Տեղեկատվական տեխնոլոգիաները գնալով առաջընթաց են ապրում՝ խթանելով կրթական ծրագրերի բարելավումը, հետին պլան գցելով դեղնացած էջերով և կոնտեքստից դուրս եկած դասախոսական նյութերը: Գլոբալ զարգացումն արդյոք իր ազդեցությունն ունեցե՞լ է հայաստանյան կրթական մակարդակի վրա: Այդ և այլ հարցերի շուրջ Aysor.am-ի թղթակից Անահիտ Լալայանը զրուցել է Եվրոպայի տարբեր կրթական հաստատություններում սովորած հայ ուսանողների հետ:
Ինչու՞ են շատերը ձգտում սովորել Եվրոպայում, որո՞նք են հիմնական պատճառները: Անի Հովակիմյանը, որն այժմ սովորում է Էստոնիայի Տարտուի համալսարանի Միջազգային հարաբերությունների մագիստրատուրայում, նշեց, որ ցանկացել է ավելի որակյալ կրթություն ստանալ:
«Արտերկրում սովորելու հիմնական պատճառն՝ ավելի որակյալ կրթություն ստանալն է եղել: Միևնույն ժամանակ ցանկացել եմ տարբեր ազգերի հետ շփման միջոցով ճանաչել աշխարհը և կոտրել ազգային գործոններով պայմանավորված կարծրատիպերը», — ընդգծեց Անին:
Իսկ Միքայել Սամվելյանը, որը ստացել է «Լույս» հիմնադրամի կրթաթոշակ և հիմա սովորում է Օքսֆորդի համալսարանի համակարգչային գիտության ֆակուլտետում մեքենայական ուսուցում մասնագիտությամբ, որպես հիմնական պատճառ նշեց, որ իր հետաքրքության շրջանակներում առարկաները Հայաստանում չեն դասավանդվում:
«Հիմնական պատճառը շատ պարզ է: Հայաստանյան բուհերում դեռևս չեն դասավանդում այն առարկաները, որոնք ինձ հետաքրքրում են։ Օքսֆորդի համալսարանում ես ուսանում եմ համակարգչային գիտության ֆակուլտետում, մեքենայական ուսուցում մասնագիտությամբ: Մենք անցնում ենք այնպիսի ժամանակակից առարկաներ, ինչպիսիք են մեքենայական ուսուցման մի քանի ուղղություններ, մեծ տվյալների վիզուալիզացում, և նույնիսկ «համակարգիչը՝ հասարակությունում», որն ուսումնասիրում է ավտոմատիզացման և ռոբոտիզացման հետևանքները հասարակության վրա, դրանց պոտենցիալ վտանգները: Սրանք այն առարկաներն են, առանց որի վաղվա տեխնոլոգիաներին տիրապետելն անհնար է: Հայաստանի բուհերում ՏՏ ոլորտի այս ամենանորարար ճյուղերից մեկով՝ մեքենայական ուսուցմամբ, արհեստական ինտելեկտով զբաղվող գիտնականներ դեռևս չկան», — նշեց Միքայելը:
«Լույս» հիմնադրամի մեկ այլ կրթաթոշակառու, Լոնդոնի կայսերական քոլեջի բիզնես դպրոցում և հաշվողական գիտությունների բաժանմունքում համատեղ ասպիրանտ Վիտալի Ավագյանը որպես պատճառ նշեց, որ իրեն միշտ գրավել է կրթության արևմտյան մոդելը:
Հայ-Ռուսական Սլավոնական համալսարանի ասպիրանտ Արթուր Խաչատրյանը, որն «Էրազմուս մունդուս» ծրագրով 10 ամիս սովորել է Իտալիայի Սալեռնո քաղաքում, ասաց, որ ցանկացել է ծանոթանալ եվրոպական կրթական համակարգին և բազմազանություն մտցնել իր համալսարանական կրթության մեջ:
Մինչդեռ Անահիտ Հովհաննիսյանի համար հիմնական պատճառ է հանդիսացել է այն, որ եվրոպական լաբորատորիաները շատ ավելի լավ են հագեցած գիտական հետազոտություններ անցկացնելու համար: Վերջինս կենսաբանական գիտությունների թեկնածու է, աշխատում է ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտում և ստացել է էստոնական «Դորա» գրանտը՝ Էստոնիայի Տարտու քաղաքի բիոկենտրոնում հետազոտական աշխատանքերի համար:
Վերը նշված պատճառներից, կարող ենք որոշակի եզրակացություն անել, որ Եվրոպայում կրթական համակարգը առաջընթաց է ապրում, կրթության որակը բարձր է և ամեն պայմանները ստեղծված են, որպեսզի մասնագետը կամ գիտնականը անխոչընդոտ շարունակի զբաղվել գիտությամբ և կարողանա կատարելագործել հմտությունները:
Փորձեցինք մեր զրուցակիցներից պարզել՝ արդյոք իրենք համեմատականներ անկացրե՞լ են Հայաստանի և Եվրոպայի կրթական համակարգերի միջև և ի՞նչ բացեր կան, որոնք կարողացել են հայտնաբերել:
Անին նշեց, որ Տարտու համալսարանում, որտեղ նա հիմա սովորում է, դասավանդվող նյութը շատ ավելի համակարգված է, այսինքն՝ ամեն բան արված է, որ ուսանողն ունենա դասավանդվող նյութի մասին անհրաժեշտ, քայլ առ քայլ ձեռք բերված գիտելիքները: «Տարտույի համալսարանում լսարան մտած առաջին իսկ օրվանից ամբողջ կիսամյակի ընթացքում ներկայացվող նյութը օր առ օր ողջ անհրաժեշտ գրականությամբ հասանելի է և դա տեսանելի է դարձնում, թե ինչ մանրակրկիտ մոտեցում ունի դասախոսը մատուցվող նյութի նկատմամբ, որը, համենայն դեպս ինձ համար պարտավորեցնող և պատասխանատու դեր է ունեցել», — նշեց Անին:
Միքայելը նշեց, որ Հայաստանում չեն տրվում հենց ոլորտում աշխատելու համար անհրաժեշտ գիտելիքները:
«Ես կխոսեմ միայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին, որից տեղյակ եմ, քանի որ ավարտել եմ Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետի բակալավրիատն ու մագիստրատուրան: Բացերից առաջինն այն է, որ հայաստանյան բուհերը չեն տալիս այն գիտելիքները, որոնք անհրաժեշտ են ուսանողներին ոլորտում աշխատելու համար։ Գիտելիքը հիմնականում տեսական է, կամ հնացած: Բուհերը պատրաստի մասնագետներ չեն «թողարկում»: Կամ թողարկում են այնպիսի ճյուղերի մասնագետներ, որոնց կարիքն այսօր արդեն չկա», — ընդգծեց Միքայելը:
Կրթական բացերի մասին հարցին, Վիտալին արձագանքեց. «Շա՜տ, շա՜տ են: Չգիտեմ նաև, թե որտեղից կարելի է սկսել այս հարցին պատասխանել: Նախ՝ գիտակրթական և հետազոտական նորույթները չեն ներմուծվում Հայաստան ժամանակին զուգահեռ: Սրանով ես նկատի ունեմ ոչ միայն որոշակի տեխնիկական, արդյունաբերական սարքավորումներ, այլ նաև գիտակրթական մեթոդներ և կիրառություններ»:
Վերջինս նաև նշեց, որ երբևէ չի հասկացել, թե ինչպես կարելի է դասախոսությունը թելադրել, այնինչ՝ դասախոսությունը պետք համակարգչի մեջ լինի և ցուցադրվի պրոյեկտորով:
Իսկ Արթուրը նշեց, որ Եվրոպական համալսարանները ավելի հագեցած են գրականության առումով:
Բացի այդ՝ անդրադառնալով կոնկրետ կրթական առումով տարբերություններին, մեր զրուցակիցները նշեցին մի քանիսը:
Օրինակ՝ Միքայելի համար՝ կրթական ծրագրերի հին լինելու մեջ է հիմնական տարբերությունը:
«Հայաստանում ՏՏ ոլորտի կրթական ծրագրերի թերևս ամենամեծ բացը, ինչպես նշեցի, ծրագրերի հին լինելն է։ Այստեղ, Օքսֆորդի համալսարանում, որը մոտ 920 տարվա պատմություն ունի, ուսուցանում են հնարավորինս ժամանակակից ծրագրերով: Մեզ դասավանդում են լավագույն մասնագետներ տարբեր երկրներից: Նրանցից շատերն աշխատում են Գուգլ, Մայքրոսոֆթ և այլ առաջատար ընկերությունների հետազոտական կենտրոնների հետ համագործակցելով, որտեղ վաղվա տեխնոլոգիաների հիմքն է դրվում», — նշեց Միքայելը:
Իսկ Անին ընդգծեց, որ հիմնական տարբերությունը կայանում է նրանում, որ Եվրոպայում դասավանդվող նյութի նկատմամբ ներկայացվում են հնարավոր բոլոր մոտեցումները, որպեսզի մասնագետը կարողանա ինքուրույն ընտրի իր համար ընդունելի տարբերակը բազմաթիվ աղբյուրներից և զարգացնի սեփական վերլուծական կարողությունները:
Վիտալին էլ իր հերթին նշեց. «Եվրոպայում շուտվանից գործում է ուսումնահետազոտական եռաստիճան համակարգը, ի տարբերություն Հայաստանում գործող քառաստիճանի, քանի որ Եվրոպայում ասպիրանտուրան հաջողությամբ ավարտածն արդեն լիակաատար համարվում է գիտահետազոտական աշխատանքով զբաղվող մասնագետ և հետևաբար կարիք չկա ևս մեկ անգամ դա ապացուցել՝ դրան տրամադրելով ևս 5 տարի, ինչպես ընդունված է հետսովետական երկրներում»:
Դիտարկելով տարբեր մարդկանց կարծիքները, պարզեցինք, որ իրականում Հայաստանում դեռ շատ բացեր կան կրթական ծրագրերում և ընդհանրապես, կրթական համակարգում, որոնց վրա արժե ուշադրություն դարձնել՝ թարմացնելով և բարելավելով հնացած ծրագրերը և դասավանդման մեթոդիկան:
Աղբյուրն` Aysor.am