3 Հոկտեմբերի 2023թ. 3:48

ՀՌՈՄԻ ՊԱՊ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ԱՌԱՋԻՆ. ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՊԱԿԱՍԸ ԿԱՐՈՂ Է ԱՌԱՋԱՑՆԵԼ ՆՈՐ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը մտահոգություն է հայտնել, որ խմելու մաքուր ջրի պակասը կարող է առաջացնել նոր համաշխարհային հակամարտություն (աղբյուրը` այստեղ):

Ջրային պաշարների հասանելիությանը նվիրված համաժողովին ունեցած ելույթում Պապը հայտնել է, որ եթե որևէ երկիր խմելու մաքուր ջուր ունենալու հնարավորությունը մարդու հիմնարար իրավունք չի համարում, ապա դա ոչ այլ ինչ է, քան եսասիրության խնդիր:

ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ ներկայումս ջրային պաշարների պակասի խնդրի առջև կանգնած է մարդկության ավելի քան 40%-ը, մաքուր ջրից զրկված է մոլորակի 783 մլն բնակիչ:

«ՄԱԿ-ի վիճակագրությունը չի կարող անտարբեր թողնել ոչ ոքի: Ամեն օր բազմահազար երեխաներ են զոհվում կեղտոտ ջրի հետ կապված հիվանդություններից: Ամեն օր միլիոնավոր մարդիկ վարակված ջուր են օգտագործում»,- հայտնել է Ֆրանցիսկոս Պապը:

Նա քաղաքական գործիչներին, գիտնականներին ու խոշոր ձեռներեցներին կոչ է արել միավորել բոլոր հնարավոր ջանքերը՝  մաքուր ջրով մաքսիմում մեծ թվով մարդկանց ապահովելու համար:

Անդրադառնալով այս հիմնահարցին, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանն ասաց. Հայաստանում և Արցախում առկա քաղցրահամ ջրային ռեսուրսները կայուն երաշխիք կարող են ստեղծել տնտեսական կայուն զարգացում ապահովելու համար, ներառյալ միջազգային տնտեսական և քաղաքական զարգացումների առումով: Սա շանս է, և մենք պարտավոր ենք այն օգտագործել համակողմանիորեն ու առավելագույն պատասխանատվությամբ: