3 Հոկտեմբերի 2023թ. 3:55

ՄԱՀԱՑԵԼ Է ՂՈՒԿԱՍ ՄԵՀՐԱԲՅԱՆԸ

Կյանքի 68-րդ տարում մահացել է ճանաչված մտավորական Ղուկաս Ղազարոսի Մեհրաբյանը:Ծնվել է 1948թ. Վրաստանում: 1965թ. գերազանցությամբ ավարտել է Ծալկայի շրջանի Ղուշչի գյուղի միջնակարգ դպրոցը, իսկ 1970թ. Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը: 1970-1972թթ. որպես սպա ծառայել է բանակում: 1972-1993թթ. աշխատել է Երևանի ֆիզիկայի ինստիտուտում: 1984թ. Մոսկվայում պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել ֆիզմաթ գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, ապա` դոցենտի գիտական կոչում:

Ղուկաս Մեհրաբյանի գիտական հետազոտությունները վերաբերում են միջուկային դաշտում ֆոտոծնման, կոմպտոնյան ցրման, միջուկների տրոհման, երկրամերձ տարածքներում էլեկտրոն-ֆոտոնային փնջերի տարածման և ստեղծված ռադիացիոն դաշտերից պաշտպանության բնագավառներին: Հեղինակ է շուրջ 100 գիտական հոդվածների ու հրապարակումների: Դասավանդել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում:

1993-1999թթ. Ղուկաս Մեհրաբյանը ղեկավարել է ՀՀ Կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչությունը: 22 երկրների հետ նախապատրաստել և կնքել է համագործակցության 40 պայմանագիր, մշակել է 4 օրենքների և կառավարության մի քանի տասնյակ որոշումների նախագծեր: 1995թ. հիմնադրել է ապրանքների համարակալման համակարգը: 1995թ. ընտրվել է ԱՊՀ երկրների ՍՉՍ բնագավառները համակարգող միջպետական խորհրդի նախագահ: 1997-1999թթ. հանդիսացել է ISO ստանդարտների միջազգային կազմակերպության ներկայացուցիչը Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներում և ԱՊՀ-ում:

Ազնիվ, տաղանդավոր և վերին աստիճանի առաքինի անձնավորություն էր Ղուկաս Մեհրաբյանը: Նրա հետ ամեն մի հանդիպում երևույթ էր յուրաքանչյուրի համար: Նա այն քչերից էր, ում կարևորությունը հասարակության կողմից գիտակցվում էր դեռևս կենդանության օրոք: Նա երբեք չէր դավաճանում ոչ իր սկզբունքների, ոչ իր ընկերներին: Իր գիտական ղեկավարի` ակադեմիկոս Ալիխանյանի պատվին` զավակներից մեկին անվանակոչեց Արտյոմ… միշտ հպարտանում էր գիտության այդ ռահվիրանի մոտ անցած իր գիտական դպրոցով: Քաղաքականության մեջ անկախ պետականության ստեղծման ջատագովներից էր: Նա եղավ ու հավերժ մնաց Էդուարդ Եգորյանի զինակիցը…

Այսօր նրանք արդեն հանդիպել են… ինքը, Եգորը, Վազգենը, Այդինը, Հրաչը Թամրազյան, Արմոն Մկրտչյան … ու պետք չէ հիմա նրանց խանգարել.  նրանք շատ բան ունեն ասելու իրար…

Գնա խաղաղությամբ ՄԵԾ ՄԱՐԴ… ու լավ ընկեր. ՂՈՒԿԱՍ ՂԱԶԱՐՈՍԻ ՄԵՀՐԱԲՅԱՆ…