ԿԱՐԵՆ ՎԵՐԱՆՅԱՆ. ՈՒՂԵՂՆԵՐԻ ԱՐՏԱՀՈՍՔԸ ԽՈՑԵԼԻ Է ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Մտավոր կապիտալ. Համաշխարհային միգրացիոն գործընթացներն էական ազդեցություն են թողնում ազգ-պետություններում մարդկային կապիտալի (ՄԿ) պահպանման և զարգացման հարցերի վրա: Առավել խնդրահարույց են համաշխարհային միգրացիոն հոսքերի ազդեցության համատեքստում երկրների ՄԿ և հատկապես վերջինի մտավոր կապիտալի կամ ներուժի (հանդիպում է նաև «ինտելեկտուալ կապիտալ» ձևակերպումը) կուտակումն ու վերարտադրումը: Ինչպես ցույց են տալիս միջազգային հետազոտությունները, զարգացող երկրների քաղաքական վերնախավերը, որպես կանոն, լուրջ խնդրի առջև են կանգնում տեղի բնակչության մտավոր կապիտալի կուտակման և զարգացման գործում, քանի որ բարձր որակավորում ունեցող մասնագետներից շատերը ձգտում են իրենց մտավոր ռեսուրսները ներդնել առավել զարգացած ու բարեկեցիկ երկրներում։ Տվյալ պետության ՄԿ և նրա մտավոր ռեսուրսների վերարտադրողականության ցիկլի պահպանման գործընթացը պայմանավորված է տվյալ երկրի բնակչության բարեկեցության ընդհանուր մակարդակով, առկա քաղաքական ինստիտուտների կայացածությամբ, ինչպես նաև հասարակության ազգային բարոյահոգևոր, արժեքաբանական ընդհանուր ընկալումներով և կողմնորոշումներով:

Մասնագիտական գրականությունում շատ է հանդիպում ազգային մտավոր կապիտալ հասկացությունը։ Ազգային մտավոր կապիտալը տվյալ ազգ-պետությունում մտավոր ռեսուրսների ամբողջությունն է (նյութական և հոգևոր արդյունքները)։ Նշենք, որ համաշխարհային ՏՏ ոլորտի թռիչքաձև զարգացման ներկա տեմպերի պայմաններում հատկապես խոցելի են դարձել ազգային մտավոր կապիտալի պահպանումն ու զարգացումն առաջին հերթին փոքր ազգ-պետությունների համար։

Զարգացած երկրների պարագայում ազգային մտավոր կապիտալ հասկացության շրջանակներն առավել ընդգրկուն են և ներառում են նաև այլ երկրներում այս կամ այն ոլորտում ներդրված իրենց մտավոր կապիտալի մի հատվածը։ Ի տարբերություն զարգացած երկրների, փոքր տնտեսություններ ունեցող զարգացող երկրների դեպքում ազգային մտավոր կապիտալի ներդրումներն այլ երկրների տնտեսություններում (հիմնականում՝ գիտության, կրթության, բժշկության ոլորտներում համատեղ ծրագրեր, գյուտեր և այլն), որպես կանոն, չունեն մտավոր ներդրումների արդյունքների հետադարձ ազդեցություն։

«Ուղեղների արտահոսք». պատճառները և հետևանքները. Պետությունից մտավոր կապիտալի «արտագաղթին» կամ, ինչպես ընդունված է միջազգային պրակտիկայում՝ «ուղեղների արտահոսքին» (brain drain) կարող են նպաստել միջազգային, տարածաշրջանային, ինչպես նաև ներպետական նշանակության քաղաքական կամ տնտեսական կատակլիզմները։ Հարկ է նշել, որ «ուղեղների արտահոսք» հասկացությունն առաջին անգամ կիրառվել է 1950-ականների սկզբներին, երբ անգլիացի գիտնականները տեղափոխվում էին Միացյալ Նահանգներ: Ինչպես ասվեց, երկրից մտավոր ներուժի արտահոսքին նոր թափ են հաղորդում համաշխարհային ՏՏ զարգացման ներկա տեմպերը, որոնք լայն հնարավորություններ են ստեղծում բարձրակարգ մասնագետների համար՝ իրենց մասնագիտական հմտություններն առավել բարեկեցիկ ու զարգացած երկրներում ներդնելու առումով:

Հասարակության մտավոր ներուժի, բարձրակարգ մասնագետների արտահոսքը, որպես կանոն, էական ազդեցություն է ունենում տվյալ երկրի տնտեսության զարգացման, հասարակության բարեկեցության ապահովման հարցերի վրա: Երկրի տնտեսության զարգացման համար անհրաժեշտ-կրիտիկական մտավոր ռեսուրսների բացակայությունը կարող է երկիրը կանգնեցնել տնտեսական և քաղաքական լրջագույն ճգնաժամերի շեմին:

Հասարակության մտավոր ներուժը, լինելով տնտեսության զարգացման կարևորագույն նախապայման, տրամաբանորեն առանցքային դերակատարություն ունի նաև երկրի ֆինանսական կապիտալի ձևավորման և կուտակման գործում: Հետևաբար, երկրից «ուղեղների արտահոսքը» զրկում է տվյալ հասարակությանը ոչ միայն արժեքավոր ՄԿ-ից և, առավել ևս՝ նրա մտավոր ռեսուրսներից, այլև նպաստում է ֆինանսական ազգային կապիտալի դուրսմղմանն արտերկիր և վերջինիս ներդրմանն այլ երկրներում:

Միջազգային փորձագիտական գնահատականներով՝ յուրաքանչյուր բարձրակարգ մասնագետի արտագաղթի հետևանքով պետության տնտեսության համընդհանուր կորուստները (մտավոր, նյութական-ֆինանսական), ներառյալ՝ կողմնակի, ածանցյալ կորուստները, կարող են գնահատվել մինչև 1 մլն դոլար1:

Ինչպես ցույց են տալիս միջազգային հեղինակավոր կազմակերպությունների (Համաշխարհային բանկ, Արժույթի միջազգային հիմնադրամ և այլն) փորձագիտական գնահատականները, «ուղեղների արտահոսքից» զգալիորեն տուժում են հատկապես փոքր տնտեսությամբ զարգացող երկրները: 2004թ. հրապարակվեց Լինդսի Լոուելի, Ալան Ֆինդլիի և Էմմա Սթյուարթի հիմնարար հետազոտությունը (Brain Strain:Optimising Highly Skilled Migration From Developing Countries), որում փորձագետները եկան այն եզրահանգման, որ բարձրագույն կրթության դիպլոմ ունեցող գրեթե յուրաքանչյուր 10-րդ անհատ, որպես կանոն, ծնվել է զարգացող երկրում, իսկ զարգացող երկրներում ծնված գիտնականների և ինժեներների 30-50%-ը բնակվում ու աշխատում է աշխարհի զարգացած երկրներում2: Այլ տվյալներով՝ այդ ցուցանիշները, պայմանավորված տարածաշրջանային քաղաքական կամ տնտեսական խոր ճգնաժամերով, հասնում են մինչև 55-60%-ի:

Մասնագիտական գրականությունում ընդունված է նաև «ուղեղների վատնում» (Brain Waste) հասկացությունը, որը հատուկ է զարգացող շուկայական հարաբերություններ ունեցող պետություններին: Այն բնութագրում է մի իրավիճակ, երբ երկրի տնտեսությունը չի կարողանում ամբողջությամբ ներգրավել հասարակությունում առկա մտավոր բոլոր ռեսուրսները, ինչի հետևանքով մտավոր ներուժի ձևավորման և զարգացման գործում պետության իրականացրած հսկայածավալ երկարաժամկետ նյութական, ֆինանսական ներդրումների մի հատված ուղղակի «փոշիանում» է: «Ուղեղների վատնման» երևույթը կարող է պայմանավորված լինել տվյալ պետության աշխատաշուկայի սահմանափակ լինելու հանգամանքով:

«Ուղեղների արտահոսքի» զսպման մեխանիզմները. Հասարակության մտավոր ներուժը հնարավոր է գնահատել ինչպես նրա քանակական, այնպես էլ որակական չափորոշիչներով: Որքան բարեկեցիկ և զարգացած է տվյալ հասարակությունը, որքան կայացած են ժողովրդավարական ինստիտուտներն ու քաղաքական համակարգը, այնքան բնակչության ընդհանուր թվաքանակին համամասնորեն համաչափ են նրա մտավոր ռեսուրսների քանակական-որակական ցուցանիշները:

