ԱՎՏՈՎԹԱՐԻՑ ՄԱՀԱՑԵԼ Է ՋՈՐՋ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ

Ջորջ Նալբանդյանի ինքնաթիռաշինարարության տաղանդը շատերին էր հայտնի: Նա իր ամբողջ կյանքում ստեղծեց ինքնաթիռների մոդելներ… իր գիտելիքներն ու հմտությունները փոխանցեց բազմաթիվ սերունդների… նա ինժեներական մոդելավորման կենտրոններ ստեղծեց պոլիտեխնիկում, ճարտարապետաշինարարականում, թիվ 3 ավագ դպրոցում… մի փոքրիկ կենտրոն էլ` Ստեփանակերտում… Երևանի թիվ 3 ավագ դպրոցում իր կենտրոնն այդպես էլ անվանվեց` “Ջորջ Նալբանդյան” ինժեներական մոդելավորման կենտրոն:

Նրա աշակերտներից շատերն այսօր մասնակցում են անօդաչու թռչող սարքերի մշակման գործընթացներին: Սակայն մենք բավարար իմաստություն չունեցանք ու հետևողական չեղանք մեր դպրոցներում զարգացնելու և տարածելու այն, ինչն ի սկզբանե կարողանում էր անել միայն ինքը` Ջորջ Նալբանդյանը: Նա այդպես էլ չստացավ այն ուշադրությունը, որին արժանի էր… չպարգևատրվեց նույնիսկ այն պարգևներով, որոնք առատորեն ստացան ուրիշները…

Ափսոսանքի ուշացած խոսքեր… գուցե և ավելորդ այս պահի համար… ու ցավ… անդառնալի կորստի… Ջորջ Նալբանդյան, սիրելի ընկեր. քեզ մենք հիշելու ենք խորին հարգանքով և հպարտությամբ… և օդում “անշարժացած” քո պատրաստած այս ինքնաթիռը, լավագույն կոթողն է լինելու քո հիշատակի…