3 Հոկտեմբերի 2023թ. 5:42

ՍԼԱՎԻԿ ՊԱՐՈՆՅԱՆ` ՄԱՐԴ ՈՒՄ ԿՈՂՔԻՆ ԼԻՆԵԼՈՒ ՊԱՏԻՎՆ ԵՆՔ ՈՒՆԵՑԵԼ…

Այսօր ՀՀ ժողովրդական նկարիչ Սլավիկ Պարոնյանի ծննդյան օրն է: Ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի գեղանկարչության բաժինը՝ յուրացնելով կերպարվեստի մեծ վարպետների` Մ. Սարյանի, Հ. Զարդարյանի, Գ. Գյուրջյանի, Ա. Սարգսյանի ուսանելի դասերը: Մասնագիտական կարիերայի կայացման նշանակալի շրջադարձը պայմանավորվել է 1957 թ. Մոսկվայում կայացած գեղանկարիչների 6-րդ համաշխարհային երիտասարդական փառատոնին նրա մասնակցությամբ:

Ս. Պարոնյանն իր ստեղծագործական գործունեության ընթացքում ստեղծել է մեծաքանակ և բարձրարվեստ գեղարվեստական գործեր` առավելապես բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ, որոնք գեղարվեստական բարձր արժեքների կրող են` հայկական բնաշխարհին բնորոշ գույներով, եթերային, անաղարտ երանգներով, առինքնող ձգողական ուժով: Բնությունը եղել է նրա ներշնչանքի, ոգորումի և թռիչքի աղբյուրը, գեղեցիկին և կատարյալին հասնելու ուղեցույցը:

«Բնությունը աստվածային գեղեցկություն է: Այդ գեղեցկությունը ես վերցնում եմ իմ հոգու մեջ, խառնում, նոր իմ ընկալումով վերարտադրում եմ կտավի վրա»,- ժամանակին ասել էր նկարիչը:

Խոսքը մարդու մտքերն ու զգացմունքներն  արտահայտելու ամենալավ միջոցն է: Բայց խոսքի արվեստին լավագույնս տիրապետողներն անգամ հաճախ բախվում են մի իրավիճակի, երբ կարծես բառերը չեն հերիքում, երբ ամենադիպուկ արտահայտություններն անգամ ասելիքի համեմատ թույլ են թվում: Նման դեպքերում մտածում ես, որ նկարիչները, երաժիշտները կամ ցանկացած այլ արվեստի տիրապետողներն արտոնյալ մարդիկ են, որոնք ունեն արտահայտվելու՝ խոսքից զորավոր միջոց: Ուրեմն խմբագրեմ վերևում ասածս. խոսքը մարդու մտքերն ու զգացմունքներն արտահայտելու ամենատարածված միջոցն է: Ասում են` բոլոր մարդիկ մանուկ հասակում նկարելու ունակություն են ունենում, միայն թե քչերին է հաջողվում կյանքի ընթացքում պահպանել ու զարգացնել այն, իրենց ներսում պահել երևակայության ճախրանքը, աշխարհին յուրովի նայելու կարողությունը, ներկապնակի գույներով զինված՝ սպիտակ կտավի առաջ կանգնելու «քաջությունը»: Բայց մաքուր կտավի հետ «մենամարտում» հաղթելու համար նկարիչն իր հոգու խորքում ամենից առաջ պիտի մի քիչ երեխա մնա, այսինքն՝ պիտի պահի իր մեջ այն հասակը, երբ բոլոր մարդիկ նկարելու ունակություն են ունենում,- Սլավիկ Պարոնյանի մասին մի առիթով գրել է Ռազմիկ Մարկոսյանը: