Պետրոս Մախոխյան
Ծնվել է 1867 թ. Թուրքիայի Տրապիզոն քաղաքում:
Բազմակողմանի զարգացած և Տրապիզոնում հարգված վաճառական Արիստակես Մախոխյանի բազմանդամ ընտանիքում եղել են երկու դուստր և չորս ուստր, որոնք բոլորը ստացել են կրթություն:
Նրանցից երկուսը` Օննիկը և Քրիստափորը զոհվել են 1915 թ. Թուրքիայում իրագործված Հայոց Մեծ Եղեռնի ընթացքում:
Կրտսեր եղբայրը ֆրանսահայ անվանի նկարիչ Վարդան Մախոխյանն է (1869-1937):
Պետրոսը գրվել է նաև Պյեր Մախոխյան, Docteur Pierre Mahokian, Mahokian P.-M. (Dr), ծածկանունը` P. M.:
1882 թ. ավարտել է Տրապիզոնի Պերպերյան դպրոցը (լիկէոնը):
1882 թ. կրտսեր եղբոր` Վարդանի հետ գնացել են Կարին և ուսումը շարունակել տեղի Սանասարյան վարժարանում, որը բացվել էր 1881թ.:
Ուսանել է Ժնևի և Փարիզի համալսարանների բժշկական ֆակուլտետներում:
1893 թ. ավարտել է Բեռլինի համալսարանի բժշկական ֆակուլտետը:
1893 թ. վերադարձել է Թուրքիա և բնակվել Կ. Պոլսի Բերա թաղամասում:
Այնուհետև մի քանի տարի Լոնդոնում մասնագիտացել է ներքին, նյարդային և հոգեկան հիվանդությունների գծով:
Վերադառնալով Կ. Պոլիս շարունակել է աշխատել որպես ուղեղանյարդային հիվանդությունների բժիշկ:
1904 թ. դրությամբ ապրել և աշխատել է Եգիպտոսում:
1904 թ. օգնել է եղբորը` արդեն անվանի նկարիչ Վարդանին Եգիպտոսի Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում կազմակերպելու նրա` շուրջ 150 աշխատանքների ցուցահանդեսները, որոնք մեծ ընդունելություն են գտել հայերի և օտարների կողմից:
1915 թ. Թուրքիայում, և մասնավորապես Տրապիզոնում, տեղի ունեցած ողբերգական դեպքերից հետո Մախոխյանների ընտանիքը տեղափոխվել է Բաթում, որտեղ գտնվում էր նրանց վաճառականական տան մասնաճյուղը:
Հետագայում Պետրոսը տեղափոխվել է Ֆրանսիա և շարունակել աշխատել իր մասնագիտությամբ:
1926 թ. դրությամբ Նիցցայում աշխատել է որպես բժիշկ:
1943 թ. Փարիզում հանդիսավորությամբ նշվել է նրա բժշկական գործունեության 50-ամյա հոբելյանը:
Եղել է լայն մտահորիզոնի տեր անձնավորություն:
Զբաղվել է նաև գրական գործունեությամբ:
Եղել է հայոց պատմության և հայկական հարցի խորագիտակ գիտնական:
Հեղինակ է գերմաներեն, ֆրանսերեն, հայերեն լեզուներով գրած գիտական, դիվանագիտական և բանասիրական աշխատությունների:
Կինը եղել է անգլուհի, որի հետ ծանոթացել և ամուսնացել է Լոնդոնում բնակվելու տարիներին: Երեխա չի ունեցել:
Մահացել է 1944 թ. Փարիզում:
Հավանաբար թաղվել է Նիցցայի գերեզմանատանը, որտեղ թաղված է եղբայրը` նկարիչ Վարդան Մախոխյանը:
1919 թ. հունվարի 9-ին լույս տեսած «Eclaireur» -ը մասնավորապես գրել է, որ Ազգերի ընկերակցության (Միացյալ ազգերի կազմակերպություն` ՄԱԿ — ՀՄ) առաջին գաղափարը, դեռևս նախագահ Վիլսոնից առաջ, 1916 թ-ից սկսած բժիշկը` P. M. ստորագրությամբ բազմաթիվ հոդվածներ է տպագրել լրագրերում և առանձին գրքույկներով: Հեղինակը հավաստում է, թե բժշկի «De la meilleure utilisation de la victoire. Le projet de paix offensive» և մյուս հոդվածները լուրջ ուսումնասիրություններ են աշխարհում խաղաղություն հաստատելու ուղղությամբ: Նշել է, թե պարոն P. M.-ն Պետությունների ընկերակցությունը կոչել է ուղղակի «Միություն» և հանգամանորեն շարադրել նրա ֆունկցիաները, իրավունքներն ու պարտականությունները:
Աղբյուրն ՝ այստեղ