ՍԱՄՎԵԼ ՇԱՀԻՆՅԱՆ. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳՈՒՅՔԱԳՐՎԱԾ ՈՒԹՍՈՒՆ ԵԶԱԿԻ ՔԱՐԱՆՁԱՎՆԵՐԻՑ ՄՆԱՑԵԼ Է ԸՆԴԱՄԵՆԸ ՔՍԱՆԸ

Բոլոր այն քարանձավները, որոնք չեն շահագործվում զբոսաշրջային նպատակներով, կործանվում են: Նման հայտարարություն են արել հայաստանցի քարանձավագետները՝ մշակույթի նոր նախարարից պահանջելով դրանք վարձակալության հանձնել մասնագիտացված կառույցներին:

Մագիլի քարանձավի հիմնական մուտքը ճաղավանդակով փակված է, բայց արդեն 10 ամիս է` մարդիկ բացել են քարանձավ տանող երկրորդ մուտքը, և ցանկացողներն անարգել կարողանում են ելումուտ անել: Քարանձավը վերածվել է աղբանոցի, ավերվել է նաև մշակութային շերտը: Մանրամասներ է ներկայացնում քարանձավագետ Սմբատ Դավթյանը: «Մշակութային շերտը մի դահլիճում ամբողջությամբ ավերված է: Այնտեղ ոսկորները հանել են, կերամիկան հանել են, ու այսօր ոչ մի բան չեք գտնի: Որքան էլ հայտարարում են, թե պաշտպանում են, նման բան չկա»,- ասաց նա: Նույն իրավիճակն է նաև Մոզրովի և Արջերի հայտնի քարանձավներում` չնայած երեք քարանձավներն էլ ներառված են պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում: Քարանձավը պահպանելու լավագույն տարբերակը, որն այսօր ընդունված է ամբողջ աշխարհում, քարանձավագետի խոսքով, դրանց շահագործումն է զբոսաշրջային նպատակներով:

Քարանձավների համար ամենաավերիչը գանձագողերի ու գանձ փնտրողների գործողություններն են, ցավոք, երբեմն նաև իշխանության ներկայացուցիչների դրդմամբ: «Վայքում մի մարզպետ կար, որը հիմա դեսպան է կարծեմ: Նա մի հայտարարություն էր արել, թե՝ ուրեմն այնտեղ մի բան կա, որ քարանձավագետներն ուզում են անպայման սեփականաշնորհել Մագիլի քարանձավը՝ գանձ, ոսկի: Հետևանքը եղավ այն, որ մի քանի ամսվա ընթացքում խստացված պայմաններում ամբողջ առաջին սրահի մշակութային շերտը քանդեցին՚,- պատմում է Քարանձավագիտական կենտրոնի նախագահ Սամվել Շահինյանը:

Ի դեպ, Հայաստանում կան նաև աշխարհում եզակի քարեդռնավոր քարանձավներ: Հազարավոր տարիներ առաջ տեղադրված դրանց քարե դռներն առ այսօր հեշտությամբ բացվում ու փակվում են: Եզակի այս քարանձավներից Հայաստանում 80-ական թվականներին գույքագրվել է շուրջ 40-ը: Այսօր մնացել է ընդամենը 20-ը:

Աղբյուրը` այստեղ