է Ազգային Կոնվենտի անդամ և իր ձայնը տալիս Լյուդովիկոս XVI-ի գլխատման օգտին: Եվ միայն այն ժամանակ, երբ Պասկուալե Պոալին կղզու անկախության հռչակման նպատակով դիմում է անգլիացիների օգնությանը, Սալիչետտին գործուղվում է Կորսիկա` անգլիացիների դեմ պայքարելու նպատակով զորահավաք իրականացնելու համար, սակայն շուտով հրաման է ստանում շտապ մեկնել Տուլոնի մերձակայքում տեղակայված հանրապետական բանակ` որպես Կոնվենտի կոմիսար:

… Իրավիճակը Տուլոնում շարունակոմ էր մնալ ծայրահեղ ծանր: 1793 թվականի մայիսին, Տուլոնում խմբավորելով միապետին նվիրված ուժերը, սկիզբ դրվեց ապստամբության հզոր ալիքի: Խռովահույզ քաղաքը հեղափոխականներից պաշտպանելու նպատակով թագավորի ռեժիմին նվիրված ուժերը դիմել էին ինտերվենտների օգնությանը. Հանրապետական բանակից քաղաքը պաշտպանում էին 19 հազար օտարերկրացիներ… թագավորին նվիրված զինվորներին հաշված, այդ թիվը հասնում էր 25 հազարի: Նավահանգստում պարեկային ծառայություն էր իրականացնում անգլիական անպարտելի նավատորմը` փորձառու վիցե-ադմիրալ, միջերկրական ծովում բրիտանական ռազմածովային ուժերի հրամանատար Սամուել Հուդի գլխավորությամբ: Նրա հրամանատարության տակ էր գտնվում նաև ֆրանսիական 46 ռազմանավ: Ըստ էության`Տուլոնն անառիկ էր:

Ընթրիքն արդեն ավարտվելու վրա էր, երբ Սալիչետտին ասաց, որ վերջին ճակատամարտի ժամանակ ծանր վիրավորվել է բանակի հրետանու հրամանատար Դամմարտենը: Նապոլեոնն առաջարկեց դուրս գալ զբոսնելու: Նրա աչքերը բոցավառվել էին… ու նա անվարան ընդառաջ էր գնում իր ճակատագրին…

-Քրիստափոր, դուք սխալ եք կազմակերպում քաղաքի պաշարումը,-ասաց նա Սալիչետտիին, և ցույց տալով ոչ հեռվում գտնվող մի թնդանոթ` շարունակեց- ինչներիդ է պետք այս զենքը, եթե այն չեք կարողանում նույնիսկ ճիշտ տեղադրել:

-…՞…

-Այստեղից արձակված թնդանոթի արկը ոչ միայն չի հասնի քաղաքի սահմանին, այլ նույնիսկ չի թռչի մինչև ծովը… ուզում ես կարող ենք գրազ գալ,-ասաց Նապոլեոնը, և չսպասելով կոմիսարի պատասխանին, հրամայեց հրետանու զինվորին,- լիցքավորել… կրակ…

Արձակված կրակոցները Սալիչետտիի համար սառը ցնցուղի դեր ունեցան: Ավելին, նա հասկացավ, որ կարող է գլխով պատասխան տալ քաղաքի ձախողված պաշարման համար: Եվ Սալիչետտին առանց երկար մտածելու Նապոլեոնին առաջարկեց փոխարինել Դամմարտենին: Երեկոյան նա Հասարակության փրկության կոմիտե մի նամակ գրեց, որով հիմնավորում էր կատարված նշանակումը. Կապիտան Դամմարտենը ծանր վիրավոր է, և մեր հրետանին այժմ ղեկավար չունի… սակայն դիպվածը մեզ օգնեց. Մենք կանգնեցրել ենք Ավինյոն մեկնող քաղաքացի Բոնապարտիեին, ով հրետանու կապիտան է, և հրամայեցինք նրան փոխարինել Դամմարտենին:

 Հաջորդ օրը` առավոտյան երիտասարդ կապիտանին ներկայացրեցին բանակի հրամանատար գեներալ Կարտոյին: Նախկինում ոչնչով աչքի չընկնող նկարիչը,   հեղափոխության թևերի վրա, ինչպես դա հաճախ լինում է, ռազմական ոլորտում առաջխաղացում ունեցավ, և հիմա նա ղեկավարում էր Տուլոնի պաշարումը… ղեկավարում էր նույնքան ապաշնորհ, որքան որ ապաշնորհ նկարում էր մինչև հեղափոխությունը: Տեսնելով մանկադեմ, երկար մազերով սպային, գեներալը փորձեց կատակել.

-Դուք չափահաս ե՞ք, քաղաքացի,- հետո մոտենալով սեղանին փռված մեծ քարտեզին` հարցրեց,- եթե ունեք որևէ առաջարկ, կարող եք ներկայացնել:

Երիտասարդ սպան մետեցավ քարտեզին և ցույց տալով Կերսկի ծովախորշում անշնորք վեր խոյացած Էգիյետի բարձրունքն, ասաց.

-Տուլոնն այստեղ է …

-Փոքրիկը, կարծես թե ուժեղ չի աշխարագրությունից,- քրքջաց գեներալը, և Նապոլեոնին սկսեց բացատրել, թե իրականում որտեղ է Տուլոնը:

Այդպիսով ավարտվեց նրանց առաջին հանդիպումը: Նապոլեոնը հասկանում էր, որ ամրոցները վերցնում է հրետանին, սակայն դեռևս անհրաժեշտ էր կարգուկանոն հաստատել իր գումարտակում: Ինչ կարող էր նա հակադրել` իրենից առնվազն տասը մատնաչափ բարձրահասակ, երկու անգամ թիկնեղ և հիմնականում գինովցած իր զինվորներին: Միայն խելահեղ քաջություն: Նա հրամայեց հարակից բլրակի վրա մի դրոշ ամրացնել, որի վրա գրված էր. “Քաջերի գումարտակ”, ու նաև ոչնչացնել այն ապաստարանը, որտեղ նրանք թաքնվում էին արկերից: Վերջինն անհրաժեշտ էր նաև այն պարզ պատճառով, որ թաքստոցի վրա զինվորները շատ ժամանակ էին ծախսում և այդպիսով անհրաժեշտ արագությամբ չէին կրակում: Առաջին իսկ մարտի ժամանակ երիտասարդ կապիտանը կանգնեց, դրոշի կողքին` արկերի տակ, ձեռքերը կրծքին խաչած: Զինվորները նրա վրա նայում էին, սկզբում` զարմացած, հետո` սրտի թռթիռով… ավելի ուշ նրանք հասկացան, որ իրենց երիտասարդ հրամանատարը վախ չունի: Հաջորդ օրը Նապոլեոնը դիրքեր հրավիրեց Փարիզից ժամանած քաղաքացի տեսուչներին.

-Իսկ ի՞նչպես եք պաշտպանվում թշնամու արկերից,- զարմացած հարցրեցին նրանք:

-Ինչպես արդեն հասկացաք,-պատասխանեց Նապոլեոնը,- մեզ պաշտպանում է մեր հայրենասիրությունը, հարգելի քաղաքացիներ…

Նա դեռ չէր ավարտել իր խոսքը, երբ հակառակորդի մի քանի արկեր թռան նրանց կողքով և պայթեցին նրանց “քթի տակ”… Հրավիրվածները ակնթարթորեն գետնին փռվեցին… նրանց հետ էլ` երիտասարդ մի զինվոր: Արկերից մեկը պայթեց Նապոլեոնին շատ մոտ, նա ամբողջությամբ կորավ ցեխի մեջ, սակայն չստացավ որևէ քերծվածք.

-Տխմար, տեսնում ես, որ անվնաս եմ… քանի որ այդ արկը ինձ համար չէր նախատեսված ի սկզբանե,- ծիծաղելով զինվորին դիմեց Նապոլեոնը,-եթե այն ինձ համար նախատեսված լիներ ամենուր, որտեղ էլ որ թաքնված լինեի, կխոցեր ինձ…

Տեսնելով այս խելագարությունը, քաղաքացի տեսուչները զինվորների ուրախ քրքիջի տակ, հապճեպ հեռացան մարտադաշտից: Հենց այդ պահից, Նապոլեոնի իշխանությունը զինվորների վրա դարձավ բացարձակ…

… Օրեր շարունակ թշնամու կրակի տակ, Նապոլեոնի քաջ զինվորները հավաքում էին ծովեզրի երկայնքով ցրված թնդանոթները և կենտրոնացնում մի տեղ: Այստեղ նա մտերմացավ Դեզեի, Մարմոնի, Դյուրոկի, Ժյունոյի Մյուրոնի, Լեկլերկի հետ… Տուլոնի տակ կազմավորվում էր Նապոլեոնի ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ԲԱՆԱԿԻ գլխավոր շտաբը:

…Այդ ամենը գեներալ Կարտոյին վերջնականապես հանեց հավասարակշռությունից և նա պահանջեց Նապոլեոնից անհապաղ դադարեցնել թնդանոթների այդ անիմաստ տեղափոխությունները և անիմաստ տեղը չկորցնել զինվորներին… նա նաև չմոռացավ ակնարկել, որ այդ բոլորից դավաճանության հոտ է գալիս: Այդ օրը երեկոյան Նապոլեոնին հրավիրեցին բանակի հրամանատարի վրան` հաշվետվության.

-Քաղաքացիներ, պաշտպանվելու և գոյատևելու համար անհրաժեշտ է ցրել ուժերը, իսկ հարձակվելու և հաղթելու համար` կենտրոնացնել-ասաց Նապոլեոնը և շարունակեց,- ակնհայտ է, որ մենք նախապատրաստվում ենք հարձակման, և հրետանու ամբողջ հարվածն անհրաժեշտ է ուղղորդել մի կետի… թշնամու դիրքերի մեջ ստեղծել թույլ տեղամաս և գրոհել այդ ուղղությամբ, որից հետո ճակատամարտի ելքը կարելի է լուծված համարել…

Կոնվենտի կոմիսար Օգյուստիեն Ռոբեսպիերը և գեներալ Դյուգոմյեն պաշտպանեցին Նապոլեոնի առաջարկը, Քրիստափոր Սալիչետտին ձեռնպահ մնաց:

-Եվ այդ կետը Էգիյետի բարձրունքն է,- իր նախկին կարծիքը վերահաստատեց Նապոլեոնը,- այտեղից մենք կռմբակոծենք անգլիական նավատորմը և Տուլոնը կընկնի…

Գեներալ Կարտոն այդպես էլ չէր ուզում հասկանալ, ինչո՞ւ է Տուլոնը Էգիյետի բարձունքում, և այդտեղ տեսնում էր դավաճանություն, սակայն նրա կարծիքը ոչ մեկին այլևս չէր հետաքրքրում. Կոնվենտի կոմիսարները արդեն հավանության էին արժանացրել Նապոլեոնի ծրագիրը…

… Գրոհը դեպի Էգիլյետի բարձունք սկսվեց լուսադեմին: Նապոլեոնը ամբողջ օրը մարտի ամենաթեժ տեղերում էր… արկերից նրա տակ զոհվեց երեք ձի… ինքը` Նապոլեոնը վիրավորվեց ազդրից, սակայն զսպելով սարսափելի ցավը, նա շարունակում էր կռվել. Զինվորները չպետք է տեսնեին նրա վերքը… ու պիտի շարունակեին հավատալ, որ գնդկները նրան չեն վերցնում…

Սակայն մարտի ամենաճակատագրական պահին, երբ հակառակորդը ահա-ահա պետք է հանձնվեր, գեներալ Կարտոն նահանջի հրաման է տալիս… Երեկոյան կրկին բոլորը հավաքվում են բանակի հրամանատարի վրանում: Նապոլեոնը կրկին պաշտպանում է իր տեսակետը, Կարտոն կրկին ակնարկում է դավաճանության մասին: Պատասխանատվությունն իր վրա է վերցնում դիկտատորի եղբայրը` Օգյուստիեն Ռոբեսպիերը և հրամայում է կրկնել գրոհը…

… Նապոլեոնը սկսում է բոլոր գումարտակները կենտրոնացնումը: Նա անդադար զինվորների հետ է… նա քնում է գետնի վրա, թնդանոթների տակ` փաթաթված շինելի մեջ: Եվ վերջապես. 1793 թվականի դեկտեմբերի 17-ին սկսվում է երկրորդ գրոհը… Հրետանու երկարատև ռմբակոծություններից հետո, ձմեռային սառը, հորդառատ անձրևի տակ հանրապետական բանակը երեք շարասյուներով շարժվում են առաջ… քիչ հետո, հակառակորդի հանդիպակած անդադար կրակի պայմաններում մի քանի գումարտակներում խուճապ է սկսվում. “Դավաճանություն, փրկվեք ով կարող է”… սակայն Նապոլեոնի զինվորները, շարունակելով գրոհը, գիշերը` ժամը երեքին գրավում են Էգիյետի բարձունքը պատսպարող ֆորտ Մյուլգրավը և ոչնչացնում դրան պաշտպանող զորամիավորումը: Նապոլեոնը մոտենում է Օգյուստիեն Ռոբեսպիերին և ասում.

-Հիմա գնացեք կոմիսար, և հանգստացեք. Աստծո կամոք, Տուլոնը մենք արդեն վերցրել ենք… և ոչ ուշ քան երկու օր հետո, մենք այնտեղ կգիշերենք:

Օգյուստենի և մյուս կոմիսարների գնալուց հետո, Նապոլեոնը գրոհում է Էգիլյետի բարձունքը և լուսադեմին` ժամը 5-ին գրավում է այն… Դեկտեմբերի 18-ի առավոտյան Էգիլյետի բարձունքից Նապոլեոնը սկսում է անգլիական նավատորմի տեղատարափ հրետակոծումը… ժամը 9-ին պայթում են վառոդով բեռնված իսպանական երկու ֆրեգատներ… ադմիրալ Հուդը հրամայում է բոլոր նավերին անհապաղ դուրս բերել բաց ծով: Սկսվում է քաղաքի գրոհը… յոթ հազար զինվոր արդեն կռվի մեջ են: Սակայն քաղաքը անձնուրաց պաշտպանվում է: Եվս մի փոքր և գրոհը ետ կշպրտվի… և այդ ժամանակ, ճակատամարտի որոշիչ պահին, Նապոլոնն անձամբ գրոհի է տանում իր ռեզերվը: Տուլոնն ընկնում է:

Օգյուստիեն Ռոբեսպիերը ճակատամարտի վերաբերյալ հաղորդագրություն է ուղարկում Փարիզ` Հասարակության փրկության կոմիտե: Ռազմական գերատեսչություն համանման զեկուցագիր է ուղարկում գեներալ Դյուգոմյեն:

1994 թվականի հունվարի 14-ին Նապոլեոն Բոնապարտին շնորհվում է բրիգադային գեներալի կոչում: Նա ընդամենը 24 տարեկան էր…

P.S.

Տուլոնի ճակատամարտից ընդամենը կես տարի հետո` 1994 թվականի հուլիսի 19-ին գելյոտինի տակ գլորվում է Մաքսիմելյան Ռոբեսպիերի գլուխը… մահապատժի է ենթարկվում Սեն Ժյուստը, գելյոտինից չի խուսփում նաև Օգյուստիեն Ռոբեսպիերը: Երկիրը ողողված է կեղծ մատնությունների հորձանուտում:

Շուտով Նիցցում ձերբակալում են նաև Նապոլեոնին` Օգյուստիեն Ռոբեսպիերը հովանավորյալը հանդիսանալու և Մարսելն անգլիացիներին հանձնելու մտադրության մեղադրանքով (ինչ նման է 1937 թվականին):

Առաջին իսկ հարցաքննության ժամանակ Նապոլեոնն իմանում է իր մատնիչի անունը` Քրիստափոր Սալիչետտի: Նրան առաջարկում են փախչել: Նապոլեոնը հրաժարվում է: Բանտում լրանում է նրա 25 տարին: Նապոլեոնը որոշում է ռիսկի գնալ ու նամակ է ուղարկում Փարիզ… և կատարվում է անհնարինը. գելիոտինի փոխարեն, Կոնվենտը որոշում է նրան ազատ արձակել… Տուլոնի հաղթանակի փառքը դեռ թևածում էր Ֆրանսիայում…

Կորսիկացի ընկերների միջոցով, Նապոլեոնին հաջողվում է իմանալ փախուստի մեջ գտնվող Սալիչետտիի տեղը: Երիտասարդ գեներալը նամակ է ուղարկում նրան. “Ես կարող էի վրեժ լուծել քեզանից, սակայն մի վախեցիր, ես ոչ ոքի, ոչինչ չեմ ասի քո մասին… քանի որ չեմ կարող մոռանալ այն ամենը, որը արել ես ինձ համար, իմ նակին ընկեր”…

Իսկ Ֆրանսիական տրիումֆը դեռ առջևում էր…

Խ.Գ.