ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ. ԱՅՍ ՏԱՐԻ ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՆՔ ԱՌՆՎԱԶՆ 3,2 ՏՈԿՈՍ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՃ

Հայաստանի տնտեսական վիճակի, ներդրումների, ակնկալվող ցուցանիշների, իրականացվող ծրագրերի ու տարվող աշխատանքների վերաբերյալ «Անկախը»-ի աշխատակից Գևորգ Ավչյանը զրուցել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի հետ:

Անցյալ տարին ամփոփեցինք ոչ այն մակրոտնտեսական ցուցանիշներով, ինչ ակնկալում էինք, այս տարվա համար էլ կանխատեսումները ցանկալիից շատ հեռու են: Ի՞նչ վիճակում է այսօր մեր տնտեսութունը:

— Արտաքին տնտեսական անբարենպաստ պայմանների ֆոնին նախորդ տարի արձանագրվել են սպասվածից համեստ մակրոտնտեսական ցուցանիշներ, սակայն կարող ենք փաստել, որ տնտեսական կայուն զարգացման տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող ոլորտներում ունեցել ենք սպասվածից դրական շեղումներ: Մասնավորապես, արդյունաբերության և ծառայությունների ոլորտներն աճել են, համապատասխանաբար, 6.7 և 7.1 տոկոսով կանխատեսված 6.0 և 5.6 տոկոսի փոխարեն, իսկ արտահանման աճը, որը սպասվում էր շուրջ 15 տոկոսի սահմաններում, կազմել է 20 տոկոս: Դիտարկելով 2017 թ. հունվար ամսվա վիճակագրությունը` կարող ենք փաստել, որ տարին սկսվել է բավական նշանակալի դրական տեղաշարժերով. տնտեսական ակտիվության ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 6.5 տոկոսով. աճ է արձանագրվել տնտեսության բոլոր ճյուղերում: Արդեն 2017 թ. հունվարին արձանագրված տնտեսական ակտիվության 6.5 տոկոս, արդյունաբերության արտադրանքի 12 տոկոս, ապրանքների արտահանման 35 տոկոս աճը վկայում է, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում:

 Անձամբ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում մեր երկրի տնտեսության հետագա ընթացքը, ո՞րն է Ձեր նախընտրելի տարբերակը:

— Հայաստանն այսօր զարգացման այլընտրանք չունի, քան տնտեսության մրցունակության բարձրացման հաշվին երկարաժամկետ կայուն տնտեսական աճ ունենալը: Առաջնային քայլերից մեկը կառուցվածքային բարեփոխումների միջոցով Հայաստանի գործարար միջավայրի մրցունակության հետագա բարձրացումն է, որի պարագայում միայն հնարավոր կլինի ապահովել Հայաստանի տնտեսության արդիականացման և արտադրողականության շարունակական աճի ապահովման համար այնքան անհրաժեշտ ներդրումների ներհոսքը:

Անժխտելի է, որ երկրում տնտեսական առաջընթացի ապահովման գրավականը բարձր գործարար ակտիվության և կայուն ներդրումային հոսքեր ներգրավելու համար նպաստավոր միջավայրի ձևավորումն է, ներառյալ` կայուն և կանխատեսելի օրենսդրական դաշտի ապահովումը, ներդրումների պաշտպանության և դրա պետական երաշխիքների համակարգի կատարելագործումը՝ որպես վերջնական նպատակ ունենալով ֆորմալ և առաջադեմ ձեռնարկատիրության համար առավել նպաստավոր պայմանների ստեղծումը:

Հայաստանը, լինելով փոքր ներքին շուկայով երկիր և ունենալով մասշտաբի էֆեկտի բացակայություն, պետք է զարգացման մոդելը կառուցի առաջարկի վրա հիմնված տնտեսական աճի տրամաբանությամբ: Հետևաբար առկա իրավիճակում տնտեսական զարգացման ուղղություն պետք է հանդիսանա արտահանմամբ պայմանավորված տնտեսական աճը:

Կարծում ենք, որ Հայաստանի համար որպես առանցքային ցուցանիշ պետք է դիտարկել ոչ թե ներդրումների մակարդակը, այլ ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման կշիռը: Մի շարք համադրելի երկրների ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման կշռի ցուցանիշների վերլուծությունները փաստում են, որ արտահանման զգալի աճի ապահովումը Հայաստանի համար անվիճելի հրամայական է: Հաշվի առնելով Հայաստանի տնտեսության առանձնահատկությունները` միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում արտահանման խրախուսումը պետք է լինի տնտեսության զարգացման հիմնական շարժիչ ուժ:

Որպես առաջնային նպատակադրում նախատեսում ենք սահմանել միջնաժամկետ հեռանկարում ՀՆԱ-ի կառուցվածքում արտահանման առնվազն 45 տոկոս կշռի ապահովումը՝ երկարաժամկետ հատվածում հասնելով 80 տոկոսի մակարդակին: Իհարկե, արտահանման աճի նման առաջանցիկ տեմպերի ապահովման համար կարևոր նախապայման պետք է լինի իրականցվելիք տնտեսական և կառուցվածքային բարեփոխումների ծառայեցումը այդ նպատակին:

Ձեր կարծիքով` Հայաստանի տնտեսությունը ո՞ր ուղղությամբ զարգանալու դեպքում ավելի մեծ պոտենցիալ ունի, Դուք ո՞ր ուղղությանը կամ ինչպիսի՞ ոլորտների կտայիք նախապատվությունը:

— Հիմնական ուղղությունը արտահանելի տնտեսության ձևավորումն է և այս տեսանկյունից նախապատվությունը մենք տալիս ենք արտահանման ներուժ ունեցող ոլորտներին: Դրանք են` տեղեկատվական տեխնոլոգիաները, տուրիզմը, գյուղատնտեսությունը, լեռնահանքային ոլորտը և թեթև արդյունաբերությունը: Կարծում ենք, որ առաջիկա տարիներին հատկապես նշված ոլորտներն են կանխորոշելու Հայաստանի տնտեսության զարգացման արագությունը: Հետևաբար նշված ուղղություններով են լինելու նաև ՀՀ կառավարության օժանդակության հասցեավորված գործողությունները:

Որո՞նք են, Ձեր կարծիքով, մեր տնտեսության գլխավոր մարտահրավերներն ու խոչընդոտները, ինչպե՞ս եք պատրաստվում դրանք հաղթահարել:

— Մեր գործունեության համար առաջնային է ներդրողների և ձեռներեցների հետ պետության գործընկերային հարաբերությունների և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորումը: Այս տեսանկյունից ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պատրաստ է կամուրջի դեր ստանձնել գործարար համայնքի և պետության միջև: Մասնավորապես` պետք է ապահովի արագագործ և ճկուն մեխանիզմներ` հնարավորություն տալով գործարարներին և ներդրողներին նախարարության միջոցով կարգավորելու տարբեր պետական մարմինների հետ առաջ եկած տարաբնույթ խնդիրները: Այսպիսի մոտեցումը միաժամանակ նախարարության համար ավելի տեսանելի կդարձնի ներդողների և ձեռներեցների տեսանկյունից բարդությունները և կնպաստի դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների կիրառմանը:

Ձևավորել է գործարար համայնքի հետ առավել արդյունավետ համագործակցության բազմամակարդակ ինստիտուցիոնալ հարթակ, որը հնարավորություն է ընձեռում քննարկումների արդյունքում բացահայտել յուրաքանչյուր թիրախային խմբին բնորոշ խոչընդոտները, այդ թվում` օրենսդրական, և իրականացնել միջոցառումներ կոնկրետ ուղղություններով: Հարթակը նաև հնարավորություն է ընձեռում համատեղ քննարկելու և լուծումներ գտնելու ձեռներեցության զարգացման պետական աջակցության առկա գործիքակազմի վերանայման ուղղությամբ:

Հաջորդ քայլը «բիզնես հաշտարարարի» ինստիտուտի ներդրման նպատակով դրա հայեցակարգի մշակումն է և համաձայնությունը գործարար համայնքի հետ: Այս ինստիտուտը նախատեսվում է գործարկել 2018 թվականին` նպատակ ունենալով առանց բյուրոկրատական քաշքշուկների փոխշահավետ և փոխադարձաբար ընդունելի լուծումներ առաջարկել պետական իրավասու մարմնի և գործարարի միջև առաջացած վեճերի և անհամաձայնությունների դեպքում:

Խոսենք ներդրումներից: Մեր երկրում ներդրումների, հատկապես՝ օտարերկրյա ուղղակի ներդրումների անհրաժեշտության մասին խոսվում է գրեթե ամեն օր: Վերջերս էլ Դուք հայտարարեցիք 452 միլիոն դոլարի ներդրումային ծրագրերի մասին: Որքանո՞վ են դրանք իրատեսական, և ի՞նչ ակնկալիքներ ունեք:

— Ինչ վերաբերում է այս տարի ակնկալվող ներդրումներին, ապա հարկ է նշել, որ դրանք իրատեսական են. բոլորը: Դրանք այն կոնկրետ ծրագրերն ու ընկերություններն են, որոնց հետ մենք սերտորեն աշխատում ենք և աջակցում ենք պետության կողմից սահմանված աջակցության ողջ գործիքակազմով: Խոսքը թե՛ հարկային, մաքսային արտոնությունների, թե՛ ֆինանսական աջակցության գործիքների և թե՛ խորհրդատվության ու աջակցության այլ մեխանիզմների մասին է: Ուստի, ինչպես նշեցի, այդ ներդրումներն իրատեսական են, հիմնված են կոնկրետ ընկերությունների գործունեության և կոնկրետ աջակցության մեխանիզմների կիրառման վրա: Ինչպես գիտեք, հանրապետության վարչապետի ՌԴ այցի շրջանակներում արդեն իսկ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայ-ռուսական ներդրումային ֆոնդ ստեղծելու մասին: Ստեղծման աշխատանքներն ընթացքում են, մեր ակնկալիքները նույնն են և հիմնված են իրատեսական սպասումների վրա: ՌԴ-ից ներդրումներ սպասում ենք ոչ միայն նոր ստեղծվող ֆոնդի մասով, այլև մասնավոր հատվածի այլ գործընկերների, այդ թվում` մեր հայրենակիցների մասով:

Այս բոլոր ներդրումային ծրագրերի արդյունքում տնտեսական ինչպիսի՞ ցուցանիշներ եք ակնկալում արձանագրել:

— Ես բազմիցս նշել եմ, որ այս տարի մենք ակնկալում ենք առնվազն 3.2 տոկոս տնտեսական աճ: Իսկ ավելի ակտիվ և անխոնջ աշխատանքի դեպքում, համոզված եմ, կունենանք էլ ավելի բարձր ցուցանիշներ: Այս տեսանկյունից հունվար ամսվա ցուցանիշներն արդեն իսկ խոստումնալից են:

Բազմիցս խոսվել է Հայաստանի ներդրումային միջավայրի մասին, որ մենաշնորհները, փոքր շուկան, կոռուպցիան, հակամրցակցային դրսևորումները, հովանավորչությունը, հարկային վարչարարությունը, փակ սահմանները, պատերազմական իրավիճակը և այլ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ խանգարում են մեր երկիր ավելի շատ ներդրումների ներհոսքին. Դուք ինչպե՞ս եք պատկերացնում այս խնդիրների լուծումը` խոչընդոտների հաղթահարումը:

— Մենք որդեգրել ենք ներդրումային և գործարար միջավայրի բարելավման ակտիվ քաղաքականություն: Բարեփոխումներ են իրականացվում բիզնեսով զբաղվելու հետ առնչվող բոլոր ոլորտներում: Մենք նախաձեռնել ենք «Օտարերկրյա ներդրումների մասին» օրենքի վերանայումը, որով օտարերկրյա ներդրողների պաշտպանությունը կբարձրացվի նոր, ավելի առաջադեմ և ժամանակակից մակարդակի: Կրճատվում և պարզեցվում են բազմաթիվ ընթացակարգեր` կապված ինչպես տարբեր թույլտվությունների ստացման, այնպես էլ առհասարակ ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ:

Ավելի արդյունավետ պետական ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով անհրաժեշտ է բարձրացնել Հայաստանի` որպես ներդրումների իրականացման ապահով և շահեկան վայրի ճանաչելիությունը: 2017թ. մարտի երրորդ տասնօրյակում նախատեսվում է կազմակերպել Հայ-Էմիրաթական ներդրումային համաժողով, ինչպես նաև 2017 թ. փետրվարի երրորդ տասնօրյակում` ներդրումային համաժողով Ֆրանսիայում:

Արդեն քանիերորդ տարին է, ինչ խոսվում է արտահանմանը միտված տնտեսական քաղաքականության մասին, բայց այդպես էլ լուրջ տեղաշարժեր մեր երկրի արտաքին առևտրի հաշվեկշռում չենք նկատում. ի՞նչ քայլեր եք պատրաստվում իրականացնել արտահանումը խրախուսելու և ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ:

— Ինչպես հայտնի է, կառավարության գործունեության ռազմավարական խնդիրներից մեկը արտահանմանն ուղղված արտադրության խթանումն է, որին հասնելու նպատակով իրականացվել և շարունակում են իրականացվել համալիր միջոցառումներ, որոնց արդյունավետ կիրակումը տեսանելի է անգամ կարճաժամկետ հատվածում: 2016 թ. արտահանումը աճել է 20.0 տոկոսով, իսկ ներմուծումը` 1.6 տոկոսով: Արտահանման նկատմամբ ներմուծման համեստ աճով պայմանավորված` Հայաստանի առևտրաշրջանառության կառուցվածքում արտահանման մասնաբաժինն աճել է շուրջ 4 տոկոսային կետով:

Պաշտոնական վիճակագրությունը մեզ ասում է, որ 2017 թ. հունվարին էապես աճել է արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ (36.5 տոկոսով արտահանման աճ): Նպատակ ունենալով ամրապնդել ձեռքբերումները` կառավարությունը շարունակում է քայլեր ձեռնարկել ներմուծումը տեղական արտադրանքով փոխարինելու ուղղությամբ, դիտարկվում են ներմուծման փոխարինման մեխանիզմների տարբեր հնարավորություններ, այդ թվում՝ համարժեք փոխարինող ապրանքներ, որոնց արտադրության կազմակերպումը տեղում կարող է լինել շահավետ և մրցունակ ներմուծվողների նկատմամբ, ապրանքներ, որոնց արտադրությունը տեղում կազմակերպելը շահավետ է և դրանք մրցունակ են շուկայում, սակայն գոյություն ունեցող նման արտադրությունների կարողությունները սահմանափակ են կամ տեղում նման արտադրություն չի կազմակերպվում:

Արտահանման խթանման համար կպարզեցվեն արտահանողներին ԱԱՀ-ի վերադարձման մեխանիզմները և կսահմանվեն ԱԱՀ-ն արտահանողներին վերադարձնելու ժամկետների փուլային կրճատման մոտեցումները: Կքննարկվեն և կառավարության հաստատմանը կներկայացվեն արտահանման աջակցության նոր գործիքների ներդրման մոտեցումներ: Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների հետ ակտիվ աշխատանքներ կտարվեն հայկական ապրանքների արտահանման աջակցության մինչ այժմ չօգտագործված նոր հնարավորություններ բացահայտելու և դրանք կիրառելու ուղղությամբ:

Կշարունակվեն աշխատանքները կազմակերպվելիք ցուցահանդեսներին և գործարար համաժողովներին հայկական ընկերությունների ակտիվ մասնակցության ապահովման ուղղությամբ և այլն:

Իսկ ի Դուք՝ որպես նախարար, ի՞նչ եք փորձում անել հենց հիմա, որո՞նք են անձամբ Ձեր գերակա խնդիրները կամ ծրագրերը, որ պետք է իրականացնեք առաջին հերթին:

— Ես կառանձնացնեի հետևյալ առաջնային խնդիրները. վեր հանել և վերացնել երկրում ներդրումների իրականացմանը և ձեռներեցության զարգացմանը խոչընդոտող բոլոր վարչարարական արգելքներն ու ավելորդ ընթացակարգերը: Ստանձնել երկրում ներդրումային ակտիվության խթանողի գործառույթը և ուղղակիորեն մասնակցել Հայաստանի համար առանցքային ներդրումային ծրագրերի իրականացմանը: Աաշխատել բոլոր ներդրողների հետ, որպեսզի ապացուցենք, որ Հայաստանում բիզնեսով զբաղվելը և ներդրումներ կատարելը ապահով է, անվտանգ և պարզապես շահավետ: Նպաստել մեր ապրանքների արտահանմանը, վերացնել արտաքին շուկաներում առկա խոչնդոտները, նպաստել մեր ապրաքատեսակների ճանաչելիության բարձրացմանը:

Աղբյուրը` այստեղ