Որոշ զարգացող երկրներ ազգային մտավոր ներուժի պահպանման և «ուղեղների արտահոսքի» զսպման նպատակով ընդունել են բարձրակարգ մասնագետների արտագաղթը սահմանափակող իրավական դրույթներ: Սակայն միջազգային փորձը ցույց է տալիս, որ նման սահմանափակումներն այնքան էլ արդյունավետ չեն «ուղեղների արտահոսքի» կանխման համար և, որպես կանոն, պետություններին կանգնեցնում են տնտեսական և քաղաքական նշանակության առավել խորքային խնդիրների առջև։ Հարցն այն է, որ «ուղեղների արտահոսքը» միանշանակ չի ենթադրում բարձրորակ մասնագետների ֆիզիկական արտագաղթ երկրից։ Ներկա տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս մտավոր ռեսուրսները կուտակել կամ ներդնել այլ երկրների տնտեսական միջավայրում՝ առանց մտավոր ներուժի ֆիզիկական արտագաղթի:

Մյուս կողմից, «ուղեղների արտահոսքի» հետ այս կամ այն չափով բախված զարգացող երկրներից շատերը փորձում են տարբեր իրավական, տնտեսական նշանակության բարեփոխումների միջոցով երկրում տնտեսական-քաղաքական դրական միջավայր ապահովել՝ ազգային մտավոր կապիտալի զարգացման նպատակով: Խնդրի կարգավորման հիմնական տարբերակներից մեկը վերաբերում է այսպես կոչված «ուղեղների փոխանակման» երևույթին, որի համաձայն՝ տվյալ պետությունը փորձում է ոչ թե վերադարձնել ազգային մտավոր կապիտալը, այլ օտար երկրի կամ երկրների հետ իրականացնել մտավոր ռեսուրսների փոխանակման ծրագրեր: Սակայն, ի տարբերություն ազգային մտավոր կապիտալի, այլ երկրների հետ մտավոր ռեսուրսների փոխանակման ծրագրերը, որպես կանոն, չեն կարողանում ապահովել տնտեսությունում օտարերկրյա մտավոր ներուժի ներգրավումից ակնկալվող արդյունքները, որի հիմնական պատճառներից են օտարերկրյա մտավոր կապիտալի ներդրման բարձր վարձատրության ֆինանսական պահանջները: Վերջին հանգամանքն առավել բնորոշ է զարգացած երկրներից դեպի զարգացող տնտեսություններ օտարերկրյա մտավոր կապիտալի ներգրավման դեպքերին:

Զարգացող երկրներում հաճախ կարելի է հանդիպել ազգային մտավոր կապիտալի ներդրման մեկ այլ տարածված մոդելի, որը միջազգային պրակտիկայում հայտնի է որպես «ուղեղների արտահանում» (Brain Export) կամ «ուղեղների շրջանառություն» (Brain Circulation)3: Ըստ այդ մոդելի, տվյալ պետությունում ստեղծելով տեղական կրթական հիմնադրամ կամ կազմակերպություն և այս ուղղությամբ ներգրավելով ազգային մասնավոր (հազվադեպ՝ նաև պետական) ֆինանսական զգալի կապիտալ՝ ազգային մտավոր ռեսուրսների մի հատված ուղարկվում է արտերկիր ուսուցման, վերաորակավորման նպատակով:

Մոդելն իր առջև խնդիր է դնում ուսուցման արդյունքում արտերկրից վերադարձնել նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերած, վերապատրաստում անցած ազգային մտավոր ներուժի այդ հատվածը և այն ներդնելով տեղի տնտեսությունում՝ ստանալ ակնկալվող բարձր արդյունավետություն: Սակայն պետք է նշել, որ զարգացող երկրներում այս մոդելը հիմնականում ձախողվում է, քանի որ այդ մտավոր ներուժի ճնշող մեծամասնությունը, որպես կանոն, չի վերադառնում հայրենիք, նախընտրում է իր մասնագիտական հնարավորությունները ներդնել առավել բարեկեցիկ երկրում և դրանով իսկ «փոշիացնում» է ազգային մտավոր կապիտալի կրթության ապահովման վրա ներդրված հսկայածավալ ազգային ֆինանսական ու նյութական միջոցները:

Հարցի կարգավորման համար զարգացող երկրներում փորձել են մշակել արտերկրում ուսուցում և բարձր որակավորում ստացած մասնագետների վերադարձման իրավաքաղաքական մեխանիզմներ, սակայն, որպես կանոն, դրանք հիմնականում չեն կարողացել արդարացնել ակնկալիքները: «Ուղեղների շրջանառության» մոդելը կարող է արդյունավետ լինել զարգացած երկրների պարագայում, որոնք, մի կողմից, հնարավորություն են ստանում զարգացնել արտերկրում իրենց ազգային մտավոր կապիտալն ու բարձրացնել վերջինի վարկանիշը, մյուս կողմից՝ ամրապնդում են համագործակցությունն արտերկրի մտավոր ներուժի հետ:

Զարգացած երկրները, որտեղ գիտության և հետազոտությունների վրա ծախսվում են զգալի ֆինանսական միջոցներ, կարողանում են գրավիչ միջավայր ապահովել արտերկրից օտարազգի մտավոր կապիտալի ներկրման հարցում, որն առավել հայտնի է որպես «ուղեղների ներհոսք» (Brain Gain)։ Արտերկրից «ուղեղների ներհոսքի» ապահովման հարցում զգալի հաջողություններ են արձանագրել Միացյալ Նահանգները, Կանադան, եվրոպական առաջատար երկրները (Գերմանիա, Մեծ Բրիտանիա): Մի քանի վիճակագրական տվյալներ ներկայացնենք։ Տարբեր հաշվարկներով, ԱՄՆ-ը գիտահետազոտական (Research and Development) ոլորտին տարեկան հատկացնում է շուրջ $475 մլրդ (2013թ.), ինչը կազմում էր երկրի ՀՆԱ 2.8%-ը։ Չինաստանը ոլորտի զարգացմանը տրամադրում է $409 մլրդ, երկրի ՀՆԱ 2.1%-ը (2015թ.)։ Հաջորդաբար բարձր են Ճապոնիայի ($170 մլրդ), Գերմանիայի ($108 մլրդ) ցուցանիշները: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանը գիտության 7 հետազոտությունների զարգացման համար տարեկան հատկացնում է ընդամենը $43 մլրդ՝ այդ ցուցակում զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը (դա կազմում է երկրի ՀՆԱ 1.2%-ը)4: Եվս մի քանի տվյալ. տարբեր հաշվարկներով՝ գիտահետազոտական, փորձարարա-կոնստրուկտորական աշխատանքներին ուղղված ԽՍՀՄ ներքին ծախսերը կազմում էին վերջինիս ՀՆԱ 5%-ը: Ընդ որում, 1985թ. վիճակագրությամբ, եթե հիմնարար հետազոտությունների ուղղությամբ ԽՍՀՄ և ԱՄՆ ֆինանսավորումը կազմում էր ընդհանուր գիտահետազոտական գործունեությանը հատկացվող ֆինանսավորման համապատասխանաբար 13 և 14%-ը, ապա կիրառական հետազոտությունների ֆինանսավորման հարցում ԽՍՀՄ մասնաբաժինն անհամեմատ գերազանցում էր ԱՄՆ ցուցանիշը՝ կազմելով 61%, իսկ ԱՄՆ-ը՝ համապատասխանաբար 22%: Ընդհանուր գիտահետազոտական աշխատանքների հաշվարկում փորձարարա-կոնստրուկտորական մշակումների ֆինանսավորման հարցում ԽՍՀՄ մասնաբաժինը կազմում էր ընդամենը 27%, Միացյալ Նահանգների համապատասխան ցուցանիշն անհամեմատ բարձր էր՝ 64%5։

Հայաստանի ազգային մտավոր կապիտալը. Ինչպես նշեցինք, «ուղեղների արտահոսքն» առավել խոցելի է հատկապես զարգացող և փոքր շուկայական տնտեսությամբ երկրների համար, ինչպիսին նաև Հայաստանն է: Կարելի է հաստատապես ասել, որ խորհրդային կարգերի ժամանակաշրջանում Հայաստանի մտավոր ներուժն իրապես ունեցավ թռիչքային զարգացում, ինչի արդյունքում խորհրդային ամբողջ տարածքում Հայաստանը ԽՍՀՄ մտավոր-գիտական կապիտալի համընդհանուր մասնաբաժնում Մոսկվայից հետո արձանագրում էր լավագույն ցուցանիշները՝ Ուկրաինայի և Բելառուսի կողքին:

Խորհրդային կարգերի փլուզումը խորքային ազդեցություն թողեց նաև Հայաստանի ազգային մտավոր կապիտալի պահպանման վրա: Ղարաբաղյան պատերազմը, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի քաղաքական ու տնտեսական շրջափակումն էապես խթանեցին Հայաստանից «ուղեղների արտահոսքը», ինչի հետևանքով երկիրը կանգնեց քաղաքական և տնտեսական ճգնաժամի առջև:

Ներկայում ևս Հայաստանը կանգնած է ազգային մտավոր կապիտալի կուտակման և վերարտադրման խնդրի առջև: Ինչպես ցույց են տալիս միջազգային հեղինակավոր վարկանիշային կազմակերպությունների փորձագիտական գնահատականները, Հայաստանի տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը երկրի ՄԿ և հատկապես դրա մտավոր ռեսուրսների արտահոսքն է: Արդյունքում՝ երկիրը կանգնել է ազգային մտավոր կապիտալի կուտակմանն ու վերարտադրմանն անհրաժեշտ սահմանային-կրիտիկական շեմին, որն արգելակում է քաղաքական, տնտեսական բարեփոխումների գործընթացը:

Մյուս կողմից, Հայաստանում գիտության ոլորտի պետական և մասնավոր ֆինանսավորման բավական ցածր ցուցանիշներն իրենց հերթին նպաստեցին երկրում մտավոր կապիտալի մեկ այլ կարևոր հատվածի մղմանը դեպի երկրի տնտեսության ոչ մտավոր գործունեության դաշտ, հիմնականում՝ առևտրի և հանրային ծառայությունների սպասարկման ոլորտներ: Մասնագիտական գրականությունում այս երևույթն առավել հայտնի է որպես «ուղեղների ներքին արտահոսք», երբ փոխվում է ոչ թե երկիրը, այլ գործունեության բնույթը կամ միջավայրը: Ավելին, «ձախողված երկրների» վարկանիշային վերջին տարեկան զեկույցների գնահատականների համաձայն, Հայաստանը «կաղում» է հատկապես ՄԿ և նրա մտավոր ռեսուրսների արտահոսքի ցուցանիշով, այն դեպքում, երբ, կրկին այդ զեկույցների տվյալներով, Հայաստանի ենթացուցիչների շարքում լավագույն արդյունքը գրանցվել է հանրային ծառայությունների բարեփոխումների ոլորտում:

Ներկայացնենք որոշ վիճակագրական տվյալներ. ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, Հայաստանում գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների գիտաշխատողների թվաքանակը 2015թ. ընդամենը 5044 էր, որից 4164-ը հետազոտողներ և տեխնիկներ էին, մնացածը՝ օժանդակ անձնակազմ։ Դժվար է չհամաձայնել, որ այս ցուցանիշները, մեղմ ասած, բավական համեստ են և, դժբախտաբար, համահունչ երկրում գիտության զարգացման ներկա տեմպերին։ Ինչպես ցույց է տալիս համեմատական վիճակագրությունը, գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը վերջին տարիներին նվազման միտում է արձանագրել։ Եթե 2011թ. ոլորտում ներգրավված էր շուրջ 5718 գիտաշխատող, իսկ 2013թ.՝ 5230, ապա 2015թ., ինչպես նշեցինք, գիտական հետազոտություններ և մշակումներ կատարող կազմակերպությունների աշխատողների թվաքանակը 5044 էր։ Նշենք նաև, որ 2014թ. գրանցվել է ցուցանիշի շեշտակի աճ՝ 5627, որը կտրուկ նվազել է հաջորդ տարվա արդյունքներում6։

Տարբեր երկրներ հասարակության մտավոր ռեսուրսների զարգացման գործում ներգրավել են նաև իրենց սփյուռքի մտավոր հնարավորությունները։ Հայաստանն աշխարհի սակավաթիվ երկրներից է, որն ունի ազդեցիկ սփյուռք: Խորհրդային կարգերի փլուզումից հետո Հայաստանում ազգային մտավոր կապիտալի զարգացման հարցում երկրի իշխանությունները տարբեր ծրագրերում փորձել են ներդնել նաև հայկական սփյուռքի մտավոր ռեսուրսները: Սփյուռքի մտավոր ներուժը նույնպես հայության ազգային մտավոր կապիտալի կարևոր բաղկացուցիչն է: Հայաստանի խնդիրն է՝ երկրում ձևավորել բարենպաստ միջավայր՝ հայության մտավոր կապիտալի ներհոսքի ապահովման և արդյունավետ ներդրման համար:

Մինչև վերջին տասնամյակները միջազգային պրակտիկայում, որպես կանոն, սփյուռք-պետություն փոխհարաբերություններում առաջնային նշանակություն է տրվել ֆինանսական ազգային կապիտալի կուտակմանը՝ որպես երկրի տնտեսության զարգացման կարևոր նախապայման: Վերջին տասնամյակներում, պայմանավորված նաև գիտատեխնոլոգիական առաջընթացով, առաջնակարգ նշանակություն է ստանում սփյուռքի մտավոր կապիտալը՝ որպես տվյալ պետության զարգացման գրավական: Այս տեսանկյունից, հայկական սփյուռքը բացառություն չէ, քանի որ դեռևս մեծ նշանակություն ենք տալիս հայկական համայնքների ոչ այնքան մտավոր, որքան ֆինանսական կապիտալի ներգրավմանը Հայաստանի տնտեսության զարգացման գործին: Թեև հայաստանյան իրականությունում հայկական սփյուռքի մտավոր ռեսուրսների ներդրման գործընթացը ֆինանսական կապիտալի համեմատ շատ ավելի բարդ է և խորքային, սակայն դրա իրացման պարագայում այն կարող է ենթադրել ակնկալվող արդյունքների բարձր արդյունավետություն և երկարաժամկետ հեռանկարներ:

Հիմնական հարցերից մեկն էլ այն է, որ թեև հայկական սփյուռքը տիրապետում է զգալի մտավոր կապիտալի, սակայն այսօր բավական բարդ է սահմանել կամ հստակեցնել՝ այդ մտավոր կապիտալի ո՞ր մասն է համարվում ազգային, որը՝ ոչ։ Առաջին հայացքից և, թերևս, թյուրիմացաբար կարելի է հաստատել, որ ազգային մտավոր կապիտալի այդ հատվածի կրողները մեր հայրենակիցներն են, հետևաբար՝ կապիտալը նույնպես հայկական է։ Այն դեպքում, երբ այստեղ առաջնային խնդիրը պարզելն է, թե որքանով է հայկական սփյուռքի մտավոր կապիտալը մասնակցում Հայաստանի և համայն հայության ազգային մտավոր կապիտալի կուտակման ու զարգացման գործին։ Դժբախտաբար, սփյուռքահայության մտավոր կապիտալի մեծ հատվածը ներդրվում է բնակության երկրի տնտեսությունում, և, թերևս, քիչ ծավալն է բաժին հասնում Հայաստանի ու հայության ազգային կապիտալին:

Սակայն այս հարցում կա նաև հուսադրող գործոն, այն է՝ մերօրյա տեղեկատվական-հեռահաղորդակցական տեխնոլոգիաների առաջընթացը մեծ հնարավորություններ է տալիս դեպի Հայաստան արտերկրի հայկական համայնքների մտավոր կապիտալի ներհոսքի հարցում՝ առանց այդ մտավոր կապիտալը կրողների ֆիզիկական ներգաղթի: Այս ուղղությամբ անհրաժեշտ հնարավոր գործնական քայլերից պետք է համարել հայաստանյան և արտերկրի հայկական համայնքների միջև գիտատեխնոլոգիական, կրթական համատեղ միջնաժամկետ, երկարաժամկետ ծրագրերի նախաձեռնումը, որը կշահագրգռի սփյուռքի մեր հայրենակիցներին՝ իրենց գիտական, կրթական կապիտալը մասնակիորեն ուղղել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

1 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

2 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

3 http://gtmarket.ru/laboratory/expertize/2008/1653

4 https://data.oecd.org/rd/gross-domestic-spending-on-r-d.htm

5 Nelson R., National Innovation System. New York, Oxford, 1993.

6 http://armstat.am/file/doc/99499403.pdf